Ախր, խնդիրը բարձրակարգ ու ցածրակարգ երաժշտությունը չի, ճաշակովն ու անճաշակը չի։ Ո՛վ ա ասել, թե արևմտյան երգերից կուրորեն ընդօրինակված երգերն ավելի ճաշակով են։ Բոլորովին։ Կամ ո՛վ ա ասել, թե ջազը կամ դասական երաժշտությունը թուրքական երաժշտությունից ավելի բարձրակարգ ա։ Ամեն մեկն իր տեղն ունի, իր արժեքն ու լսարանը։
Խնդիրն այլ ա՝ բազմամիլիոն թուրքական մշակույթով շրջապատված ու դարերով նրանց տիրապետության տակ գտնված փոքր ազգի համար ծայրահեղ դժվար ա պահպանել իր ինքնությունը, առավել ևս՝ որ էդ ինքնությունը ոչնչացնելու համառ փորձեր են արվում։ Իսկ ինչ ա նշանակում դժվար։ Դժվարը բառ չի, որ ասեցինք՝ անցավ-գնաց։ Դժվարը ջանք ա, գործողություն ա։ Դժվար նշանակում ա ճիգ թափել, հաճախ նշանակում ա անել էն, ինչը քեզ դուր չի գալիս ու չանել էն ինչը դուրդ գալիս ա, ինչ-որ բան զոհել, թեկուզ՝ փոքր հաճույքներդ, ասենք՝ քեֆդ մի քիչ տխուր անել կամ քյաբաբդ լռության մեջ ուտել, եթե դա պետք ա։ Դա էն նվազագույնն ա, որ կարող ես անել։
Չէ՛, խնդիրը ճաշակը չի, այլ վտանգն ա։ Երբ դարերով թուրքական երաժշտության մեջ ապրած ազգին էդ նույն թուրքականը մատուցում են հայկական բառերով, նա դա ընդունում ա որպես իր սեփական, հարազատ երաժշտություն։ Բոլորը երաժշտագետ չեն, որ վերլուծեն ու հասկանան։ Չէ՛, ի՞նչ օտար, մանկուց լսում ա։ Պատկերացրեք՝ ձեզ շաքարախտ են ախտորոշել՝ քաղցրը հակացուցված ա, իսկ ձեր սիրելի բարեկամը սիրուն, տապակած, խուճուճ ծաղկակաղամբի տեսքով տորթ ա թխում ու մատուցում ձեզ։ Ա՛յ տենց էլ՝ թուրքական երաժշտությունը մեր հանդերձներով սողոսկում ա մեր ինքնության մեջ, սպանում ա, դուրս ա մղում մեր ազգային երաժշտությունը, որը տարբեր ա դրանից, բայց շատ թույլ, անպաշտպան վիճակում ա գտնվում։
Երաժշտութունն ազգի ինքնության ամենակարևոր գործոններից մեկն ա։ Իսպանացուն ու ռուսին, արաբին ու վրացուն կարելի է անգամ խոսքով չճանաչել, բայց երաժշտությամբ անմիջապես ճանաչում ես։ Իսկ մեր երաժշտական ինքնությունն արդեն վաղուց լղոզված ու անճանաչելի ա։ Հայկական երաժշտությամբ արդեն աշխարհում ոչ ոք հային չի ճանաչում, անգամ հայն իրան չի ճանաչում, չնայած մենք ունենք ուրույն, բոլորից տարբերվող, աննկարագրելի գեղեցիկ երաժշտություն՝ զուսպ, լակոնիկ, թափանցիկ, արտահայտիչ։ Իսկ վաղը թուրքը կասի, որ մենք գողացել ենք իր երաժշտությունը՝ ի՜նչ ազգ, որն իր երգը չունի ու ուրիշից ա գողանում։ Ու ճիշտ կլինի, գիտականորեն կապացուցի ամբողջ աշխարհին, նա արդեն նյութերը պատրաստում ա։
Ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին արգելել, որ իր ուզած երաժշտությունը լսի։ Դա նրա իրավունքն ա։ Բայց նա պետք ա անպայման հասկանա դրա գինը։ Նա պիտի իմանա, որ լսում ա թուրքի երաժշտությունը ու իր մի մարդկային միավորով սպանում ա հայկական ինքնությունը։ Ու, որ ավելի կարևոր ա՝ նա պիտի իմանա, որ իր շրջապատը, իր ընկերները, հարևաններն ու բարեկամները գիտեն, որ ինքը դա հասկանում ա, գիտակցաբար ա անում։ Իսկ ամենա-ամենակարևորը՝ նա պիտի իմանա, որ եթե բարձր ա լսում ու կողքիններին էլ ա ստիպում լսել, նա արդեն գիտակցաբար ազգի ինքնության ոչնչացման ծրագրի գործակալ ա դառնում։
Դրա համար՝ էս մասին հարկավոր ա ամեն տեղ ասել ու գրել։ Մեր հեղինակավոր մասնագետները պիտի խոսեն, հանգամանորեն ու հասկանալի բացատրեն ու բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով տարածեն, հասցնեն յուրաքանչյուրին, կասկած անգամ չպիտի մնա, որ բոլորը գիտեն էդ մասին ու հասկանում են։
Դրանից հետո՝ թող ամեն մեկն ինքը ընտրի, բայց ոչ ոք էլ չի կարող ասել, որ չգիտի, չի հասկանում, թե ինչ ա անում, պարզապես իր սիրած երգն ա լսում։
Թե չէ՝ ճաշակը... Ճաշակին ընկեր չկա...
Հենրիկ Պիպոյան