«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Խորեն Պալյան-90

Խորեն Պալյան-90
01.05.2025 | 18:31

1935 թվականի մարտի 10-ին Լիբանանում` Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում ծնվեց նրանց զավակը` Խորեն Պալյանը։

1946 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան, և նրանց կյանքի այդ դրվագը ճակատագրի պարգև էր մի ամբողջ ազգի համար:

Խորեն Պալյանը գերազանցությամբ ավարտեց Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Իսկ 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց կուսակրոն քահանա։

1962 թվականին Օշականում պաշտպանեց վարդապետական ավարտաճառ և ստացավ վարդապետական չորս աստիճաններ։

Խորեն Պալյանը կարող էր համալրել եպիսկոպոսաց դասը: Սակայն նրան վիճակված էր դառնալ մեր միջնադարյան շարականների ոչ միայն կատարողը, այլև դրանք աշխարհին ներկայացնողը: Իսկ Լուսինե Զաքարյանի պես ոգեղեն անհատականության հետ ամուսնությունը դարձավ մեր մշակութային կյանքի ևս մի գանձ:

Խորեն Պալյանը միջնադարյան ճգնավորների պես ամբողջ կյանքում հին ձեռագրերից պեղեց ու վեր հանեց շարականները: ՈՒ ինքն էլ դրանց բերանացի կատարողն էր՝ շուրջ 1800 շարական, որը նրա բացառիկ ֆենոմենի դրսևորումն էր:

Հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարագետ Խորեն Պալյանի 90-ամյա հոբելյանն է նշվում այս տարի։

Եզնիկ Կողբացի 42/3: Ահա այս հասցեում երկար տարիներ՝ մի հարկի տակ ապրել ու ստեղծագործել են երկու առինքնող արվեստագետներ՝ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը, որոնք եղան հայ միջնադարյան հոգևոր երգի պահապանն ու սերունդներին փոխանցողը։

Այսօր անչափ կարևոր է մեր մեծերին ու նրանց ժառանգությունը արժևորելը: Կարծում ենք, որ չի գտնվի մի հայ աշխարհի որևէ անկյունում, ով դեմ կլինի, եթե, Երևան քաղաքի այն հասցեում, ուր ապրել է հայ հոգևոր ժառանգության գիտակ, գրաբարագետ, շարականագետ , մանկավարժ Խորեն Պալյանը , տեղադրվի հուշատախտակ, ապա նաև մեր քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվի նրա անունով։

Դա ամենափոքր տուրքը կլինի արժանի արվեստագետին, ով ամբողջ կյանքը ապրեց խոնարհ` իր ազգի ժառանգությանը ծառայելով ու ոչինչ չստանալով, ինչպես հատուկ է եղել մեր միջնադարյան ձեռագրերը ստեղծող գրիչներին ու ծաղկողներին:

Խոնարհում ազգի մեծ նվիրյալին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Լուսինե Զաքարյան տուն-թանգարանը ողջունում է մի խումբ ավագանիների այն նախաձեռնությունը, որով կոչ է արվում Երևանի քաղաքապետարանին , որպեսզի փողոց անվանակոչվի Խորեն Պալյանին անունով։

Լուսինե Զաքարյանի անվան փողոց արդեն կա` Նորքի զանգվածում. կարծում ենք` համահունչ կլիներ , որ հնարավորության դեպքում Խորեն Պալյանի անվան փողոցը ընտրվեր Լուսինե Զաքարյանի փողոցին հարակից հատվածներից մեկը։ Եթե այդ տարբերակը իրականացնել հնարավոր չլինի, թող գտնվի մեկ այլ վայրում։ Կարևորը ` Խորեն Պալյանին հավուր պատշաճի մեծարելն է և այդ քայլը միայն ողջունելի է:

Դիտվել է՝ 221

Մեկնաբանություններ