Այսօր ԱԺ-ն տնտեսական «ուղղվածության» էր: Խորհրդարանի ամբիոնի մոտ էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագիրը: «Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, որը հետևում է իսկապես հակամրցակցային մթնոլորտին: 2013, 2014, 2015-ին ընդհանուր մրցակցային դաշտը ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում: Օրինակ, աշխարհում գնահատվում է գլոբալ մրցակցության ինդեքսը: Փորձե՞լ եք այդ ինդեքսին նմանակելով՝ գոնե մի ինդեքս հրապարակել ՀՀ-ում, որ մենք իմանանք՝ մենք առա՞ջ ենք գնում, թե՞ հետ ենք գնում»,- այսպիսի հարց ուղղեց բանախոսին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Եթե կարճ ասեմ՝ այս մի քանի տարիների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, այդ խնդիրներին լուծում է տրվել: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին տարիների ընթացքում որևւէ տնտեսավարող մեր երկրում չի կարողացել որևէ հարցով, խնդրով դիմել ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում և մեր կառույցը հետևողական չի եղել այդ հարցում: Իմ ձեռքի տակ կան վիճակագրական ցուցանիշներ, վերջին տարիներին պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումները, տուգանքները, դրանք մի քանի անգամ ավելացել են նախորդ տարիների համեմատությամբ: Տարեկան մոտ 200 պատասխանատվության որոշում է կայացվում, երբ մինչև 2010-ը 25-30 որոշում էր կայացվում»: Ինչ վերաբերում է միջազգային չափորոշիչներին, Շաբոյանը շեշտեց, որ համեմատաբար բավականին առաջ ենք գնացել ու եթե համեմատենք ԱՊՀ երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Արևելյան Եվրոպայի որոշ երկրների հետ, ապա այդ ցուցանիշներով մենք առջևում ենք գտնվումե: Հրանտ Բագրատյանը հակադարձեց, թե ոչ թե առաջ, այլ հետ ենք գնում: «Այստեղ գալիս են ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և չեն թաքցնում, որ հարկ վճարողների թիվը տարեցտարի պակասում է, բիզնես գրանցողների թիվը պակասում է, 5 տարին մեկ 30 տոկոսով պակասում է տնտեսավարողների թիվը: Ի՞նչ եք արել: Հասկացանք, որ գնացել ստուգել եք, հլը ու մի չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»,- հայտարարեց պատգամավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ