Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինը ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ ասում է ճշմարտութունը

Պուտինը ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ ասում է ճշմարտութունը
05.12.2015 | 12:42

Կրեմլի տերը կոշտ առճակատման է գնում Բոսֆորի սուլթանի հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանին անխնա անկյուն են մղում, նրա հետ՝ ամբողջ ՆԱՏՕ-ն: Հենց դա է Պուտինի բուն նպատակը:
Վլադիմիր Պուտինը նորից հրահանգեց իր քարոզչամեքենային գործել ամբողջ հզորությամբ: Թիրախն այս անգամ Թուրքիան է ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Պուտինը նրանց մեղադրում է ԻՊ-ի զինյալների հետ նավթի առևտրի մեջ: Այս դեպքում Կրեմլը ստում է, թեպետ ասում ճշմարտությունը: Որ Թուրքիան՝ «չափավոր» իսլամիստ Էրդողանի գլխավորությամբ կասկածելի կապեր ունի ջիհադիստական հրեշի հետ, տեղեկացված ժամանակակից ընթերցողի համար Պոլիշինելի գաղտնիքն է: Մոսկվան հնարավորություն ստացավ այդ «գաղտնիքին» նրբագեղորեն ավելացնել դավադրության տեսությունը, որի համաձայն՝ թուրքական ՀՕՊ-ը խփեց ռուսական ռմբակոծիչը, որ վնասազերծի ԻՊ-ի նավթի փոխադրումը: Բայց կա փաստ, որի մասին Պուտինը լռում է. ԻՊ-ի նավթափոխադրումից ամենամեծ օգուտը ստանում է Ասադը, ում Պուտինն օգնում է պահել իշխանությունը: Սակայն այս փաստերը «խեղդվում են» ռուսական քարոզչության հզոր դղրդոցի մեջ: Պուտինը փայլուն հեռանկարներ ունի՝ Էրդողանին անկյուն քշելու և գուցե նույնիսկ ծնկի բերելու համար: Առավել ևս, որ քարոզչական կրակը Պուտինը համադրում է ցավոտ տնտեսական պատժամիջոցներով: Նա գիտի, որ ավտոկրատ Էրդողանի դիրքերն ավելի ուժեղ են իր դիրքերից, բայց կախված են Թուրքիայի տնտեսական բարեկեցությունից:
Ոչ միայն Ռուսաստանի «արատավորված պատվի» համար վրեժ լուծելու մաչոյական ձգտումն է մոսկովյան ցարին առճակատման մղում ստամբուլյան սուլթանի հետ: Նրանք նման են իրար ինչպես ջրի երկու կաթիլ՝ իրենց կառավարման ձևով: Ի դեմս Թուրքիայի՝ Պուտինն ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի թույլ տեղին: Արևմտյան ալյանսը վաղուց մեծ պրոբլեմներ ունի՝ սեփական արժեքները համադրելու Թուրքիայի կրոնական-ազգայնակական-քաղաքականության հետ: Էրդողանին իր տեղը պետք է ցույց տային, երբ նա բացահայտ արտահայտեց իր ատելությունը Իսրայելի նկատմամբ և սկսեց աջակցել ՀԱՄԱՍ-ին: Իսկ հիմա Արևմուտքը գործ ունի անբարետես դաշնակցի հետ, ում, սեփական շահերից ելնելով, ստիպված է պաշտպանել թշնամական տերության հետ հակամարտության մեջ: Եվ դա այն պահին, երբ արևմտյան երկրները մտադրվել էին այդ տերության հետ համագործակցել Սիրիայի հարցով: Այս պայմաններում ՆԱՏՕ-ն պառակտելու ու թուլացնելու Պուտինի գլոբալ ռազմավարությունը նոր ու վտանգավոր ազդակներ է ստանում:
The Welt, Ռիխարդ ՀԵՐՑԻՆԳԵՐ

The Guardian. Գործերը վատ են
«Նախագահ Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձի մեծ մասը հատկացրեց խոստումներին, որ Թուրքիան երկար է զղջալու իր կործանած ռուսական ռմբակոծիչի համար սիրիաթուրքական սահմանին, և մեղադրանքներին, որ նավթ է վերավաճառում ԻՊ-ին»՝ գրում է The Guardian-ը: Դա դիտարժան ներկայացում էր նախագահից, որ հաշվի առնելով Ղրիմի անեքսիան, ներխուժումը ՈՒկրաինա, միջամտությունը Սիրիայում, զարմացրեց ու տագնապեց աշխարհն իր հանդուգն ու ինքնասածի քաղաքականությամբ: Անկասկած, Պուտինը ձգտում էր ազգայնական արձագանքի Թուրքիայի դեմ իր մեղադրական ճառին, և ստանալու է, բայց եթե Ռուսաստանում կային քաղաքացիներ, որ ուզում էին լսել փաստարկված հաշվետվություն՝ ինչպես են զարգանում ուկրաինական ու սիրիական նախաձեռնությունները, չստացան իրենց ցանկացածը: Վնասները գերազանցում են հաջողությունները: The Guardian-ը հիշեցնում է Ղրիմի ՀԷՑ-երի փլուզումը թաթարների ու նրանց ուկրաինացի կողմնակիցների ձեռքով, որը երկար ժամանակ թերակղզին թողեց առանց լույսի և ավելի բարդացրեց ռուս-ուկրաինական հարաբերությունները: Եթե որևէ ճեղքում չլինի, հաջորդ քայլը կդառնան ռուսական հերթական առևտրական պատժամիջոցները ՈՒկրաինայի դեմ: Եվ այդ ամենը՝ Մինսկի խաղաղ համաձայնագիրը երկու կողմերի չկատարելու համապատկերում: Սիրիայում Ռուսաստանը ԱՄՆ-ի հետքերով բացահայտեց, որ ռազմաօդային ուժերը կախարդական փայտիկ չեն: Թուրքիայի հետ կոնֆլիկտի լույսի տակ Պուտինը, գուցե, յուրացրել է դասը՝ բարեկամանալու համար երկար ժամանակ է պետք, բարեկամին կորցնելու համար մեկ օրն էլ բավական է: Ռուսաստանի նպատակը Սիրիայում իրավիճակը փոխելն էր, փոխարենը նա իր կոպիտ վրիպումներն ավելացրեց մյուսների վրիպումներին:
Սինայի երկնքում ռուս զբոսաշրջիկների զոհվելը պետք է հանգեցներ Սիրիայի ռմբահարումների նպատակահարմարության քննարկումներին, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում: Դեբատներ Ռուսաստանում չեղան: Կորսված չէ շանսը, որ Ռուսաստանը ի վերջո իր ներդրումը կունենա և ՈՒկրաինայի, և Սիրիայի հակամարտությունների հաղթահարման մեջ: Արևմտյան երկրները նույնպես պատասխանատվության իրենց մասն ունեն այս երկու երկրների քաոսի մեջ, բաց մեզ պետք է ավելի հավասարակշիռ և նվազ ռազմաշունչ Ռուսաստան, որպեսզի այս խնդիրները լուծվեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ նախագահի ամենամյա ուղերձը Դաշնային ժողովին ներառում էր արտաքին ու ներքին քաղաքականության իր գնահատմամբ հրատապ հարցերը և, ինչպես միշտ, համեմված էր ազգայնական հռետորաբանությամբ, որը լավ արձագանք է գտնում Ռուսաստանում: Թերևս բոլոր երկրների քաղաքացիները սիրում են իրենց նախագահից կամ վարչապետից լսել, որ իրենք հատուկ առաքելություն ունեն աշխարհում ու ընդհանրապես առանձնահատուկ են, որովհետև այդպես է նրանց ստեղծել Աստված, իսկ եթե ոմանք դա չեն հասկանում երկրի վրա, պետք է բացատրել: Եթե ոչ դիվանագիտությամբ, ապա՝ զենքով: Ռուսներն այս կտրվածքով նոր ոչինչ չեն ասում ու անում, նրանք փոփոխական հաջողությամբ կրկնում են իրենցից առաջ հարյուրամյակներով գոյություն ունեցած կայսրությունների անցած ճանապարհը: Գնահատելով Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին՝ համաշխարհային մամուլը նշում էր, որ նա ավելի մեծ խնդիր ունի երկրի ներսում՝ տնտեսությունը: Խնդիրը նաև քաղաքական է՝ 2016-ին Ռուսաստանում հերթական խորհրդարանական ընտրություններ են:



Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ