Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանն ընդդեմ Դավութօղլուի՝ ո՞վ՝ ու՞մ

Էրդողանն ընդդեմ Դավութօղլուի՝ ո՞վ՝ ու՞մ
17.04.2016 | 12:09

Առեղծվածային ու ապշեցուցիչ տեղեկացված՝ Ֆուատ Ավնի կեղծանունով Twitter-ի իր միկրոբլոգում գրող թուրք հեղինակի կանխատեսումները միշտ իրականանում են, իսկ տեղեկատվությունը՝ հաստատվում: Ֆուատ Ավնին ասպարեզ է նետել հերթական սենսացիան: Օրերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նոր պալատում փակ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջիկա պաշտոնանկության հարցը: Ավնիի տվյալներով՝ Էրդողանը և նրա շրջապատը գտնում են, որ Դավութօղլուն «չի նպաստում կառավարման նախագահական ձևին անցումին», որը Էրդողանին կտա երկրում բարձրագույն իշխանության իրավասություններ: Գործող Սահմանադրությամբ՝ Էրդողանի պաշտոնը հիմա ունի հիմնականում արարողակարգային բնույթ, թեպետ նա իրեն պահում է իբրև երկրի գլխավոր ու առաջին դեմք: Իրոք, Դավութօղլուն սկսել է շրջել վիլայեթներով ու տարբեր հանրահավաքներում ելույթներ ունենալ՝ համեմատելով Թուրքիայի ներկա վիճակը Աթաթուրքի ազատագրական պայքարի ժամանակների հետ: Ավելին՝ վերջերս Դավութօղլուն ասել է Էրդողանին, որ «երկրում կառավարման ձևի փոփոխությունը քաղաքական օրակարգի գերակայություն չէ», հասկանալ է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող էր փոխզիջումային համաձայնագիր կնքել ընդդիմության հետ նոր Սահմանադրության հարցով, որի նախապատրաստման ընթացքում կոնսենսուս է ձեռքբերվել 60 հոդվածների վերաբերյալ, բացի նրանցից, որ նախատեսում են խորհրդարանականից նախագահականին քաղաքական համակարգի փոփոխություն: Դավութօղլուն շփում է ունեցել ընդդիմադիր Ժողովրդահանրապեստական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի հետ, որ հայտարարել է՝ «Թուրքիային պետք է Սահմանադրություն, որը թույլ կտար ազատվել առանձին դեմքերի չափազանց ազդեցությունից»՝ իհարկե, նկատի ունենալով Էրդողանին: ԺՀԿ-ի նախագահը հասկացրել է, որ աջակցում է քաղաքական ուժերի հետ լայն երկխոսության Դավութօղլուի ձգտմանը: Օրերս Քիլիչդարօղլուն ասել է. «Եթե դուք ուզում եք ամրապնդել խորհրդարանական համակարգը, կարող եք մեր աջակցությունն ունենալ: Եթե դուք ուզում եք ստեղծել ավելի ժողովրդավարական Սահմանադրություն, մենք ձեզ կաջակցենք: Բայց մենք երբեք չենք համաձանի փոփոխություններին, որ կհանգեցնեն Թուրքիայի մասնատմանը»: Նա բացահայտ հայտարարել է, որ «Դավութօղլուն նույնպես գտնում է, որ Թուրքիային պետք է ավելի ժողովրդավարական և ազատական, այլ ոչ թե ավտորիտար Սահմանադրություն»: Էրդողանին Դավութօղլուի մանևրները սկսել են ոչ միայն նյարդայնացնել, այլև լրջորեն անհանգստացնել: Նա չի կարողանում ներել վարչապետին, որ իրեն չաջակցեց, երբ ձերբակալվեցին գիտնականները, որ ստորագրել էին թուրքական իշխանություններին ուղղված կոչը՝ երկրի հարավ-արևելյան, հիմնականում քրդաբնակ շրջաններում հատուկ դրության քննադատությամբ: Էրդողանը ակադեմիկոսներին վիրավորել էր՝ անվանելով «այսպես կոչված ինտելեկտուալներ», «տգետների հավաք», «դավաճաններ» ու «գիտնականի խղճուկ նմանակումներ»: Դավութօղլուն պատասխանել էր. «Եթե իրավաբանական նախադրյալներ չկան, ես դեմ եմ դատի սպասող մարդկանց ձերբակալությանը: Ես գտնում եմ, որ եթե դատական հետաքննության արդյունքում դատարանը կայացնի արդարացնող վճիռ, այդ մարդկանց ազատության սահմանափակումը հնարավոր չէ փոխհատուցել որևէ միջոցով: Իբրև գիտնական, որ դաժան հալածանքների է ենթարկվել 1997-ի փետրվարի 28-ի պետական հեղաշրջման ժամանակ, ես հայտարարում եմ՝ չեմ կարող ընդունել մտածողության ազատության որևէ սահմանափակում»:
Դավութօղլու-Քիլիչդարօղլու ալյանսը ձևավորվում է անձամբ Էրդողանի հասցեին ԵՄ-ի սուր քննադատության համապատկերում, նրա անվան հետ են կապում երկրում սահմանադրական համակարգի քանդման, խոսքի ազատության և ժողովրդավարության սկզբունքների պահպանմանն ուղղված սպառնալիքը: Ավնին հաղորդում է, որ Էրդողանը հանձնարարել է «զուգահեռ կառույցի» հետ համագործակցող Դավութօղլուին մերկացնող դոսյե հավաքել: «Զուգահեռ կառույց» Թուրքիայում անվանվում են «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, նրանց ոգեշնչում են իսլամ գիտնական Ֆեթուլա Գյուլենի գաղափարները: Էրդողանը նրանց համարում է «դավաճան և թշնամի»: Ավնիի տվյալներով՝ եթե Դավութօղլուն «իրեն ներկայացված հանցանշանների ճնշման տակ հրաժարական չտա, նրա դեմ կծավալվի քարոզչական արշավ՝ Էրդողանին ենթակա ԶԼՄ-ներում»: Ավնին նաև հաղորդել է, որ իմանալով Էրդողանի ծրագրերի մասին՝ Դավութօղլուն անհապաղ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի քննարկի «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը՝ հույս ունենալով, որ այդ կառույցը վերացնելու իր վճռականության ցուցադրությունը թույլ չի տա պաշտոնանկ լինել: Բայց ոչ ոք չի կարող ասել՝ ինչպես նա իրեն կպահի հետո, ավելի ճիշտ՝ ո՞ր ուղղությամբ նրան կտանեն իրադարձությունները, որոնց վրա նա կարող է և չի կարող ներգործել:
Դավութօղլուի միակ ռեսուրսը, որ հնարավորություն է տալիս ամրապնդել դիրքերը վարչապետի պաշտոնում, հասարակության կոնսոլիդացիան է հասարակական-քաղաքական կյանքում ժոովրդավարության սկզբունքների ամրապնդման հիման վրա, պետության ղեկավարման մեջ, որ նրան պետք է դուրս բերի Էրդողանի վերահսկողություից: Առավելևս, որ գլխավորելով իշխող կուսակցությունը, նա ինքնուրույն կադրային քաղաքականություն վարելու հնարավորություն ստացավ: Հակառակ դեպքում նրան չի հաջողվի պահպանել հեղինակությունը կուսակցության մեջ, հատկապես այն դեպքում, եթե որոշի վերադառնալ նախկին նախագահ Աբդուլա Գյուլը: Գյուլը կարող է դառնալ Էրդողանի լուրջ ընդդիմախոս և կուսակցության մեջ ստեղծել իր ընդդիմությունը: REGNUM-ի աղբյուրները Անկարայում գտնում են, որ «գլխավոր իրադարձություններին պետք է սպասել մայիսին», երբ իշխող կուսակցության առայժմ փակ ռեժիմով նախապատրաստվող արտահերթ համագումարում կարող է ձևավորվել ուժերի այնպիսի դասավորություն, որը կամ կամրապնդի Էրդողանի ազդեցությունը քաղաքականության վրա և երկրի կառավարումը նրա ձեռքով, հետևաբար Թուրքիայի 26-րդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը անխուսափելի կդառնա, կամ տեղի կունենա հակառակը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Դեռ անցյալ տարվա առաջին խորհրդարանական ընտրություններից ակնհայտ էր, որ Թուրքիայի վարչապետի ու նախագահի միջև հակասություններ են ձևավորվելու և աստիճանաբար խորանալու են: Առավելևս արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որտեղ «Արդարություն և զարգացումը» հաղթելով՝ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն կազմել, ցույց տվեցին, որ Էրդողանը անցնելու է իր «Պլան Բ»-ին՝ Սահմանադրության փոփոխությանը և երկիրը խորհրդարանական կառավարումից նախագահականի տանելուն: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ չի դարձել, որ հանդուրժի որևէ մեկի, ով էլ լինի, օրենսդրական առավելությունները իր նկատմամբ: Նա չի կարող և չի ցանկանում լինել այնպիսի նախագահ, ինչպիսին Աբդուլա Գյուլն էր, երբ ինքն էր վարչապետը: Էրդողանն ունի ոչ միայն անձնական, այլև Թուրքիան տարածաշրջանային պետությունից համաշխարհային պետություն դարձնելու հավակնություններ: Ո՞վ է Ահմեդ Դավութօղլուն, որ դիմակայի նրա տիեզերական առաքելությանը: Իսկապես՝ Թուրքիայում սկսվում է ով՝ ում պայքարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ