Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թրամփը չկարողացավ չկողմնորոշվածներին համոզել

Թրամփը չկարողացավ չկողմնորոշվածներին համոզել
23.10.2016 | 10:57

Ինչպես և հարկն է, հանրապետական Դոնալդ Թրամփի PR թիմը շարունակում է հավաստիացնել, որ նա, անկասկած, կհաղթի, բայց նրա հեռանկարների գնահատականները ԶԼՄ-ներում վերջին օրերին դամբանականի երանգներ են ստանում:
Օրինակ՝ Մայքլ Գուդմանի սյունակը աջակողմյան New York Post-ում, որ Թրամփի կողմնակիցներից է: Սյունակը, որ նվիրված է չորեքշաբթի օրը Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի երրորդ՝ վերջին հեռուստաբանավեճին, վերնագրված է. «Թրամփը վերջապես բարձունքի վրա էր, բայց դա չի արգելակի Հիլարիի ճանապարհը Սպիտակ տուն»:

Գուդմանի կարծիքով՝ հեռուստաբանավեճի վերջին Թրամփը խամրել ու կորացել էր: «Նա բացահայտ թեթևացում էր զգում ու ուժասպառ և չէր ժպտում, երբ հարազատները միացան իրեն բեմում: Շարժումների լեզուն ասում էր, որ վերջապես գլխի է ընկել՝ իր վերջին, լավագույն շանսը ձեռքից բաց է թողնում»,- գրում է Մայքլ Գուդմանը: «Թրամփն իրեն վատ չդրսևորեց,-շարունակում է նա,- դա նրա ամենապատրաստված ու բովանդակալից ելույթն էր, բայց բավականաչափ ուժեղ չէր, որ փոխի ընտրարշավի ընթացքը՝ նա Լաս Վեգաս եկավ՝ ընտրարշավի պոչը բռնած, այդպես էլ հեռացավ»:


Տարածությունը կրճատվում է


Թրամփը այնքան էլ հետ չի մնում: Նախկինում նա շատ ավելի վատ իրավիճակներից է չոր դուրս եկել: RealClearPolitics կայքի տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան Քլինթոնը նրանից առաջ էր միջինը 7,2 %, իսկ հինգշաբթի առավոտյան՝ 6,4 %: Վերջին բանավեճը դեռ որևէ դեր չէր խաղացել, պարզապես ԱՄՆ նախագահական ընտրություններում մրցակիցների միջև տարածությունը վերջնամասում միշտ կրճատվում է: Կայքի քաղաքագետ Շոն Տրենդին հիշեցնում է, որ անցյալ տարվա օգոստոսի կեսին Թրամփը Քլինթոնից հետ էր մնում 14 %, իսկ մեկ ամսից հավասարվեց նրան: Ապրիլի վերջին նա Քլինթոնին զիջում էր 9 %, մեկ ամիս անց համարյա հավասարվել էր նրան:


Ամռանը դեմոկրատների նախընտրական հաջողված համագումարից և զոհված կապիտան Խումայուն Խանի մուսուլման ծնողների վրա հրապարակային հարձակումներից հետո միլիարդատերը սկսեց հետ մնալ 8 %, բայց մեկ ամիս անց մրցակցին հասավ: Խնդիրն այն է, որ հիմա Թրամփն այլևս մեկ ամիս չունի: Գուցե Գուդմանը ճիշտ է և Թրամփը վերջապես հասկացել է, որ հաղթանակը ձեռքից բաց է թողել: Մամուլը նկատել է, որ վերջին տվիտներում նա արդեն գրում է «եթե ես հաղթեմ» առաջվա «երբ ես հաղթեմի» փոխարեն: Մեջբերում են նրա կողմնակից, քաղտեխնոլոգ Էդ Ռոլինսին, որ աշխատել է դեռ Ռոնալդ Ռեյգանի հետ: Ռոլինսը վերջերս ասաց, որ Թրամփին օգնել կարող է միայն հրաշքը: Լավատես թրամփականները հիշեցնում են Մեծ Բրիտանիայում բրեկզիտի հանրաքվեն և Կոլումբիայում ՖԱՐԿ-ի պարտիզան մարքսիստների հետ խաղաղության համաձայնագիրը: Երկու դեպքերում էլ հարցումները վկայում էին մեկ տարբերակ, իսկ ընտրողները քվեարկեցին հակառակի օգտին: Թրամփականներին թևավորում է և այն փաստը, որ տարիուկես Թրամփի թեկնածությունը բազմիցս հուղարկավորել են և ամեն անգամ սխալվել են: Թրամփի ճամբարում մեծ հույսեր ունեն, որ վերջին հեռուստաբանավեճը կփոխի ընտրարշավի դինամիկան, որ վերջերս նրա համար շահեկան չէր: Գուդմանի խոսքով՝ նրան պետք էր տպավորություն թողնել ոչ այնքան իր երկրպագուների վրա, որքան չկողմնորոշվածների, որ այս պահին արդեն այնքան էլ շատ չեն մնացել: Վերլուծաբանը կարծում է, որ այդ նպատակին Թրամփը չհասավ:


Կընդունի՞, չի՞ ընդունի


Լիբերալ մեկնաբանները համերաշխ արձանագրեցին, որ այդ երեկո Թրամփը վերջնականապես խաչ դրեց իր թեկնածության վրա՝ հայտարարելով, որ ինքը նոյեմբերյան քվեարկության արդյունքները պարտադիր չի ընդունի: Խոսող գլուխները դատապարտում էին Թրամփին ուշ գիշերը և շարունակեցին մեղադրել հաջորդ առավոտյան: Ձախազատական կաբելային MSNBC ալիքը նույնիսկ գովեց Ռիչարդ Նիքսոնին, ում սովորաբար այնտեղ տանել չեն կարողանում և հիշեցրեց, որ նա տեսականորեն կարող էր վիճարկել 1960-ի ընտրության արդյունքները, բայց չարեց՝ մտածելով երկրի շահերի մասին: Այն ժամանակ նախագահ դարձավ Ջոն Քենեդին: Առաջարկներ լսվեցին, որ Թրամփը իր երկրպագուներին կոչ է անում ձեռքները եղաններ վերցնել, նույնիսկ կասկածներ հնչեցին, որ Թրամփը քաղաքացիական պատերազմ է նախապատրաստում իր պարտության դեպքում: Լավագույն դեպքում ենթադրում էին, որ Թրամփը մտածել է ինչ-որ հեռուստատեսային նախագիծ ու ժողովրդի մեջ հեղափոխական կրքեր է արթնացնում զուտ մերկանտիլ նպատակներով: Հեռուստաբանավեճը վարող Քրիս ՈՒոլեսը Fox News հեռուստաալիքից Թրամփին ասաց, որ ԱՄՆ-ում ժողովրդավարական կարգը հիմնվում է սկզբունքի վրա, որ պարտվածը անխոս ընդունում է ընտրողների կամքը: Իսկ Թրամփը, կարծես, այդ սկզբունքը պատրաստ չէ պահպանել: Թրամփի պաշտպանները Fox-ում մի պահ շփոթվեցին, բայց հետո հիշեցին, որ 2000-ին քվեարկության արդյունքները սկզբում չընդունեց դեմոկրատ Ալբերտ Գորը ու վիճարկեց դատարաններում: Ընդ որում՝ ընդգծում էին նրանք՝ ընտրությունների արդյունքները վիճարկել նրան դրդում էր ոչ այլ ոք, եթե ոչ Հիլարի Քլինթոնի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, որ Գորի մեջ տեսնում էր իր գործը շարունակողին:

Շատ ամերիկացիներ դեռ հիշում են Ֆլորիդայում թղթե քվեաթերթիկների անվերջ վերահաշվարկները: Ընտրությունների ելքը 2000-ի դեկտեմբերին որոշեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանը՝ հաղթանակը տալով հանրապետական Ջորջ Բուշին: Պահպանողական տրիբունաները հիշեցրին, որ հետո շատ դեմոկրատներ Բուշին անվանում էին անօրինական նախագահ: Նույն Հիլարի Քլինթոնը 2002-ին ասել է, որ նա «նշանակվել, ոչ թե ընտրվել է»: Հարցումները ի վերջո ցույց կտան՝ վնասե՞ց իրեն Թրամփը այդ հայտարարությամբ, որ փոթորիկ հարուցեց ԶԼՄ-ներում:


Ի՞նչ են ասում ֆոկուս-խմբերը


Վերջին շաբաթը Հիլարի Քլինթոնն ընդհատակ էր անցել և պատրաստվում էր հեռուստաբանավեճին, Թրամփը, ինչպես միշտ, նետվում էր հանրահավաքների, որտեղ լիցքավորվում էր լսարանի էներգիայով: Լաս Վեգասում նրա մրցակիցը շատ ավելի կոփված ու փորձառու բանավիճող էր, քան նա՝ New York Post-ում գրում է պահպանողական Մայքլ Գուդմանը: Ձախակողմյան Vox սայթը կարծում է, որ երրորդ հեռուստաբանավեճում Քլինթոնի ելույթը քարը քարի վրա չթողեց Թրամփի նախընտրական արշավից: «Դոնալդ Թրամփը ոչ միայն ինքնաոչնչացվում էր,- ասվում է կայքում:- Նրան ոչնչացնում էր Հիլարի Քլինթոնը»: Մյուս կողմից՝ ֆոկուս խմբի մասնակիցների մեծամասնությունը, որ դիտել են հեռուստաբանավեճը CNN-ում ու Fox-ում, հաղթանակը տվել են Թրամփին: Հեռուստաբանավեճին Քլինթոնի նախապատրաստությունը բազմիցս հռետորական արդյունքներ է բերել: Թրամփի երկրպագուները ԶԼՄ-ներում միլիարդատիրոջը գովաբանում էին, որ նա մրցակցին մեղադրեց երեսպաշտության մեջ՝ նկատելով, որ Քլինթոնների ընտանիքի հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է ստանում այնպիսի երկրներից, ինչպես Սաուդյան Արաբիան, որտեղ կանայք բռնությունների են ենթարկվում ու նրան կոչ էին անում վերադարձնել գումարները: Քլինթոնը հակադարձում էր, որ իր հիմնադրամը զբաղվում է բարեգործությամբ, մինչդեռ Թրամփի հիմնադրամը գնել է Թրամփի դիմանկարը ողջ հասակով: Նախկինում Թրամփը քանիցս տրտնջում էր չինական ապրանքների ներկրումից:

Բայց բավական էր՝ Թրամփը հպարտությամբ նշեր, որ իջևանել է Լաս Վեգասի իր հյուրանոցում, որ Քլինթոնն անմիջապես հիշեցներ՝ շինարարության համար օգտագործվել է չինական պողպատ: Թրամփը երկար ժամանակ թույլ չէր տալիս մրցակցին իրեն հունից հանել, բայց Քլինթոնին դա հաջողվեց, երբ նրան անվանեց «Պուտինի խամաճիկ»: «Խամաճիկը դու ես»՝ երեխայի նման մի քանի անգամ կրկնեց միլիարդատերը:
Վլադիմիր Կոզլովսկի, BBC


Հ.Գ. Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացել է 15 օր՝ նոյեմբերի 8-ին ԱՄՆ ժողովուրդը հաղթանակը կտա Հանրապետականներին՝ նրանց Սպիտակ տուն վերադարձնելով ութամյա ընդմիջումից հետո, կամ Սպիտակ տանը կթողնի դեմոկրատներին՝ վերադարձնելով Քլինթոն ընտանիքին՝ առաջին անգամ իր պատմության մեջ կին նախագահ ունենալով: Ձախլիկ մուլատ նախագահից հետո դա արդեն այնքան էլ սարսափելի չի թվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ