Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռոհանին առաջարկել է Պուտինին ավելի լուրջ ու կարևոր երկխոսություն

Ռոհանին առաջարկել է Պուտինին ավելի լուրջ ու կարևոր երկխոսություն
10.06.2018 | 21:07

Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության սամմիթի շրջանակներում բանակցել են ՌԴ ու Իրանի նախագահները: Թեհրանը ՇՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ, այսինքն` ոչ բոլոր նիստերին է մասնակցում: Թեպետ այս անգամ քննարկվում ու վճռվում էին նաև միջազգային խնդիրներ, որ ուղղակի կապ ունեին Իրանի հետ: Խոսքը Իրանի միջուկային համաձայնագրի ու ԱՄՆ-ի առևտրական քաղաքականության մասին է: Այդ պատճառով, թեպետ ՇՀԿ ձևաչափում երկկողմ բանակցությունները առաջին հայացքից արարողակարգային են, այսօր օգտակար ու ճեղքումային են:


Մի քանի կարևոր պահեր կան: Առաջին` Ցինդաոյի հանդիպումը համընկավ Կանադայում G 7-ի սամմիթի հետ, որի ընթացքում քննարկվում էր իրանական հարցը: Երկրորդ` Ցինդաո այցը Ռոհանիի համար առաջին արտասահմանյան այցն էր Դոնալդ Թրամփի որոշումով Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո, որ հատուկ իմաստ է հաղորդում Պուտինի հետ բանակցություններում նրա հայտարարություններին: Ի՞նչ էր ասում ՌԴ նախագահը: Պուտինը նշեց, որ Մոսկվան «աջակցում է ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու Իրանի ձգտմանը», հատուկ ընդգծեց, որ «մենք հաջողությամբ համագործակցում ենք սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում» և «այստեղ խոսելիք ունենք, որովհետև կան կոնկրետ արդյունքներ»: Ռոհանիի պատասխանները նոր շեշտադրումներ ունեին: «Իրան-Ռուսաստան համագործակցությունը ահաբեկչության և տարբեր արմատական խմբավորումների դեմ պայքարում բավականաչափ հաջողված է և մեր գործակցության դերը շատ ուժեղ ու ազդեցիկ է այս տարածաշրջանում»` ասաց Իրանի նախագահը: Բայց, նրա խոսքով, միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո «պահանջվում է առավել լուրջ և առավել կարևոր երկխոսություն մեր երկրների միջև»: Ինչպիսի՞:

Նախօրեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին կարգադրեց, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը անհապաղ սկսի ուրանի հարստացումը: Համենեին նաև հայտարարեց, որ Թեհրանը չի կարող միաժամանակ պատժամիջոցների ու «միջուկային վերահսկողության» տակ լինել, որ Իրանը սկսել է հետ շրջել իր ոչ վաղ պատմության որոշ էջեր: Ռոհանին հայտնվեց Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քննադատության թիրախում, որ իր հաջորդին մեղադրում էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման մեջ Իրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով: Հիշեցնում էր բարձրագույն ղեկավարությանը, որ Ռոհանին 16 տարի (1989 -2005) եղել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը և գլխավորել է միջուկային բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, որ ձախողվեցին ԱՄՆ-ի ճնշման հետևանքով: Սակայն Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005 -2013) ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի դեմ 6 բանաձև է ընդունել: Այս նախագահը առաջարկում էր, որ իրեն 6 ամիս տան, որ պատժամիջոցների հետևանքները վերացնի, բայց առաջարկը չանցավ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշեց գաղտնի բանակցություններ սկսել Օմանի ամերիկացիների հետ: Եվ ահա, Ահմադինեժադի խոսքով` «պատժամիջոցները վերադարձել են», և «մենք մինչև հիմա չգիտենք` ինչ է կատարվել միջուկային բանակցություններում», նույնիսկ «խորհրդարանի անդամներն են առաջվա պես հայտարարում, որ ծանոթ չեն միջուկային համաձայնագրի բովանդակությանը»:

Նախկին նախագահի հիշեցումը Թեհրանի ու Վաշինգտոնի գաղտնի բանակցությունների մասին ակնարկ է, որ որոշակի ուժեր Իրանում հիմա էլ հույս ունեն պատճենել ԱՄՆ-ի նկատմամբ ԿԺԴՀ-ի մարտավարությունն ու ռազմավարությունը, որ ի վերջո իրար բերեց Թրամփին ու Կիմ Չեն Ինին: Բայց դա հնարավոր դարձավ միայն շնորհիվ Ռուսաստանի ու Չինաստանի միասին մշակած «ճանապարհային քարտեզի» (իհարկե, Վաշինգտոնի գործակցությամբ): Իսկ ո՞վ կգրի Իրանի համար «ճանապարհային քարտեզը», եթե ինքը չցանկանա: Երբ վեցյակն ու Թեհրանը միջուկային համաձայնագիրը կնքեցին, Իրանը հայտնվեց պատժամիջոցների հանման էյֆորիայի մեջ և սկսեց մշակել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման սցենարներ: Առաջին հերթին` Արևմուտքի հետ: Բայց երբ Թրամփը հայտարարեց միջուկային գործարքի խզման մասին, ամեն ինչ փլուզվեց: Թեպետ եվրոպական երկրները չեն աջակցում Վաշինգտոնի միակողմանի գործողությունները, ամերիկացիները առաջ են մղում իրենց սցենարը: Դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը: Դա, անկասկած, դեռ «ճանապարհային քարտեզ» չէ:

Սակայն ոմանք կարծում են, որ Մոսկվան ու Պեկինը կձգտեն Իրանի հարցը լուծել 5+1 մեխանիզմի շրջանակներում, որտեղ ներառված են ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան, որ մասնակցել է Իրանի համաձայնագրի ստորագրմանը: Իսկ դա խոստանում է նոր ու երկարատև քաղաքական-դիվանագիտական ճակատամարտ: Ահա ինչու է Ռոհանին խոսել Ռուսաստանի հետ «առավել լուրջ ու առավել կարևոր երկխոսության» անհրաժեշտության մասին: Գուցե այդպիսով Թեհրանը պատրաստվում է իր մերձավորարևելյան քաղաքականության որոշ վեկտորների փոփոխության: Տեսնենք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Քվեբեկում G 7-ի սամմիթում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը չստացվեց, փաստացի G 7-ը դառնում է 6+1 ձևաչափ ու այդ առումով հասկանալի է դառնում, թե ինչու էր Կանադա մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը բարձրացնում Ռուսաստանի վերադարձի հարցը G 7: Թեպետ դա ևս դարձավ տարակարծությունների պատճառ և G 7-ից միայն Իտալիան է կողմ Ռուսաստանի վերադարձին, ավելին` ԵՄ պատժամիջոցները հանելուն: Ֆրանսիան ու Գերմանիան դեմ են: Իսկ ընդհանրապես` Ռուսաստան-Իրան հարաբերություններում բազում անհայտներ կան և այդ անհայտներից է տնտեսական համագործակցության զարգացումը: Իսկ մյուս անհայտը Թուրքիայի դերն է տարածաշրջանում: Հաջորդը` Իսրայել-Իրան հարաբերություններում Ռուսաստանի դերը: ՈՒ` այդպես հավաքվում է երկար քաղաքական մանյակ, որի ամեն մի հատիկի վրա հանգուցվում է տարածաշրջանի մի քանի երկիր:
Ցինդաոյում Պեկինը ձգտում է ուշադրության կենտրոնում պահել անդրսահմանային հարցերը, մասնավորապես` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը: Եվ կարևորում է «չարի երեք ուժերի»` ահաբեկչություն, էքստրեմիզմ, անջատողականություն, դեմ պայքարը: Օրակարգում նաև թմրաառևտրի ու կիբեռհանցագործության հարցերն են: 2001-ին ստեղծված ՇՀԿ-ի անդամներ են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և ՈՒզբեկստանը: 2017-ին անդամակցեցին Հնդկաստանն ու Պակիստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը, Մոնղոլիան, երկխոսության գործընկերներ են 6 երկրներ, որոնցից մեկը Թուրքիան է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ