Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Հերմինե Նաղդալյան. Մի անգամ փորձ անեիք իջնել «ամենաանսխալի» պատվանդանից

Հերմինե Նաղդալյան. Մի անգամ փորձ անեիք իջնել «ամենաանսխալի» պատվանդանից
17.11.2016 | 01:16

ԱԺ-ում այսօր շարունակվեց «Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթից առաջ պատգամավորներին կոչ արեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան ազատամարտում ու քառօրյա պատերազմում, շփման գծում զոհված զինվորների հիշատակը, ապա շարունակեց ելույթը. «Երրորդ օրն է Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողների ընտանիքներին հատուցում վճարելու հարցը: Իսկապես, բացառիկ համապետական նշանակության հարց է, և թե օրենքի ընդունումը, թե այդ հիմնադրամի հետագա գործունեությունը, որ պետք է բացառիկ անկեղծության մթնոլորտում կատարվի, և ես ողջունում եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ այս օրինագծի ներկայացնելու համար ընտրած ձևը՝ բաց և անկեղծ զրույց:

Բովանդակային առումով հարցը բանավեճ կամ կարծիքների բախում չի առաջացնում: Իրականում, մեր հասարակության մեջ հարց չի առաջանում զոհված կամ վիրավոր, առողջությունը կորցրած զինվորին կամ զինվորի ըտնտանիքին պե՞տք է աջակցություն լինի, թե՞ ոչ: Ապրիլյան և հետապրիլյան օրերին մենք ականատես եղանք մեր հասարակության թե մարտական գործողություններին և թե բանակին աջակցությանը միահամուռ մասնակցությանը, բազմաթիվ մարդկանց ինքնակազմակերպված գործողություններին , ովքեր իրենց անգամ շատ համեստ հնարավորություններով մասնակցեցին և աջակցեցին համազգային պայքարին: Ժամանակին բազմիցս հնչած հոռետեսությունը և թերահավատությունը, որ ժողովուրդը հիասթափված է, անհրաժեշտության դեպքում չի համախմբվի, ոտքի չի կանգնի, հօդս ցնդեցին: Ժողովուրդը մի քանի ժամում ոտքի կանգնեց և ևս մեկ անգամ զարմացրեց իր միասնականությամբ ողջ աշխարհին: Հիմա ևս նման հոռետես փաստարկները համարում եմ անտեղի և անհիմն: Մեր բազմաթիվ շփումները տարբեր մարդկանց հետ և հատկապես զոհվածների և վիրավոր զինծառայողների ընտանիքների հետ դա են վկայում: Խորապես վստահ եմ, որ ոմանց կանխատեսումները՝ հասարակության փոթորկման, ըմբոստացման, երկփեղկման մասին և այլն, անազնիվ են, իրականությանը չեն համապատասխանում և պարզապես ցույց են տալիս, թե որքան են այդ կանխատեսողները կտրված ժողովրդից և հասարակությունից:

Հնչեցին տարբեր հարցեր, Օրինակ՝ հա՞րկ է, տո՞ւրք է, ապահովագրությո՞ւն է, թե ինչ: Հարկ լինի, տուրք լինի, վերջին հաշվով եկեք ընդունենք որպես ազգային տուրք, համազգային տուրքի գաղափարը լավ աշխատել է մի շարք ազգերի մոտ, որ համազգային պայքարի մեջ են եղել, մենք էլ ենք ժամանակին ունեցել, մեր մտավորականները, գրողները անդրադարձել են այս գաղափարին, եկեք վերագտնենք:

Ինչո՞ւ ԿԲ-ում: Կարծում եմ՝ այդ հարցը բացատրվեց, բայց ԿԲ-ում կլինի, թե մեկ այլ տեղում և այլ ձևով, միշտ կարելի է գտնել հակափաստարկ: Միայն իրական թափանցիկությունը կլինի բոլոր հարցերի պատասխանը, դա հանրության մասնակցությունն է կառավարմանը և հանրային վերահսկողությունն է: Արդեն օրենքի նախագծի մեջ փորձ է արված բոլոր հնարավոր ռիսկերը կանխատեսել և նվզագույնի հասցնել, նախատեսված է հստակ նպատակադրում՝ ծախսերի սահմանափակումներ, հաշվետվողականություն, հոգաբարձուների խորհուրդ, հանրային դեմքերի մասնակցություն խորհրդում և այլ քայլեր, որոնք ուղղված են վստահելիությանը:

«Նախընտրական դիվիդենդների» մասով՝ Աստված սիրեք, իրականության հետ որևէ աղերս չկա և նախընտրական դիվիդենդների համար շատ ավելի արդյունավետ բան կարելի էր մտածել:

Ամպագոռգոռ խոսքեր էլ հնչեցին՝ «Առանց իմ թույլտվության իմ գրպանը մտնելու» և այլնի մասին: Ինչի՞ մասին եք խոսում, օրենքի նախագիծ է բերված, որը քննարկվում է Ազգային ժողովում, 3 օր է ի՞նչ ենք քննարկում:

ՈՒզում եմ խնդրել մեր գործընկերներին՝ այս օրինագծի քննարկման ընթացքում ձեռնպահ մնալ նման մոտեցումից, մի անգամ վեր կանգնել քաղաքական դիրքորոշումներից, քննադատական մոլուցքով տոգորված այս ելույթներից, մի անգամ այս ամբիոնը չօգտագործեիք Ձեր քաղաքական նպատակներով (հազար անգամ խոսելու առիթ ունեցել եք, էլի կունենաք), գոնե այս հարցը չօգտագործեիք սեփական քաղաքական նպատակների համար, հասկանում ենք՝ նախընտրական շրջան է: Բայց մի անգամ փորձ անեիք իջնել Ձեր «ամենաանսխալի» պատվանդանից, Ձեր մասին «ամենաազնիվի» և «ամենախելոքի» կարծիքից և մյուսներին սևացնելու մոլուցքից հետ կանգնեիք:

Գոնե այս նպատակներով և այս ձևով ներկայացված հարցի քննարկման մեջ կասկածամտություն և մաղձ չլիներ: Լիներ հասարակությանը համախմբելու, համազգային այս գաղափարի շուրջ միաբանվելու գործին ձեր հեղինակությամբ աջակցելը: Ազգ-բանակ գաղափարախոսությունը սկսեք մի քիչ էլ ձեզ վրա տարածել:

Բայց այս քննարկման ընթացքում ես համոզվեցի, որ անկախ, թե ինչ ենք այսօր ասում, բոլորս էլ կողմ ենք օրինագծին: Մի զարմացեք, պարադոքսալ է գուցե հնչում, նույնիսկ եթե կողմ չքվեարկեք, հարգարժան գործընկերներ, քննարկվում է հարց, որին դուք չեք կարող կողմ չլինել, որովհետև վերաբերում է հայ զինվորին:

Իսկ մենք այս երեք օրը նրան մոռացանք: Հենց այդպես՝ վերցրինք ու մոռացանք: Մենք քննարկեցինք աշխարհի տակ ինչ խնդիր կա՝ կոռուպցիա, թալան, պահածո, բյուջե, մատակարար, դղյակ, հիմնադրամ, ներդրումների ռիսկայնություն, բայց մոռացանք՝ զինվորին, սպային, սահմանում կանգնածին՝ հերոսաբար և անձնվեր:

Անդրադարձանք օրինագծից դուրս բազմաթիվ հարցերի՝ հասկանում եմ, ընտրությունները մոտենում են, բայց նորից հիշեցնեմ՝ սա քաղաքական հարց չէ, համաձայն եմ՝ ֆինանսական, սոցիալական, բարոյահոգեբանական հարց է, բայց ոչ քաղաքական, այս օրինագծի շուրջ քաղաքական պայքար լինել չի կարող ու չպիտի լինի: ՈՒ դուք էլ դա գիտեք:

Համոզված եմ, որ օրինագծի նպատակը ոչ մեկի կասկածը չի հարուցում, ու ամբողջ երեք նիստ շատերը այս դահլիճում դառնություն զգացին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ինչպես գեներալ Սեյրան Սարոյանն ասաց՝ ստիպված էր պատասխանել տարբեր ձևերով առաջադրվող նույն հարցին: Ի պատիվ իրեն՝ պետք է ասեմ շատ հիմնավոր ու կարևոր փաստարկներ բերեց՝ ավելի քան համոզիչ, ավելի քան պատրաստակամ: Պաշտպանության նախարարը, կարծում եմ, քննարկվող օրինագիծը ոչ միայն ի պաշտոնե էր ներկայացնում, այլև հոգով-սրտով է պաշտպանում ու դա շատ կարևոր է հետոյի համար, երբ օրենքը ընդունվի ու սկսի գործել:

Այստեղ տարբեր կոչեր հնչեցին, ես չեմ ուզում ու իմաստ չեմ տեսնում բոլորին անդրադառնալ, բայց ուզում եմ հիշեցնել, որ այնպես չէ, որ 25 տարի մենք հայոց բանակի զինվորին անուշադրության ենք մատնել: Ընդունում եմ, որ ամեն ինչ չենք կարողացել անել, բայց ուզում եմ հիշեցնել՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ժամանակ սկսվեց, Սեյրան Օհանյանի նախարարության ժամանակ շարունակվեց բնակարանաշինության ծրագիրը ազատամարտիկների համար, զոհվածների ընտանիքների համար, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամների համար, երեկ շատ սրտացավորեն առաջնահերթ այդ ծրագիրը կարևոր համարեց պաշտպանության ներկա նախարար Վիգեն Սարգսյանը: ՈՒզում եմ նաև հիշեցնել, որ այս օրինագիծը կառավարություն ներկայացնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց՝ «մեր քաղաքացիների օգնությամբ կարող ենք կտրուկ բարելավել այս իրավիճակը»:

Շատ հարգված իմ գործընկերոջը ուզում եմ ասել, որ ազգային տուրքի այս գաղափարը չի կարելի ներկայացնել որպես մուրացկանություն: Ես ընդհանրապես անթույլատրելի եմ համարում այդ գաղափարի համեմատությունը որևէ այլ գաղափարի հետ, որովհետև առնչվում է ազգային անվտանգությանը, իսկ այդ հարցը քննարկումներից դուրս է:

Եվ սա պետք չէ կապել ոչ ստվերի դեմ պայքարի, ոչ թալանվածի վերադարձի, ոչ պրոգրեսիվ հարկի և ոչ էլ պատերազմի վտանգի հետ: Դրանք քայլեր են, որ մեր քաղաքականության ծիրում են, որոնք մենք աստիճանաբար, քայլ առ քայլ անելու ենք, բայց սրանք կապված չեն այն նպատակների հետ, որոնք դրված են այսօր: Սա պետք է կապել միայն մեր պարտավորության հետ՝ օր առաջ, ժամ առաջ լուծելու խնդիրները այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի համար, այն ընտանիքների, որ ոչ միայն հարազատի կորուստ են ունեցել, այլև մեծ մասամբ կարիքի մեջ են: Եվ այս իմաստով միանում եմ նաև իմ գործընկերների այն կարծիքին, որ այս հիմնադրամի գործունեությունը պետք է տարածվի և ապրիլյան պատերազմի, և մեր մյուս զոհերի վրա, որոնց ընտանիքները կարիք ունեն:

Ամփոփեմ՝ երրորդ օրն է՝ պտտվում ենք այդ հազար դրամի շուրջ ու քրքրում ենք բյուջեն, հիմնադրամ ստեղծելու ռիսկայնությունը, կառավարիչների որակն ու քանակը, հավատն ու վստահությունը: Կարծես մոռացել ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, և դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական աջակցությամբ կամ խոսքերով, այլև մասնակցությամբ:

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության հատուցման մասին օրենքը չի կարող ու չպետք է հայոց խորհրդարանում «կողմ» ձայներ չստանա՝ այս վստահությամբ էլ կոչ եմ անում իմ գործընկերներին՝ կողմ դնել քաղաքական նկատառումները, տնտեսագիտական վերլուծությունները, կասկածները ու անկեղծ սրտով «կողմ» քվեարկել մի օրինագծի, որ հայոց բանակի զինվորի վստահությունն ու հավատն է մեծացնելու իր ու իր հարազատների ապագայի համար, մեծացնելու է մեր բանակի մարտունակությունը և մեր երկրի անվտանգությունը:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ