Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Որոշ նկարներ շատ բարձր գնով անգամ չեմ վաճառի»

«Որոշ նկարներ  շատ բարձր գնով անգամ  չեմ վաճառի»
10.05.2017 | 10:32

Օրեր առաջ հյուրընկալվեցինք Հայաստանի նկարիչների միության ավագագույն անդամ ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆԻՆ՝ իր արվեստանոցում, նկարիչների հանրածանոթ՝ Հրաչյա Քոչարի 13 շենքում: Գեղանկարիչը նշում է իր 95-ամյակը և Մեծ հայրենականի հերթական հաղթական տոնը:


«ՀՈՐՍ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ, ԲԱՅՑ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ ՄՆԱՑ «ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ» ԽԱՐԱՆԸ»


-Պարոն Աթայան, 95-ամյա բարձունքից շա՜տ դեպքեր և դեմքեր են ուրվագծվում Ձեր առաջ: Եկեք թերթենք Ձեր կյանքի պատկերագիրքը:
-Զարմանալի է գուցե, բայց մինչ օրս պահպանել եմ առաջին գործերս: Մեր ընտանիքում 8 երեխա էինք՝ չորս քույր և չորս եղբայր, ես ամենակրտսերն էի: Երեսունյոթ թվին կեղծ մատնությամբ ձերբակալեցին հորս՝ Արշակ Աթայանին, որը ճանաչված էր հանրապետությունում որպես Օմար Խայամի առաջին հայ թարգմանիչը: Նրան գնդակահարեցին, կարճ ժամանակ անց էլ արդարացրին, բայց մեր ընտանիքի վրա մնաց «ժողովրդի թշնամի» խարանը:
-Հայրենական մեծ պատերազմին շատ հայ նկարիչներ մասնակցեցին, շատերն ընկան քաջի մահով, շատերն էլ վերադարձան և շարունակեցին ապրել ու արարել:
-Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում դիպլոմային աշխատանքներ էինք պաշտպանում, երբ սկսվեց պատերազմը: Ռազմաճակատ մեկնեցին շատ դասախոսներ և սաներ: Ես կամավոր մեկնեցի ռազմաճակատ 1941 թ. սեպտեմբերի սկզբին: Ծառայում էի տանկային զորամասում՝ որպես գծագրող: Այդ գծագրերով շատ տանկիստներ էին ծանոթանում տանկային ճակատամարտերի նրբություններին:
Հետո տեղափոխվեցի փողային նվագախումբ: Մենք ռազմաճակատում համերգով դեպի ճակատի առաջին գիծ էինք ճանապարհում զինվորներին: Երևանում նվագել էի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի և «Մոսկվա» ռեստորանի ջազ նվագախմբում: Տասնհինգ տարեկան էի, առավոտյան դասի էի գնում, երեկոյան նվագում էի և սատարում մեր բազմանդամ ընտանիքին: Ռազմաճակատում նկարել չի հաջողվել, մեր նվագախումբն անընդհատ շարժման մեջ էր: Այսինքն, պատերազմին մասնակցել եմ երաժշտությամբ:
-Թերլեմեզյանի դասախոսներից ո՞ւմ եք այսօր հիշում:
-Շատերին: Բայց կառանձնացնեի Վահրամ Գայֆեճյանին և Կորյուն Սիմոնյանին: Հետո ուսումս շարունակեցի Երևանի գեղարվեստի ինստիտուտում: Արա Սարգսյանի հորդորով տեղավորվեցի 2-րդ կուրսում: Պայմանները փայլուն չէին, սակայն հիանալի դասախոսներ էին մեզ դասավանդում: Այն տարիներին Երևան հրավիրեցին դասավանդելու Օսմյորկինին, որը բարեկամացավ ինձ հետ, եկավ մեր տուն, խիստ ու անաչառ դիտեց գործերս և շատ կարևոր խորհուրդներ տվեց: Բայց արվեստաբան Եղիշե Մարտիկյանը, որ դասավանդում էր և ուսմասվարն էր, ինձ հեռացրեց, քանի որ բացակայել էի հումանիտար առարկաների դասերից: Ես նրան ասացի, որ երկու-երեք օրվա բացթողածը դատարկ բան է, կպարապեմ ու կհանձնեմ: Մարտիկյանը զարմացավ ու ինձ ասաց, դու մարքսիզմ-լենինիզմի դասերը դատարկ բա՞ն ես համարում: Երկու տարով հետ ընկա ուսումից:


«ՍԱՐՅԱՆԸ ԿՈՇԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՄԲՈՂՋ ԹԱՓՈՎ ԽՓՈՒՄ ԷՐ ՀԱՏԱԿԻՆ»


-Պարոն Աթայան, Դուք երկար և բովանդակալից կյանքով եք ապրել և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության տարիներին: Համեմատության ի՞նչ եզրեր կան:
-Հիմա շատ ավելի հետամնաց վիճակում ենք: Միայն մի բան հիշեմ. առաջինը Խորհրդային Միությունում Հայաստանում կազմակերպվեց «Շրջիկ արվեստանոցը»՝ Գաբրիել Գյուրջյանի նախաձեռնությամբ: Փետրվար ամսին պատրաստվում էր «Շրջիկ արվեստանոցի» գործունեության ծրագիրը, նկարիչները ծանոթանում էին և ընտրում իրենց համար նպատակահարմար վայրն ու ժամանակը: Ավտոբուս էր տրամադրվում և ապրելու որևէ վայր, հյուրանոց կամ այլ մի բան: Ամենասկզբում ապրում էինք վրաններում, որոնք փայտե տախտակամածի վրա էինք ձգել: Սարյանն ապրում էր վրաններից մեկում, երկու նկարչի հետ: Մի օր առավոտ շուտ մեկ էլ տեսնենք նա հանել է կոշիկներից մեկը և ամբողջ թափով խփում է վրանի հատակին: Նկարիչները քնից վեր են թռչում և սարսափահար հարցնում Սարյանին, թե՝ ի՞նչ է պատահել, վարպետ: Վարպետը պատասխանում է, թե էսպիսի բա՞ն կլինի, յոթանասուն տարի մարդ կարո՞ղ է ամեն օր կոշիկ հանել ու հագնել: Բայց եղելությունը այլ էր. առավոտ ծեգին Սարյանը սովորության համաձայն արթնացել էր և լճափին երկու հիանալի էտյուդ էր նկարել մակույկներով: Հետ էր դարձել և, տեսնելով վրանում անհոգ քնած և բարձր խռմփացնող նկարիչներին, որոշել էր այդպես նրանց քնից հանել: Հիանալի ժամանակներ էին, տարբեր սերնդի նկարիչներ էին մասնակցում «Շրջիկի» ուղևորություններին, Սարյանը՝ շատ հաճախ: «Շրջիկ արվեստանոցը» շուրջ մեկ ամիս էր շրջում Հայաստանով մեկ: Անկախության շրջանում ես հաճախ եմ մասնակցել պլեներների, որոնք կազմակերպում են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Փյունիկ» հիմնադրամը և Հայաստանի նկարիչների միությունը: Եղել ենք Շիրակում, Ապարանում, Սյունիքում և Դեբեդի հովտում, «Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում: Ինչո՞վ են հետաքրքիր պլեներները. ծանոթանում ես երկրիդ հետ, մարդկանց հետ: Հայաստանը շատ է բազմազան, դա տեսնել և նկարել է պետք:
-Ի՞նչ կյանքով է ապրում այսօր նկարիչը մեր գերազատական հասարակարգում:
-Ապրում է նկարչի կյանքով, պետությունից անկախ: Խորհրդային շրջանում տարեկան մեկ հանրապետական ցուցահանդես էր կազմակերպվում նկարիչների միությունում, պետությունը յուրաքանչյուր մասնակցից մեկ նկար էր գնում, գումարներ տրամադրելով ՀՆՄ գեղարվեստի ֆոնդին: Այսօր մասնակցում ենք ցուցահանդեսներին, որ մարդկանց հանդիպենք, նոր գործեր տեսնենք, մեր աշխատանքը ներկայացնենք:
Ժամանակին երեք սալոն կար Երևանում, որտեղ մեր նկարներն էին վաճառվում: Անկախացումից հետո դրանք անհետացան:
-Ձեր արվեստանոցում երեք ոճի նկարներ եմ տեսնում՝ բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ: Առհասարակ, ինչպե՞ս եք նկարում, ի՞նչ նախընտրությամբ:
-Ինչ սիրտս է կամենում: Ահա այս նատյուրմորտը՝ բողկերով: Շուկայից կարմիր բողկ էինք գնել, վառ գույներով, հավանեցի և նկարեցի: Այն մեկը սերկևիլով եմ նկարել, մյուսը՝ խնձորով:
-Նկարից դժվարությա՞մբ եք բաժանվում:
-Որոշ նկարներ շատ բարձր գնով անգամ չեմ վաճառի: Դրանք միշտ ինձ հետ են: Հիմա երբեմն մտածում է նկարիչը` միտք ունի՞ նկարել: Բայց դե, նկարում ենք, ստեղծագործում ենք, քանի որ դա է մեր առաքելությունն այս կյանքում:

«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄԸ ԳԱՅՖԵՃՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ»


-Յուրաքանչյուր նկարիչ ունի իր գնահատելի դասականները: Ձեզ համար ովքե՞ր են առանձնանում:
-Հոլանդացիներից՝ Վեյմեերը, Վան Գոգը, Ռեմբրանդը, ֆրանսիական կերպարվեստից՝ Դեգան, Կորոն, որոնք իմ հեռակա ընկեր-տղերքն են: Չէ՞ որ մեզ միավորում է կերպարվեստը:
-Նկարիչների միջավայրում շատ ուշագրավ դեպքերի մասին եմ հաճախ լսել: Ի՞նչ կարող եք մեզ ներկայացնել:
-Մի պատմություն միտքս եկավ: Ցուցահանդեսներից մեկը քննարկելիս Մարտիկյանը վեր կացավ և հանկարծ զարմանալի մի բան ասաց. «Ի՞նչ է նշանակում իմպրեսիոնիզմը Վահրամ Գայֆեճյանի արվեստում»: Եվ հեռացավ: Վահրամ Գայֆեճյանն էլ կիրթ ու ինտելիգենտ անձնավորություն էր, շատ զարմացավ, տխրեց, բայց ոչինչ չասաց: Ես նրան միշտ տուն էի ճանապարհում: Այդ օրը ճանապարհին մի բան պատմեցի Եղիշե Մարտիկյանի մասին: Ես քննություն պիտի հանձնեի: Եվ տեղյակ էի, որ ամեն բան հաջող ընթանա, պետք է նախօրոք խնդրել Մարտիկյանին, որ Սարյանի արվեստի մասին հարցեր չտա: Մտա լսարան և անմիջապես ասացի, ընկեր Մարտիկյան, Ձեր յուրաքանչյուր հարցին կպատասխանեմ, միայն թե Սարյանի մասին հարցեր մի տվեք: Մարտիկյանը, դա լսելով, վերցրեց ստուգարքի գրքույկս, էլ ոչ մի հարց ինձ չտվեց և «5» նշանակեց: Արվեստաբան Մարտիկյանը ոչ մի կերպ չէր ընդունում գեղանկարիչ Սարյանի արվեստը:


Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարները` Հայկ Անանյանի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ