Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Նիկոլիզմն ու նիհիլիզմը՝ որպես քաղաքական համակարգի գաղափարական ցածրակետ

Նիկոլիզմն ու նիհիլիզմը՝ որպես քաղաքական համակարգի գաղափարական ցածրակետ
10.04.2025 | 09:57

Վերջին շրջանում մի քանի դիտարկումներով անդրադարձել եմ Նիկոլի կողմից նիհիլիզմի դասական դրսևորումներին, որոնք կիրառվում են պետական համակարգում և ստանում են քաղաքական տարբեր ձևակերպումներ։ Հիմա կփորձեմ մի քանի զուգահեռ անցկացնել՝ ավելի պարզ ու հասկանալի ներկայացնելու համար, թե որքան սինխրոն են նիհիլիզմն ու նիկոլիզմը։ Նպատակս է հնարավորինս մատչելի, բայց քաղաքագիտական պատկերացում տալ նշածս ուղղությունների վերաբերյալ։

Փիլիսոփայությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ նիհիլիզմը՝ որպես փիլիսոփայական և հոգեբանական վիճակ, ծնվում է արժեքային համակարգերի քայքայման պահերին, երբ անցյալն այլևս գոյություն չունի որպես հեղինակություն, իսկ ապագան բացակայում է որպես հեռանկար։

Իր հերթին՝ նիկոլիզմը՝ որպես քաղաքական ռեժիմի ձև (սրա մասին առաջիկայում կհրապարակեմ ավելի հանգամանալից վերլուծություն), հանդիսանում է նիհիլիզմի ինստիտուցիոնալ մարմնավորումը։ Այն պետական կառավարման մակարդակում վերածում է այն, ինչ նիհիլիզմն անում է անհատի գիտակցության մեջ՝ արժեզրկում, ապագայազրկում, նպատակազրկում։ Եթե կարճ՝ նիկոլիզմը նիհիլիզմի քաղաքական կազմակերպման դրսևորում է։

Ավելին, նիկոլիզմը գաղափարական նիհիլիզմի արտահայտությունն է կառավարման տեխնոլոգիայի մակարդակում։ Այն ոչ միայն չունի ազգային, պատմական, արժանապատվային տեսլական, այլ նաև այդ արժեքների գոյության իրավունքն է հարցականի տակ դնում։ Օրինակ՝ «Արցախը երբեք չի եղել Հայաստանի մաս» արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան պատմական իրավունքի ուղղակի մերժում։

Նիհիլիզմն ու նիկոլիզմը միավորվում են մի ընդհանուր հոգեբանական տիպի շուրջ՝ ստրկական համակերպման մարդը, ով չի պայքարում, որովհետև համոզվել է, որ պայքարը ոչինչ չի փոխում։

Այս պատկերը բոլորիս աչքի առաջ կյանքի կոչվեց՝ նիկոլիզմի քարոզչական հնարքների միջոցով։ Նշեմ մի քանի արտահայտություն, որոնք դարձել են համապետական ապատիայի հիմքեր՝ «պատերազմով ոչնչի հնարավոր չէր հասնել», «խաղաղությունը վատ չէ, նույնիսկ, եթե կորցրել ես», «պետք է համակերպվել իրականության հետ»։ Այս թեզերն ունեն լուրջ հոգեբանական ճնշման մեխանիզմներ, որոնք միանգամից խլում են դիմադրության զգացողությունը՝ մարդուն զրկելով ապագա վերագտնելու կամքից։

Արձանագրենք, որ նիկոլիզմի հաղթահարման ճանապարհը ոչ միայն քաղաքական համակարգի փոփոխությունն է, այլ նաև նիհիլիզմի բացառումը՝ հավատքի, իմաստի և հավաքական նպատակի լեզվով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ