Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և հիվանդ համակարգերի մրցակցությունը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և հիվանդ համակարգերի մրցակցությունը
01.03.2018 | 21:25

Ի՞նչ է մտածում Վլադիմիր Պուտինը: Արևմուտքի համար ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրարշավի գաղտնի գործողությունը թույլ տալը ռիսկային ու նույնիսկ վայրի քայլ է` գրում է Գիդեոն Ռահմանը Financial Times-ում: Սակայն եթե գաղափարին, որ արտասահմանյան հետախուզությունը կարող է կործանել հակառակորդի քաղաքական համակարգը, նայենք ռուսական պատմության դիտակետից, միանգամայն սովորական է: Սովետական Միությունը ի հայտ եկավ հենց այդպիսի գործողության հետևանքով: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան աջակցեց Լենինի Ռուսաստան վերադարձին, որովհետև գիտեր, որ կողմ է Ռուսաստանի ու Գերմանիայի միջև խաղաղությանը: Այդ գործողությունների նպատակը ցարական իշխանության անկումն էր ու Ռուսաստանի պատերազմից դուրս գալը: Մեկ դար հետո Պուտինը գաղտնի խառնվեց Դոնալդ Թրամփի ընտրությանը պատճառներով, որ այնքան էլ հեռու չէին Լենինին աջակցելու Գերմանիայի պատճառներից: ՌԴ նախագահը դա արեց պատժամիջոցների նկատմամբ ատելությունից` նույնացնելով այդ քաղաքականությունը Հիլարի Քլինթոնի հետ: Նա գիտեր, որ Թրամփը Ռուսաստանի հետ հաշտեցման կողմնակից է: Ավելի ընդգրկուն դաս կար, որ Պուտինը կարող էր քաղել պատմությունից` այս անգամ Խորհրդային Միության փլուզման: Համակարգը փլվեց ներսից:

Առանցքային փոփոխականը ոչ թե յուրաքանչյուր կողմի ռազմական հզորությունն էր, այլ` ներքին դիմադրությունը: Նույն կերպ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, ինչպես Չինաստանի ու ԵՄ-ի, միջև իշխանության համար պայքարը 21-րդ դարում ձևավորվելու է ավելի շուտ ներքին դիմադրությամբ, քան արտաքին ուժերի: Մինչև վերջերս դա կլիներ մրցակցություն, որի հաղթանակում ԱՄՆ-ը լիակատար համոզված էր: Ի վերջո, Արևմուտքի վիթխարի ուժը պետք է լինի լեգիտիմությունն ու կայունությունը` ստեղծված ժողովրդավարությամբ և գերազանցող տնտեսական նվաճումներով: ՙԱզատությունն աշխատում է՚` վստահ պարծենում էր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Կար Արևմուտքի թուլությունը գերագնահատելու միտում և չնկատելու` ինչպես է քայքայվել խորհրդային համակարգը: Համարյա նույնը կատարվում է հիմա: Դժվար է չնկատել Թրամփի ԱՄՆ-ի դիսֆունկցիոնալությունը, բայց միջազգային հակառակորդների ներքին թուլությունը կարող է լինել ավելի լուրջ և ավելի դժվար բացահայտվող խնդիր:
Գիդեոն ՌԱՀՄԱՆ, Financial Times


Հ.Գ. Մեղադրական եզրակացությունը, որ Ռոբերտ Մյուլլերը ներկայացրեց 13 ռուսաստանցիների ու 3 ռուսական կազմակերպությունների 2016-ի ԱՄՆ ընտրություններին միջամտության մեջ, ազդակ դարձավ վաշինգտոնյան դասական խելահեղության նոպայի` The Washington Post-ում գրում է Կատրինա վան դեն Հուվելը` The Nation ամսագրի խմբագիրը: ԱՄՆ կոնգրեսականները և վերլուծաբանները ռուսական միջամտությունը ընտրություններին համեմատեցին Պեռլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակման, 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և պետական հեղաշրջման հետ: Հուվելն առարկում է` բոտերը ռումբեր չեն: Գովազդային նյութերը Facebook-ում Առևտրի համաշխարհային կենտրոն մխրճվող ինքնաթիռներ չեն: Մեր ընտրություններին ռուսական միջամտության կորուստները 2001-ի սեպտեմբերի 11-ի կամ Պեռլ Հարբորի զոհերը չեն: Մեղադրական եզրակացության մեջ նկարագրված ջանքերը (100000 դոլար Facebook-ի գովազդային նյութերի համար, որի կեսից ավելին ծախսվել է ընտրություններից հետո, մի քանի հանրահավաք, որին համարյա մարդ չի եկել) նույնը չեն` ինչ պետական հեղաշրջումը: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն երկար տարիներ միջամտել են արտասահմանյան ընտրություններին` և գաղտնի, և բացահայտ: Այս հիստերիան ծնել է ընտրություններում Թրամփի ապշեցուցիչ հաղթանակի դառնահամը: Եթե իրականում ՌԴ նախագահը ստորագրել է նման գործողության հրաման, հնարավոր է, որ նա դա համարել է պատասխան քայլ ԱՄՆ-ի միջամտությանը Վրաստանի, ՈՒկրաինայի ու Ռուսաստանի ընտրություններին: Պուտինը սպասում էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեր Դոնալդ Թրամփը, ոչ թե Հիլարի Քլինթոնը: Այնուամենայնիվ` ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում ուժեղացավ վտանգավոր լարումը: Վտանգավոր եզրագծից նահանջի ճանապարհներ գտնելը հեշտ չէ, առաջին ու արժեքավոր քայլը կլիներ ՙավելի քիչ հիստերիա, և ավելի շատ խելամտություն՚ որոշումը: Պետք է շարունակել Մյուլլերի հետաքննությունը և արտասահմանյան միջամտությունից ԱՄՆ ընտրությունները պաշտպանելու օրենք ընդունել Կոնգրեսում, ներդրումներ անել էլեկտրոնային ենթակառուցվածքներում:

Սոցիալական մեդիաների ոլորտի ընկերությունները պետք է սովորեն կեղծ դրոշներով` և ռուսական, և այլ, գործողությունները սանձելը: Մենք պետք է սանձենք մեր ընտրությունների ավելի լուրջ սպառնալիքը` մեծ փողերը, որ հիմնականում գաղտնագրված են: Թոմաս Ֆրենկը ասաց, որ ՙամերիկացի յուրաքանչյուր պլուտոկրատ շուտով կծավալի իր անձնական տրոլլների միանգամայն լեգալ բանակը և կգործի ավելի ճկուն, քան ռուսները: Նրանք, ում համար թանկ է ժողովրդավարությունը, պետք է հատկապես զգուշանան նոր սառը պատերազմից: Հարաբերությունների վատացումը միայն սնում է երկու կողմերի վատագույն ուժերին:
Վերջապես ԱՄՆ-ում սկսե՞լ են հասկանալ, որ քաոսում հայտնված Ռուսաստանը շատ ավելի ծանր ու լուրջ խնդիր է լինելու, քան Պուտինի Ռուսաստանը: Միջուկային զենք ունեցող երկու համակարգերի անհեթեթ առճակատու՞մն է վտանգավոր, թե՞ նրանց հարաբերությունների նորմալացումը: Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին տարին անցավ հետաքննությունների մեջ, որոնք սրեցին ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները շատ ավելի, քան եղել է Բարաք Օբամայի օրոք: Վստահաբար` չլիներ ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության վարկածը, գտնվելու էր մեկ այլ պատճառ` հիվանդ համակարգերը փորձում են բուժվել միմյանց հաշվին: Եվ` առանց բժշկի: Իսկ դա ավելի է խորացնում հիվանդությունը, որ խելամտությունը փոխարինում է խելահեղությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ