Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ոչ թե ի վնաս Բյուլբյուլօղլու, այլ հօգուտ ՅՈԻՆԵՍԿՕ-ի»

«Ոչ թե ի վնաս Բյուլբյուլօղլու, այլ հօգուտ ՅՈԻՆԵՍԿՕ-ի»
07.04.2017 | 13:16

«Իրատեսի» հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԻՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ»


-Տիկին Լարիսա, «Հաջակցություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ ՀԿ-ների կոալիցիան» նախաձեռնել է Փոլադ Բյուլբյուլօղլու՝ ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին նշանակումն արգելակելու գործողությունների ծրագիր: Ի՞նչ կարող է անել որևէ երկիր՝ հասարակական կազմակերպության մակարդակով (եթե դա անգամ Հայաստանի նման փոքր ու թույլ լծակներ ունեցող երկիր չէ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման միջպետական կառույցի ծրագիրը խափանելու առումով:
-Չնայած մենք վերապահումներով ենք վերաբերվում ՀԿ-ներին մեր երկրում, բայց ես ինձ՝ որպես գործիչ, ավելի կայացած եմ զգում հենց այդ դաշտում: Թվում է, թե ՀԿ-ները չունեն առանձնապես մեծ նշանակություն և ազդեցություն քաղաքական որոշումների վրա. այստեղից է գալիս մեր հոռետեսությունը: Բայց իրականում այդպես չէ: Միջազգային և միջպետական կազմակերպությունները տարեցտարի ավելի լայնորեն են բացում դռները ՀԿ-ների առաջ: Եվ դա տեղի է ունենում այն հայեցակարգի ներքո, ըստ որի՝ սկզբում այդ կառույցներում ՀԿ-ների համար սահմանված մասնակցությունն այժմ վերածվել է ընդգրկվածության: Սա ոչ միայն ՀԿ-ների, այլև մարդու ընդգրկվածությունն է փաստում: Մարդը պետք է ընդգրկված լինի միջպետական, միջազգային գործընթացներում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածներից մեկն այն մասին է, որ ամեն մարդ իրավունք ունի մասնակցելու իր երկրի կառավարման գործընթացին: Սա համարվում է վերին աստիճանի արդիական պահանջ: Եվ հետևելով հենց թեկուզ այդ հորդորին՝ միջպետական կազմակերպությունները ևս կարևոր են համարում ՀԿ-ների կարծիքը: Նրանք համոզված են, որ ՀԿ-ների դիմումները պետք է քննարկվեն, հաշվի առնվեն: Սա դրական բան է, և ես ողջունում եմ:
-Կանոնակարգային դրույթներն ու սահմանումները թողնենք մի կողմ: Կոնկրետ այսօր ի՞նչ կարող է տալ կոալիցիայի նախաձեռնած քայլը: Դուք կարծում եք, որ կարող եք գործնական որևէ արդյունքի՞ հասնել՝ ի վնաս Բյուլբյուլօղլու:
-Այո՛, կարող ենք: Բայց ոչ թե ի վնաս Բյուլբյուլօղլու, այլ հօգուտ ՅՈԻՆԵՍԿՕ-ի: Ես երբեք չեմ դրսևորել հակահայկական կամ հայամետ, հակաադրբեջանական կամ ադրբեջանամետ դիրքորոշում: Գուցե խոսքս շատերին զարմացնի, բայց երբ նայում ենք մեր աշխարհագրական դիրքին, հասկանում ենք, որ միջազգային կառույցների հռչակագրային կետերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը մեզ համար չափազանց կարևոր են, մեր նպատակներին մոտ: Մեր ձգտումները միշտ համընկնում են այն դրական թեզերի հետ, որոնք կան նշածս փաստաթղթերում: Օրինակ՝ դրանցում ասվում է, որ վեճեր միշտ լինում են, բայց պատերազմ չպիտի լինի, վեճերը պիտի լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:
-Տիկին Լարիսա, բայց մենք՝ հայերս, հենց այդպես էլ փորձում ենք անել: Դա չի անում Ադրբեջանը, որն այսօր նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ղեկավարելու: Սա արդեն այն դեպքն է, որ մենք, մեծ հաշվով, պիտի անհանգստանանք աշխարհի՞ համար:
-Ես հենց դա էլ ասում եմ: Մենք գրել ենք նամակ և սկսել այն մտքից, որ պետք չէ մեր նախաձեռնության մեջ փնտրել միտում՝ խարսխված ազգային հողի վրա: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությամբ, նշում, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված այդ կառույցների աշխատանքը և այս տեսանկյունից փաստում, որ իրենք վտանգված են Բյուլբյուլօղլու նշանակումով և վտանգում են նաև մեզ, որովհետև մենք բոլորս մարդկության մեկ ընտանիքի անդամներ ենք, ինչպես գրված է հենց այդ ինստիտուտների կանոնագրքերում: ՈՒ մենք ոչ թե մեր ասելիքը ներկայացնում ենք անհիմն, չպատճառաբանված ձևով, այլ երեք մասից բաղկացած փաստարկված նամակով, որում ասվում է, որ Փոլադ Մուռթուզա օղլի Մամեդովը, որը հայտնի է Բյուլբյուլօղլի մականունով, նախկինում ունեցած իր գործունեությամբ և այսօրվա հռետորաբանությամբ չի համապատասխանում այն վեհ նպատակներին և գաղափարներին, որոնք ներառված են թե՛ ՄԱԿ-ի, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրական կետերում: Մենք նշում ենք, որ երբ նա եղել է մշակույթի նախարար Ադրբեջանում (1988-1991 և 1991-2006 թթ.), այդ ընթացքում եղել են սարսափելի իրողություններ՝ ուղղված մշակույթի, կրթության, հոգևոր արժեք ներկայացնող այլ երևույթների դեմ: Մենք բացատրում ենք, որ մշակութային արժեքներ ոչնչացնող երկրի ներկայացուցիչը չի կարող տնօրինել այն հաստատությունը, որը կոչված է հոգ տանելու և զարգացնելու մշակույթը, կրթությունը, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների, ժողովուրդների փոքրաթիվ խմբերի մշակույթը: Մենք այնքան չենք շեշտել հայկական թեման, Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը, որքան նրա իշխանության օրոք կատարված մյուս խայտառակությունները, օրինակ՝ Ադրբեջանի պատվավոր քաղաքացի, հանրահայտ գրող Աքրամ Այլիսիլիի գրքերն այրելու փաստը: Գրքերն այրելու տեսարանը միայն Եվրոպայի համար կարող է հիմք ծառայել՝ զուգահեռներ անցկացնելու Ադրբեջանի ու ֆաշիստական Գերմանիայի միջև: Գերմանիայում այդ բարբարոսությունը կատարվել է 20-րդ դարում, իսկ Ադրբեջանում՝ 21-րդում: Անգամ հուզական փաստի ենք անդրադարձել՝ կապված հանրահայտ երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ: Վերջինս, ի նշան բողոքի, դուրս է եկել այն կառույցից, որում ընդգրկված էր Բյուլբյուլօղլին: Այսինքն՝ մենք Բյուլբյուլօղլու նկատմամբ ներսի բացասական ընկալումն ենք վկայակոչել նաև: Իսկ այդ բացասական ընկալումը դրսևորվել է ոչ թե մի պատահական մարդու, այլ իր սեփական երկրում, ինչպես և Ռուսաստանում, աշխարհում ճանաչված ու ընդունված արվեստագետի կողմից: Շատ ավելի ճանաչված ու ընդունված, քան ինքը՝ Բյուլբյուլօղլին: Եվ մի կարևոր բան էլ ենք նշել. Բյուլբյուլօղլին առաջնորդվում է վարչահրամայական մեթոդներով, ագրեսիվ հռետորաբանությամբ: ՄԱԿ-ի բոլոր դրույթներում կա մի անքննելի նորմ՝ ուժի սպառնալիքի, ուժի կիրառման քարոզչության բացասումը: Իսկ անցյալ տարվա ապրիլյան քառօրյայի օրերին Բյուլբյուլօղլին կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին զենքով դուրս գալ և կռվել, մինչև անգամ հայտարարել է, որ ինքն էլ զենք կվերցնի ու կգնա կռվելու: Մենք բերում ենք այդ փաստը, ինչպես և այդ բնույթի մեկ ուրիշը. ՌԴ արտաքին գործոց նախարար Լավրովին «ոչ ցանկալի» հարց ուղղած ադրբեջանցի լրագրողին ազատել են աշխատանքից, և ըստ լրատվության՝ դա արվել է Բյուլբյուլօղլու ցուցումով: ՈՒ այդ դեպքը միակը չէ: Թվարկելով և փաստերով հաստատելով այս բոլոր իրողությունները՝ բացատրում ենք, որ այսպիսի տվյալներով մարդու գտնվելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում աբսուրդ է: Մենք սա ենք շեշտադրում և ասում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրեն չպիտի վտանգի և խաթարի այն պատկերացումները, որ կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին՝ տուրք տալով Ադրբեջանի քաղաքական էլիտայի ցանկությանը:

«ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԵՆ ԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՆ ԿԱՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն, ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
ԻՆՔՆԵՐՍ ՄՏՆԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԵՂՔԻ ՏԱԿ ԵՎ ՉԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՈՒԺԵՐԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Է»


-Ե՛վ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և՛ Եվրոպան շատ լավ տեղյակ են այդ ամենին: Այնպես չէ, որ հայաստանյան ՀԿ-ների կոալիցիայի կազմած նամակից պիտի իմանան Ադրբեջանի ու Բյուլբյուլօղլու նկարագրի մասին, ինչպես և Ջուղայի խաչքարերի ոչնչացման, ինչի առնչությամբ նույն այդ ՅՈԻՆԵՍԿՕ-ն ծպտուն էլ չհանեց: Այսպիսի Եվրոպայից և այսպիսի ՅՈՒՆԵՍԿՕ-ից կարելի՞ է ինչ-որ ադեկվատ վերաբերմունք ակնկալել:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձագանքեց Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը:
-Ե՞րբ արձագանքեց: Այն ժամանակ, երբ սև գործն արել-վերջացրե՞լ էին:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձեց անգամ մուտք գործել, բայց արգելեցին: Եվ եթե ինչ-որ բան չեն արել Եվրոպան կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արդյո՞ք մենք կարող ենք ինքներս մտնել այդպիսի մեղքի տակ և չանել այն, ինչ մեր ուժերի սահմաններում է:
-Իհարկե, չենք կարող և պիտի անենք: Բայց ինձ հետաքրքրում է արվող քայլի արդյունավետության ցուցանիշը:
-Եթե քայլ ենք անում, արդյունք լինում է: Մի քանի տարի առաջ կար նպատակ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից տեղափոխելու Ստամբուլ: Եվ դա արվելու էր շատ պարզ պատճառով. Թուրքիան մեծ գումար էր տալիս, իսկ ՄԱԿ-ը միշտ գումարների կարիք ունի: Մարդիկ վստահ էին, որ գործարքը պիտի հաջողվի, բայց չհաջողվեց, որովհետև հայաստանյան ՀԿ-ների միավորումը շատ հիմնավոր մի դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ին: Դրանից հետո Հայաստան եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 1-ին տեղակալը: Նա հանդիպեց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսեց նրանց, և գործընթացը կասեցվեց: Մենք պարծենում ենք ու իրավունք ունենք պարծենալու մեր ՀԿ-ների մակարդակով: Իհարկե, չենք խոսում գրանցված բոլոր 6500 ՀԿ-ների մասին: Մենք ընդամենը 22 ՀԿ-ների անունից էինք դիմել ՄԱԿ-ին: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք ժամանակին մեկ կամ ավելի ծրագրեր էին իրականացրել ՄԱԿ-ի որևէ հաստատության հետ համատեղ: Այն ժամանակ էլ մեզ թերահավատորեն էին վերաբերվում, մտածում էին, թե ՀԿ-ները ՄԱԿ-ին չեն կարող ինչ-որ բան համոզել: Բայց տեսան, որ այդպես մտածելը սխալ է, որ մենք կարողացանք արդյունքի հասնել: Ես իմ ողջ կյանքում առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով. «Կան բաներ, որ լավ է անել, կան բաներ, որ պետք է անել, և կան բաներ, որ իրավունք չունես չանելու»: ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեր դիմումը թելադրված է այս կարգախոսի վերջին մասով: Մենք ուզում ենք ասել, որ հայերի շահերը ոչ թե չեն հակասում են միջազգային հանրության լավագույն նպատակներին, այլ հակառակը՝ խիստ համընկնում են դրանց, և մենք կողմնակից ենք դրանց գործնական կիրառմանը: Այնպես որ, իմ լավատեսությունը երբեք սին չի եղել:

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱՏԱՐԵԼ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


-Երբ ասում եք, թե կան բաներ, որ իրավունք չունես չանելու, սա չի՞ տարածվում մեր արտաքին գործերի նախարարության վրա. այս կառույցն իրավունք ունի՞ որևէ բան չանելու Բյուլբյուլօղլու նշանակման դեմ:
-Լավ հարց է, շնորհակալությո՛ւն: Ես միշտ կողմնակից եմ, որ մենք՝ որպես ՀԿ ներկայացուցիչներ, պահանջատեր լինենք մեր իշխանության հանդեպ, մի բան, որ անում ենք: Մենք արդեն տեղյակ ենք պահել մեր քայլերի մասին: Մամուլի ասուլիսում պարզ ասել ենք, որ անհրաժեշտ է պետական մակարդակով կատարել հստակ գործողություններ, որոնք կարտահայտեն ոչ միայն հասարակության, այլև իշխանության, պետության նպատակներն ու տրամադրությունները: Մեր պահանջատիրությունը իշխանության հանդեպ, իհարկե, մնում է: Իհարկե, նրանք պիտի քայլ անեն: Բայց ես երբևիցե մեզ կախվածության մեջ չեմ դրել դրանից: ՀԿ-ների կոալիցիան պիտի անի իր գործը, և այդ գործի մի մասն էլ մեր իշխանությունների հանդեպ պահանջատիրությունն է:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բյուլբյուլօղլու թեկնածության քննարկման առաջին փուլը ե՞րբ է:
-Ապրիլի վերջին է: Պատահական չէ, որ մենք մամուլի ասուլիս ենք արել մարտի կեսերին: Ցանկացել ենք իրազեկել մնացած ՀԿ-ներին, գրականության, արվեստի գործիչներին, հասարակության շահագրգիռ այլ ներկայացուցիչների: Մենք ուղարկել ենք մեր հավաքական մտքի արգասիք նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին: Նույն այդ նամակում նշել ենք, որ նույնպիսի նամակով և դրան կցված ծավալուն նյութերով դիմել ենք ՅՈԻՆԵՍԿՕ-ի խորհրդի անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչներին և իրազեկման մեր գործընթացը շարունակելու ենք առհասարակ: Սա էթիկական նորմ է. մենք տեղեկացնում ենք բարձրաստիճան պաշտոնյային մեր գործողությունների մասին, ոչ թե գործում իրենից գաղտնի:
-Ովքե՞ր են ստորագրել նամակի տակ:
-Ստորագրել են «Հաջակցություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ ՀԿ-ների կոալիցիայի» անդամ 22 կազմակերպությունների ղեկավարները, ինչպես և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ, արվեստի և գրականության անվանի գործիչներ: Նամակի համառոտ տարբերակը տարածված է սոցցանցերում, և դրա տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները: Ստորագրահավաքը սահմանափակումներ չունի:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ