Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է

ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է
03.09.2014 | 16:21

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ոչ պետական ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտավորությունից: Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին: Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից: Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ: ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա:

Միաժամանակ ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է, որ սահմանված կարգը չի տարածվում ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, և բուհերի կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ բուհերի աշխատողների համար, ինչի արդյունքում ՊՈԱԿ հանդիսացող բուհերից տեղի է ունենում երիտասարդ մասնագետների արտահոսք: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ եթե ՀՀ որևէ մի բուհ պետք է ունենա հատուկ կամ արտոնյալ կարգավիճակ, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի առանձնահատուկ կարգավիճակը սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ նախագահի հրամանագրով:
Ներկայացնելով ԵՊՀ կոլեկտիվի ներկայացուցիչների մտահոգությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր: Վստահ եմ, որ որպես ԵՊՀ խորհրդի անդամի՝ Ձեզ նույնպես մտահոգում են վերահիշյալ խնդիրները»:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ