ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր

Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր
04.03.2025 | 08:26

Էսօր գրողների միջազգային օրն ա։

Էն ժամանակներում, որտեղից ես գալիս եմ, գրող լինելու համար գրող լինելը բավական չէր։ Քեզ պետք ա պետությունը ճանաչեր, գրողի կարգավիճակ տար, աշխատանքի ընդուներ գրողների միությունում, հրատարակեր քո գրքերը, վաճառեր գրախանութներում։ Գրողն իր խոսքն ընթերցողին հասցնելու ուրիշ ոչ մի ճանապարհ չուներ. էն ժամանակ ոչ համացանց կար, ոչ Ֆեյսբուք, ոչ առցանց գրական հանդեսներ, իսկ սեփական միջոցներով քո գրածը տարածելը պատժվում էր, ու դու ոչ թե գրող էիր լինում, այլ այլախոհ։ Տպագիր խոսքը պիտի պետական կնիք ունենար։

Դրա համար էլ՝ գրողները շատ չէին, ու մեծ մասին բոլորս ճանաչում էինք։ Շատերին սիրում էինք, հարգում, կարդում էինք, խոսքի մեջ մեջբերում։ Մեր համար ուսուցիչ էին, հոգևոր առաջնորդ։

Գրողների շենքը մեր դիմացի շենքն էր՝ աղմկոտ Կասյանի վրա։ Փոքր ժամանակ ես մեր տնից հաճախ երկար նայում էի գրողների պատուհաններին։ Իհարկե՝ բան չէր երևում, բայց ես գիտեի, որ էդ պատուհանների հետևում գրողները նստած գիրք են գրում, որ ես հետո կարդալու եմ։ Էնքա՜ն եմ տեսել, թե ոնց ա մուսան բաց պատուհանից ներս մտնում։ Իսկ պատահում էր, որ մի քիչ հետո ջղայնացած դուրս էր գալիս ու թևին տալիս դեպի երկինք։ Երևի գրողը տանը չէր լինում։

Իսկ ուսանող ժամանակ ամեն ձմեռ Ծաղկաձորի գրողների հանգստյան տանն էինք լինում։ Մեր մեջ միշտ գտնվում էր մեկը, որ գրող ծանոթ էր ունենում, որն իր միտեղանոց սենյակը մի քանի օրով մեզ էր զիջում։ Իսկ մենք քառասուն հոգով լցվում էինք ու էդ խեղճ սենյակը դարձնում հիվանդասենյակ թ. 6։ Երևի էդ ժամանակ հանգստյան տանը գրողներ էլ էին լինում, բայց մեր աչքին գրող չէր երևում, իսկ եթե երևում էլ էր՝ միշտ զույգ։

Հիմա ժամանակները փոխվել են։ Հիմա ով ուզի, ինչ ուզի, ոնց ուզի՝ կգրի։ Ու գրում են, տարածում են։ Մի կողմից, կարծես թե, դրանից գրողի կարգավիճակն արժեզրկվում ա։ Բայց մյուս կողմից՝ իսկ ինչի՞ պիտի գրողն ինչ-որ հատուկ կարգավիճակ ունենա, բացի նրանից, ինչը նրան ընթերցողն ա շնորհում։ Թող բոլորն էլ գրեն։ Եթե ցանկություն ունես գրելու, ինչի՞ չգրես։ Եթե ասելիք ունես, ինչի՞ չասես։ Միգուցե ինչ-որ մարդկանց դա հետաքրքրի, մի բան տա, մի բանով օգնի։

Մոռանալիքը կմոռացվի, հիշվելիքը կհիշվի։ Իսկ գրողը, եթե անկեղծ լինենք, միշտ էլ հետմահու կոչում ա եղել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6207

Մեկնաբանություններ