ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Տեղեկատվական ու հոգեբանական գրոհ՝ հայ հանրության դեմ

Տեղեկատվական ու հոգեբանական գրոհ՝ հայ հանրության դեմ
09.04.2025 | 08:22

Վերջին օրերին մեր լրատվադաշտում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի գլխավորությամբ անցկացված նիստը, որտեղ նա կարգադրել էր համապատասխան պաշտոնյաներին «ապահովելու, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատրաստ լինեն ցանկացած ժամանակ արագ արձագանքելու ցանկացած սադրանքի»։

Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ծավալապաշտական նպատակներ ունի, և որ Հայաստանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի դրանց դիմագրավելուն ու կանխելուն, բնավ գաղտնիք չէ, դրանց մասին ինքս եմ փաստերով խոսում, այդուհանդերձ, վերջին մեկ ամսվա կտրվածքով ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի շատ իրականացնում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականություն։

Իմ դիտարկմամբ, իրենց ՊՆ կեղծ հաղորդագրությունները, մեդիա տիրույթում հայտնվող ագրեսիվ տեսանյութերը, Հասանովի հայտարարությունը, դրանք բոլորը հոգեբանական պատերազմի բաղադրիչներ են։

Բացատրեմ՝ ինչու։ Հասանովի գլխավորությամբ նման նիստեր հաճախ են տեղի ունենում, երբեմն դրանք հանրայնացվում են, երբեմն՝ ոչ, եղել են դեպքեր, որ հանրայնացումից ու տեղեկատվական արշավից հետո եղել է ագրեսիա, եղել են դեպքեր, երբ դրանց չեն հաջորդել ագրեսիվ քայլեր։ Բայց այս փուլում, իմ դիտարկմամբ, ավելի շատ աշխատանք է տարվում խուճապ առաջացնելու ուղղությամբ։

Ադրբեջանի ղեկավարությունը բռնել է հայկական կողմի վախը (ժողովրդական լեզվով եմ ձևակերպում)։ Դա վախն է պատերազմից, ագրեսիայից, և այդ վախը շարունակաբար ուղղվում է մեր դեմ։ Պատերազմը, իհարկե, սարսափելի բան է, բայց միևնույն ժամանակ պետք չի մոռանալ՝ վախը այն գործիքն է, որով մեզ դարձնում են կառավարելի։ Դրա համար պետք է թույլ չտալ, որ վախն ու խուճապը դառնան գերիշխող։

Հոգեբանական պատերազմը պատերազմի կարևոր բաղադրիչ է, ուստի դրան պետք է վերաբերվել շատ լուրջ։ Ցավոք, ՀՀ պատկան գերատեսչությունները շատ հաճախ իրենց քայլերով բնավ չեն պաշտպանում մեր հանրությանը տեղեկատվական այդպիսի գրոհներից։ Օրինակ, ՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ շատ պարզ ներկայացնի իրավիճակը, հնարավոր կուտակումների դեպքում ճիշտ ժամանակին դրանք ներկայացնի միջազգային դերակատարներին: ՀՀ ԱԳՆ-ն պետք է ոչ թե արդարացնի ու մաքրազերծի Ալիևի հանցանքները, այլ արտաքին կարևոր խաղացողների հետ այնպիսի աշխատանք տանի, որ Ալիևին զրկի հարձակման ու ագրեսիայի հնարավորությունից, ու նա հասկանա, որ դա իր վրա շատ թանկ է նստելու քաղաքական առումով: ՀՀ կառավարության ղեկավարը պետք է ոչ թե հայտնի հերթական միակողմանի «խիզախ» զիջումների պատրաստակամության մասին, այլ հասկանա, որ մեր կենսական իրավունքների զիջմամբ բացառում է որևէ թղթի ստորագրում, ավելին՝ մեծացնում է Ալիևի ախորժակը։

Ասեմ ավելին՝ խելացի քաղաքականության իրագործման դեպքում կարելի է նաև ի հայտ բերել ադրբեջանական կողմի վախերն ու խնդիրները՝ դրանք դարձնելով նրանց ագրեսիվ նպատակները զսպելու գործիք։ Այսօր Հայաստանը ունի շատ կարևոր հնարավորություն աշխատելու ու ագրեսիան զսպելու համար, Ալիևի քաղաքականությունը կարելի է ուղղել հենց նրա դեմ՝ որպես զսպաշապիկ, բայց դա, իհարկե, «Քանդենք պետությունը» իշխանության խելքի բանը չի:

Իսկ մեր հանրությանը հորդորում եմ չտրվել ադրբեջանական տեղեկատվական գրոհներին, Տելեգրամում կամ սոցցանցերում առկա անհասկանալի ալիքներից ստացված տեղակատվություն չտարածել, խուճապի չմատնվել։ Միշտ, միշտ հիշեք Սպարապետի հայտնի խոսքերը. «Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ