ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մակընթացություն լիալուսնի տակ

Մակընթացություն լիալուսնի տակ
06.03.2018 | 00:05

Պաթոսը, շոուն և իրականությունն անցյալ շաբաթ շրջապատել էին մեզ` համոզելու, որ անկեղծ են ու հաստատակամ, մինչև վերջ մեզ հետ են մնալու: Պաթոսը կոչված էր հայրենասիրական ջիղը արթնացնել, բայց սղոցում էր: Շոուն պիտի տպավորիչ լիներ ու պատասխաներ տրված ու չտրված հարցերին, բայց հարցեր էր առաջացնում:

Իրականությունը հանգիստ սպասում էր` մեկ է, ոչ ոք իրենից չի փախչի: Մտադրությունների և ուժերի ցուցադրության քաղաքական դեֆիլեն պաշտոնական մասով հասավ միջանկյալ կանգառին ու կշարունակի ընթացքը նույն հաջողությամբ: Սատանա չորոնելով` հասկանանք մանրամասները:
Մարտի 18-ի ընտրություններից 17 օր առաջ` ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը 2 ամիս ուշացումով Դաշնային ժողովին հղեց ամենամյա ուղերձը: Երկմասանի, ու` բազմիմաստ: Նա ընդունում է, որ ՌԴ-ն պետք է լինի աշխարհի առաջ բաց, դինամիկ զարգացող պետություն, և ընդունում է, որ ՌԴ-ն հետամնաց երկիր է: Ընտրությունից առաջ նա պիտի տնտեսության զարգացման, արդիականացման ու սոցիալական վիճակի բարելավման խոստումներ տար: Լիուլի տվեց: Պաթոսի ու իրականության հետ հարցերը լուծելով` անցավ շոուին` մեծ էկրանի վրա ռազմական նոր տեխնիկայի ցուցադրությանը: Ամեն անգամ շեշտելով, որ աշխարհում ոչ ոք չունի նման զենք: Երկնքում: Երկրի վրա: Ջրի տակ: «Ֆանտաստիկա»` չդիմացավ ու հիացավ ՌԴ նախագահը: Տեխնիկական պարամետրերի հրապարակումից զատ` Պուտինը քաղաքական հայտարարություն արեց` սա պատասխան է. ՌԴ-ն առաջինը պատերազմ չի սկսի: Գերժամանակակից միջուկային զինատեսակները պաշտպանվելու համար են: ՌԴ ռազմական հայեցակարգով` ՌԴ-ի ու դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման դեպքում Մոսկվան միջուկային հարված է հասցնելու: Շոուն ուղղված էր ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Եվրոպան պաշտոնապես չի արձագանքել, միայն հեռախոսել են Մերկելը, Մակրոնը, Թրամփը: ԱՄՆ-ը Պենտագոնի ու պետքարտուղարության մակարդակով պատասխանեց: «Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»` ասաց Դանա ՈՒայթը՝ հավելելով. «ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը քաջատեղյակ է»: ԱՄՆ-ը մտադիր չէ փոփոխել իր միջուկային ռազմավարությունը: Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը ասաց` Պուտինն ապացուցեց, որ Ռուսաստանը խախտել է գործողության միջին և կարճ շառավղով հրթիռների ոչնչացման համաձայնագրով պարտավորությունները: Նա քննադատեց ՌԴ նախագահի ելույթի անիմացիոն պատկերները. «Իհարկե, տհաճ էր դիտել անիմացիան, որը պատկերում էր միջուկային հարձակում ԱՄՆ-ի դեմ: Մենք դա չենք ընդունում որպես պատասխանատու միջազգային խաղացողի պահվածք»: ՈՒղերձից հետո Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի NBC-ին տված հարցազրույցում հերքում էր սառը պատերազմի վերսկսման պնդումները, ասելով, որ այդ հրապարակումները ոչ թե վերլուծություն են, այլ քարոզչություն: Սպառազինության մրցավազքի մեղադրանքին ի պատասխան՝ Պուտինն ասում էր, որ առաջին քայլն արել է ԱՄՆ-ը 2002-ին, երբ դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության համաձայնագրից: Որո՞նք են Հայաստանի վտանգները: 1-ին ու ակնհայտ իրողությունը. ծանր ժողովրդագրական վիճակում գտնվող Ռուսաստանին պետք են աշխատուժ և այլազգիների միջոցով ժողովրդագրական հարցի լուծում: ԵԱՏՄ-ում ազատ տեղաշարժի կանոնը դրա համար է հնարված` վերաբնակեցնել ռուսական դատարկվող քաղաքներն ու գյուղերը, հատկապես Սիբիրը` ընդդեմ չինական էքսպանսիայի: Եթե Պուտինը կատարում է հետամնացության հաղթահարման խոստումը և կայուն եկամուտով աշխատատեղեր է ապահովում աշխատանքային միգրանտների համար, նրանք ընտանիքներով են տեղափոխվելու Ռուսաստան: 2040-ին Հայաստանում 4 միլիոն հայ ունենալու գերկարևոր ու ռազմավարական հարցի լուծումը դառնում է ապրիորի: Երկրորդ` ովքե՞ր են ՌԴ դաշնակիցները, որոնց պատրաստ է պաշտպանել միջուկային զենքով:

Կա՞ որևէ պետություն, որ ի զորու է Հայաստանի դեմ ատոմային զենք կիրառել: Ոչ միջուկային հարձակման դեպքում Ռուսաստանը ոչինչ չի՞ անի: Երրորդ` չափազանց վտանգավոր չի՞ դառնում ՌԴ-ԱՄՆ ու ԵՄ առճակատումը, և Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, որ մինչև այսօր որևէ պատերազմի չի մասնակցել ու քաղաքական, ոչ թե ռազմական կառույց է` հակառակ ՆԱՏՕ-ի: Մտածել է պետք:


Մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները հանեց ՀՀ օրակարգից: Ոչ միջնորդները, ոչ Անկարան պաշտոնապես չեն պատասխանել: Թեթևակի աղմկեցին թուրքական թերթերը` Ermenihaber-ը, «Milliyet»-ը, «Cumhuriyet»-ը, «Hurriyet»-ը, «Yeni Akit»-ը, «Haberler»-ը և մյուսները: Հայաստանի որոշումը որակվում էր շոկ, սկանդալ, պատմում էին 9 տարվա պատմությունն ու կրկնում Թուրքիայի ԱԳՆ-ին` «Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կմնան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի»։ Բայց դա մինչև մարտի 1-ն էր, հիմա ոչ ոք չգիտի ինչ կլինի: Էրդողանից բացի: Իսկ նրա գլուխը խառն է: «Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով՝ Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ»` ասաց թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացը վերսկսելու ստորագրահավաք նախաձեռնեց: Նա հայտարարեց, որ պատրիարքարանը հայտնվել է «պատանդի» կարգավիճակում: «Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը զբաղեցնում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակում պատրիարքարանում: Դուք կարող եք Թուրքիայի ներսում նման ճնշում գործադրել հայության նկատմամբ, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու գրեթե բոլորն արմատներով Անատոլիայից են, բոլորն էլ տեր կկանգնեն մեր պատրիարքարանին»` ասաց Փայլանը: «Աթեշյանը չի վայելում աշխարհի հայության հարգանքը: Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քվեատուփն է: Այս քաոսը կլուծի միայն ընտրությունը: Կազմակերպեք այդ ընտրությունը, և մենք կլուծենք այս հարցը, որը ճգնաժամային է և հայ համայնքի, և Թուրքիայի համար»` պնդեց նա: Հայ համայնքը Աթեշյանին չի ընդունում ու վախենում է Էրդողանին դեմ գնալ: Թուրքամետ գործիչների պատճառով պառակտված համայնքը ընտրեց ոչ թե դիմադրության ճանապարհը, այլ… Հայ առաքելական եկեղեցուց հեռանալու և մյուս հայկական եկեղեցիներ գնալու: Մի օր իրեն Պոլսո պատրիարք պատկերացնող Աթեշօղլին պատարագ չի կարողանա մատուցել եկեղեցու դատարկության պատճառով: Եկեղեցական դպիր Կարո Գաբրիելյանի շապկազրկման նրա հրամանը կառավարման ծրագիր էր: Բացի Էրդողանի աջակցությունից, Աթեշյանի ձեռքում փող կա, ու դա է հարց լուծում: Մտածե՞լ եք` ու՞մ են պետք հայ-թուրքական հարաբերությունները, եթե Պոլսի հայ համայնքը տրոհվում ու հեռանում է հայությունից: Սա չէ՞ Էրդողանի բուն նպատակը: «Գնդակը» ուր ասես կարող ենք նետել, փաստ է, որ «առոչինչից» առոչինչ էլ մնաց: Խնդիրը հայ-թուրքական կարգավորումն էր ու Ադրբեջանի զինանոցից Թուրքիայի դուրսբերումը: Ցյուրիխը լուծեց բոլոր կողմերի կարճաժամկետ խնդիրներն ու 2010-ին թղթի կտոր էր, բայց 8 տարում ի՞նչ արվեց իրավիճակ փոխելու համար:

Սխալ է խրվել-մնալ մտայնության մեջ, որ հայ-թուրքական կարգավորումը բացառվում է, քանի դեռ Արցախի խնդիրը լուծված չէ: Ինչու՞ պիտի Հայաստանը պաշտպանի թուրք-ադրբեջանական տեսակետը` սեփական տեսակետն առաջ մղելու փոխարեն, երկու պետությունների հարաբերություններում երրորդ պետությունը իրավունք չունի միջամտել: Նրանք առաջադրում են իրենց փաստարկները, Հայաստանը պիտի առաջադրի իր փաստարկները: Փաստացի իր արտաքին քաղաքականության զիգզագների մեջ Հայաստանը հայ-թուրքականի հարցը չկարևորեց` համարելով անհեռանկարային և ստորադասեց այլ հարաբերությունների: Միջնորդների ջանքերն ավելորդ դարձան 2010-ից ՌԴ-ԵՄ հարաբերությունների սրումով և 2013-ին Հայաստանի Մաքսային միությանը, իսկ 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցումով: 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը արտաքին քաղաքականության ինքնուրույնության հնարավորություններ է բացում և պետք է օգտագործել բոլոր շանսերը, ոչ թե սպասել հեռուներում ով ինչ վճիռ կընդունի` իր շահերից ելնելով: Փաստացի` այս պարագայում հայկական սփյուռքը Հայաստանի դեմ խաղաց: Մինչև այսօր էլ ՀՅԴ-ն արտասահմանում սրեր է ճոճում արձանագրությունների դեմ և հրճվանք ապրում, որ «Հայաստանի ղեկավարությունը, Սերժ Սարգսյանը գիտակցեցին, որ այդ արձանագրություններին հայ ժողովուրդը դեմ է ընդհանրապես»` ինչպես ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Ի՞նչ իրավունք ունի որևէ մեկը հայ ժողովրդի անունից խոսելու` հարցը մի կողմ: Ի՞նչ է պետք, որ սփյուռքում հասկանան` 100 տարին հերիք էր պատասխան քայլերի տրամաբանության անգործունակության մեջ համոզվելու: Հայաստանն ու սփյուռքը պիտի միասնական լինեն ու իրենց սեփական քայլը անեն` օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության ճանաչումը: Հետո միայն անդրադառնան հաջորդ քայլերին: Սա է գլխավորը: Սա է ամենացավոտ հարվածը Թուրքիային ու Ադրբեջանին, ոչ թե ամեն տարի ապրիլի 24-ին սպասել-հիասթափվելը, թե ԱՄՆ նախագահը գենոցիդ չասաց կամ ով ինչ ասաց: Դա համազգային տկարամտություն է, ոչ թե Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություն կամ դիվանագիտություն: Դատարկ պաթոսի ու սին շոուի մեջ պետք է իրականությունը տեսնել վերջապես:


Կտեսնի՞ այդ իրականությունը Արմեն Սարգսյանը, որ մարտի 1-ին 90 կողմ, 10 դեմ ձայներով 4-րդ նախագահ ընտրվեց և ասաց. «Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ-ին, քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին։ Ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին»: Չի բացառվում, որ նրա նախագահության 7 տարիներին մամուլը պատեհ-անպատեհ վերադառնա իրավասությունների ու քաղաքացիության հարցին, բայց իր նախագահության իրական բովանդակությունը ինքն է որոշելու: Նա «նախընտրական արշավի» բազում հանդիպումներից հասկացել է` ու՞ր է վերադառնում ու ի՞նչ է սպասում իրեն: Ճակատագիրն էլ նրան դառը անակնկալներ մատուցեց` ընտրության օրը համընկավ մարտի 1-ին, որ արդեն 10 տարի ցավոտ թեմա է Հայաստանում: Կկարողանա՞ նա լուծել իր ձևակերպած խնդիրը` «Փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու համար հսկա սփյուռքահայության նախագահ՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնականությունը և դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նախագահ ունեցող ազգ: Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ. վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու»: Հաստատու՞ն կմնա բանակցելիս «ամեն ինչ պահանջելու» դիրքում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Պաթոսը, շոուն և իրականությունը միայն իշխանության խնդիրը չեն: Այս իրականության բուն պատասխանատուն հասարակությունն է, մեզնից յուրաքանչյուրը: Ասված է` «Մտածեք էս երկրի մասին», ու քանի դեռ չեք մտածում, իշխանությանն իրավունք եք տալիս իրականությունը պաթոսով ու շոուով փոխարինել: Փախուստն իրականությունից` անտարբերության ու արտագաղթի տեսքով, նույնականության կորուստ է անհատի համար ու ինքնիշխանության կորուստ` պետության համար: Մի սպանեք Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերը չեն ստեղծվել ողբի ու տեղատվության համար: Լուսինը նաև մակընթացություն է Երկիր հղում: Լիալուսնի տակ ոչինչ նոր չէ, բայց նորից է սկսվում յուրաքանչյուրիս կյանքով:
Տեղատվության մեջ ապրած կյանքի մեղավորը մենք ենք ու մակընթացությունից մեր վախը:

Դիտվել է՝ 3090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ