-Գիտե՞ս` քանի անգամ եմ մեծ այգի տնկել։ Էս մեկը` վերջինը` էստեղ։ Ցուրտը չի տանի, չէ՞։ Ի՞նչ են գրում եղանակից, քուր ջան։
Տաքսու վարորդն է` արցախցի, պատկառելի տարիքի։ Մի քանի սերունդ այգի տնկած տարիքի է։
Ես չեմ խոսում, վախենում եմ հարցնել` իսկ քանի՞ այգի եք տնկել։
֊Հետո ասում եմ` գրել են, որ չի տանի, հաստատ չի տանի, հանգի՛ստ եղեք։
Բայց սիրտս է ցրտահարվում հերթական անգամ ու կծկվում։
Արցախցի աշակերտուհուս եմ հանկարծ հիշում, որ հարցրի` ինչն էր Մուրացանի կենսագրության մեջ, որ ուրախացրեց քեզ.
-Ուրախացրեց այն, որ Շուշիում է ծնվել։
-Իսկ ի՞նչը տխրեցրեց քեզ նրա կենսագրությունը կարդալիս:
-Էլի Շուշին...,- պատասխանեց։
Այգին` երևի դժվար թե, բայց սիրտներս է ցրտահարվում ամեն անգամ ու շարունակ, քանի որ սա ոչ թե պատմություն է կամ ավելորդ դրամատիզմ, այլ մեր կյանքն ու կենսագրությունը` ծնված օրից էս արև աշխարհում։
Էսպես ենք ապրել։
Ժաննա Հայրապետյան