Հարկային նոր օրենսգիրքը, որն այսօր քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում, ըստ Հրանտ Բագրատյանի` «աղբի մակարդակի» փաստաթուղթ է: Պատգամավորը 118 դիտողություն ունի նախագծի վերաբերյալ և վստահ է, որ դրանում խոստացված բարեփոխումները չկան:
«Երբ որոշում եք ստեղծել հարկային համակարգ, ինչպես ասում եք՝ հեղափոխական, եթե մասնագետ եք, պետք է նախ և առաջ պարզեք, թե ինչ տնտեսություն եք ստեղծել»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ պետք է հստակեցնել` հարկերն ավելի շատ արտադրությա՞ն վրա պետք է դնել, թե՞ սպառման: «Այս մասով ծիծակից այն կողմ չգնացիք, ծիծակից ու թթու դրած վարունգից: Մենք չունենք որևէ փաստաթուղթ, որը մեզ ասում է, որ 2025-ին կամ 2030-ին կառավարության նպատակադրումը տնտեսության այս կառուցվածքն է: Սա չարած՝ չի կարելի մոտենալ Հարկային օրենսգրքին: Կարելի է փոփոխություն անել օրենքներում, բայց չի կարելի ներկայացնել իբրև նոր օրենսգիրք: Դուք նոր օրենսգիրք գրելու հիմք չունեք, իզուր տեղը պետք չէ պղտոր ջրում ձուկ բռնել կամ էլ դույլի մեջ փոթորիկ առաջացնել»,- համոզմունք հայտնեց Բագրատյանը:
Պատգամավորի պնդմամբ, այսօր ընդհանրապես շրջանառության հարկի որևէ շեմի կարիք չկա: «Երբ անցած տարի վարչապետը եկավ, ըստեղ ասեց՝ շրջանառության հարկը մեկ տոկոս, ասի՝ կքանդես, մի արա: Ավելին, երբ ինձ հարցրին՝ իսկ ի՞նչ եք կարծում՝ հուպ տանք ավելացված արժեքի հարկի վրա, թե՞ շրջհարկին, եղբայր, Եվրոպան ունի երկու պրոբլեմ՝ եվրոն է ու ԱԱՀ-ն: Չեն հաղթահարում մարդիկ էդ պրոբլեմը: Բոլոր երկրները, որոնք զարգանում են, շրջանառության հարկի հաշվին է: Ոչ թե էն մի տոկոսը, որ մենք մի մոմենտ ջրիկացանք ու հելանք ասեցինք՝ մեկ տոկոս է լինելու: Հինգ տոկոս թող լինի, եղբայր»,- մանրամասնեց Բագրատյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ