Այսօր մինչ ԱԺ աշխատանքների մեկնարկը խորհրդարանականները, Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 27-ի ողբերգությանը նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին: Ներկա էին նաև զոհվածների հարազատները: Լրագրողների հետ զրույցում խոսնակը նշեց, որ նման գործերի բացահայտման համար իրավական հիմքեր են պետք, որը չունենք: «Գործը ինչ-որ մի պահի կբացահայտվի, դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից, և չեմ կարծում, որ ոճրագործները թելադրված մարդիկ են, այլ, ըստ երևույթին, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ»,- ասաց ԱԺ նախագահը:
Առավել ինքնատիպ է դրսևորվել Սահակյանը, երբ խոսել է հոկտեմբերի 27-ի դասերի մասին: Ըստ նրա, հասարակությունն ի զորու պետք է լինի իշխանություններին ցանկացած խնդրում աջակցելու: Հավանաբար, Գալուստ Սահակյանը մոռացել է, որ 1999-ի իշխանություններին ժողովուրդն անվերապահ հավատում ու աջակցում էր, բայց դա չխանգարեց ոճրագործներին իրենց նպատակն իրագործելու համար:
Ավելի ուշ, խորհրդարանի դահլիճում Գալուստ Սահակյանը գերազանցել է ինքն իրեն: Իր միատոն ձայնով սկսելով նիստի աշխատանքները, խոսնակը հայտարարեց, թե շարունակվելու է նախորդ օրվանից կիսատ մնացած հարցը` ՄԻՊ 2014 թ. զեկույցի քննարկումը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղից հիշեցրեց, որ հոկտեմբերի 27-ն է ու պետք է զոհերի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ: Նույնիսկ չլսելով ընդդիմադիր գործչի խոսքը, Գալուստ Սահակյանը նետեց. «Դուք խախտում եք կանոնակարգը»: Հետո տեղի տալով, «մարազմատիկ» տրամաբանությամբ շարունակեց. «Բայց եթե ցանկություն ունենք, մեկ րոպե լռությամբ հարգենք»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ