Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ալեքսանդր Լուկաշենկոյի աստղային ժամը

Ալեքսանդր Լուկաշենկոյի աստղային ժամը
12.02.2015 | 11:55

Նորմանդական քառյակի բանակցությունների արդյունքներով ստորագրվելք համաձայնագիրը 80 տոկոսով պատրաստ է և կունենա 10 կետ: Ֆրանսիայի, ՌԴ, ՈՒկրաինայի նախագահները և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 12 ժամ բանակցում էին Մինսկում: Նախքան բանակցությունները սկսելը բոլոր կողմերը հայտարարել էին, որ Մինսկի հանդիպումը վերջնակետն է, որից հետո կամ կսկսվի խաղաղության հաստատման գործընթացը, կամ պատերազմը կշարունակվի ծանր զինատեսակներով: Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս արել էին համանման հայտարարություններ՝ հույս հայտնելով, որ խաղաղության դուռը կբացվի: Անգելա Մերկելը մեկնեց նաև ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Բարաք Օբամային: Նախքան Մինսկի բանակցությունները՝ ԱՄՆ-ի նախագահը զանգահարեց ՌԴ նախագահին: Հեռախոսազրույցը կիսապատմական փաստ էր, որովհետև ռուս-ամերիկյան հարաբերությունները արդեն կիսապատերազմական են դարձել: Օբաման հիշեցրել էր, որ Մինսկի բանակցությունների ձախողման դեպքում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները նոր թափ ու նոր որակ կստանան, ԱՄՆ-ը պատրաստվում է մեկ միլիարդ դոլար հատկացնել ՈՒկրաինային ու արդեն քննարկվում է Կիևին հարձակողական զինատեսակներ տրամադրելու հարցը: Փաստացի՝ Մինսկում որոշվում էր՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ հարցը: Խաղաղություն ոչ միայն ՈՒկրաինայում, այլև՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության մեջ, և պատերազմ՝ ոչ թե ՈՒկրաինա-Ռուսաստան, այլ՝ Ռուսաստան-Արևմուտք: Պատերազմ, որին բոլորը դեմ են Եվրոպայում, ՈՒկրաինայում, Ռուսաստանում, նաև ԱՄՆ-ում: Նախորդ համաձայնությունները Մինսկում գործնականում ձախողվեցին և զինված հակամարտությունը շարունակվեց նոր ուժով: Ի՞նչ էր փոխվել, որ Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստ են հնարավորն ու անհնարն անել՝ պատերազմը իրենց սահմաններում կասեցնելու համար: Հակասությունները վաղուց արդեն դուրս են եկել ՌԴ-ՈՒկրաինա շրջանակից և փոխանցվել են ՌԴ-Արևմուտք փոխհարաբերությունների հարթակ: ՈՒկրաինայի ինքնահռչակ հանրապետությունների իրավական ճանաչումից բացի, որին Կիևը դեմ է, Մոսկվան պահանջում է կասեցնել իր շրջապատում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայումը: Փետրվարի 11-ին Մինսկում սկսված և 12-ին դեռ շարունակվող բանակցությունների վերաբերյալ այսօր վաղ առավոտյան հայտնի էր, որ նորմանդական քառյակը վիթխարի առաջընթացի է հասել, ամփոփիչ փաստաթղթի 80 %-ը համաձայնեցված է, 10 կետերը՝ պատրաստ: Բանակցությունները նախ սկսվել են քառյակի ձևաչափով, ապա շարունակվել են ընդլայնված կազմով: Kremlin.ru այսօր առավոտյան հաղորդում էր, որ Մինսկում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի և Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը իրավիճակն ՈՒկրաինայում կարգավորելու խնդրով: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխարտգործախարար Գեորգի Կարասինը, նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հանդիպման պայմանավորվածությունը կայացել է փետրվարի 8-ին Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում: ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալիի հայտարարությամբ՝ մնացել է համաձայնեցնել երկու փաստաթուղթ:

Քննարկման թեման կոնֆլիկտի հանգուցալուծումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը Դոնբասի մարտական գործողությունների տարածքում:
Ավելի վաղ ՌԴ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները տրամագծորեն հակառակ տեսակետներն էին հայտնել բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Lenta.ru նշել է, որ Սերգեյ Լավրովը երկու անգամ դուրս է եկել բանակցությունների սենյակից ու լրագրողներին բանակցությունների ընթացքը բնորոշել է մեկ բառով՝ «սուպեր»: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման բանակցությունները հեշտ չեն ընթանում և ինքը որոշել է մնալ Մինսկում ու հետաձգել է ծրագրված այցը Բրազիլիա: ՈՒկրաինայի ԱԳ ներկայացուցիչ Եվգենի Պերեբեյնոսը «112.ua»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ բանակցությունները ծանր են, բայց կա հաջողության հույս: Բանակցություններից հետո քառյակը կանի իր հայտարարությունները, մամլո համատեղ ասուլիս չի նախատեսվում: Սերգեյ Լավրովն ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 12-ին:
Աշխարհը պատերազմել չի ուզում, բայց չի կարողանում պահպանել խաղաղությունը: Ինչո՞ւ՝ թերևս հենց այս հարցն էր բանակցությունների առանցքը, որ ամփոփվելու է ընդամենը 10 կետում: Կավարտվի՞ քաղաքացիական պատերազմը ՈՒկրաինայում, թե, այնուամենայնիվ, կվերածվի արդեն շատ ավելի մեծ ու ավերիչ պատերազմի, որի հետևանքով կարող է փոխվել ոչ միայն աշխարհագրական, այլև աշխարհի քաղաքական քարտեզը: Նորմանդական քառյակը աշխատում է հանուն խաղաղության, իսկ պատերազմը ունի իր օրենքները՝ զենքը միշտ կրակում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ինչ կապ ուներ Ալեքսանդր Լուկաշենկո՞ն: Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը կգան բռնապետական Բելառուս ու կսեղմեն Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեռքը, Մինսկում աղ ու հաց կկիսեն ու կբանակցեն պատերազմի, թե խաղաղության համար: Պարադոքս է գուցե, որ Եվրոպան իր ճակատագիրը որոշում է հենց Մինսկում, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվելով համաշխարհային իրադարձության կենտրոնում՝ միանշանակ օգտվելու է պատեհությունից ու ամրապնդելու կապերն արևմտյան աշխարհի հետ: Բոլորովին պատահական չէր, որ բելառուս գեներալը ՆԱՏՕ-ում հայտարարում էր, որ իր երկրի անկախությունը վտանգված է և աջակցություն էր խնդրում Արևմուտքից: ՈՒ եթե դա Լուկաշենկոյի հրահանգով չէր, ի՞նչ կմնար ինքնագլուխ գեներալից:

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ