1978 թվականն էր: Բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսի մի քանի ուսանողներով ամռանը պրակտիկա էինք անցնում այն ժամանակվա Չեխոսլովակիայի Բրատիսլավա քաղաքում։ Առաջին օրը Բրատիսլավան մռայլ քաղաքի տպավորություն թողեց։ Տեղատարափ անձրև էր։ Հանրակացարանի պատուհանից երևում էր Դանուբը։ Ինչքա՛ն գեղեցիկ էր գետը անձրևի տակ։ Անձրևն ու Դանուբը մրցում էին իրար հետ։ Երբ արեևը դուրս եկավ, հասկացանք, որ Բրատիսլավան այդքան էլ մռայլ չէ։ Զբոսնելիս սլովակ մի անծանոթ տղա աղջիկներիս վարդեր նվիրեց։ Պարզվեց, որ Երևանում ընկերուհի է ունեցել և շատ է սիրում հայ աղջիկներին։ Այդ կարմիր վարդը շատ երկար պահպանեց իր թարմությունը՝ հայ աղջկա վարդը:
Երեկոյան մեր սլովակ ընկերները մեզ հրավիրեցին ռեստորան՝ Դանուբի վրա։ Սառը պեպսին հաճելի էր Միրոյի պես։ Նա ոգևորված պատմում էր Հայաստանի մասին, այն մասին, թե ինչն է դուր եկել իրեն Հայաստանում՝ Սևանը, Երևանի շատրվանները, Էջմիածինը և մեր տան գինին ու խորովածը (երբ 1ամիս առաջ հյուր էին Աշտարակում): Այո՛, այդ մասին այսօր չորս անգամ ինձ ասացին։ Իսկ Միրոն ասաց, որ մեր տան այդ հավաքույթը ամբողջ կյանքում կհիշի։ Բառերի ճշմարտությունը ես նրա աչքերում կարդացի։ Շնորհակալություն ծնողներիս։
Պրակտիկայի մեր ղեկավարը՝ դոկտոր Վալկին, իր տանը հայկական ձայնապնակներ ուներ. Հովհաննես Բադալյան, Օֆելյա Համբարձումյան, Ռուբեն Մաթևոսյան։ Ի՛նչ հաճելի էր բրատիսլավացի բժշկի տանը լսել այդ երգերը։ Նա հայկական երգերը համեմատեց խաչքարերի հետ։ Խաչքարերի պես պարզ և բարդ, խորհրդավոր…
Դա իմ առաջին արտասահմանյան ուղևորությունն էր։ Մեկ ամսվա ընթացքում եղանք Պրագայում, Բռնոյում, Պլզենում, Տատրաներում։ Հետագա տարիներին եվրոպական ուրիշ քաղաքներում էլ եղա, բայց երբեք չեմ մոռանում սլովակ Ժոզեֆի խոսքերը. Другие города-это города, а Ереван -это люди!
Պահպանենք մեր սրբությունները, հայեր, որ մեզ միշտ այսպես հիշեն։
Գայանե Ղարիբյան