Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խորհուրդ խորին Ապարանում

Խորհուրդ խորին Ապարանում
30.03.2018 | 17:32

Մարտի 24-ին Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն էր Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի ցուցասրահում։ Այն մեկնարկեց գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Եղիպատրուշ գյուղի բնակիչ ՆՎԵՐ ՌՈՄԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ անհատական ցուցահանդեսով` «Մարդկայինն ու Աստվածայինը» խորագրի ներքո։
Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով։ Ելույթ ունեցան բանասեր Արա Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, քաղաքակրթական վերլուծաբան Էդգար Մակարյանը և այլք։ Ցուցահանդեսի հովանավորն էր Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։
Նախ զրույցի հրավիրեցի Ապարան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ։

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄԵՐ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆ Է»


-Կենտրոնը ներկայացրեք մեր թերթի ընթերցողներին։
-Ապարան համայնքի մշակույթի կենտրոնը շահագործման հանձնվեց 2012-ին, մինչ այդ մեր քաղաքում նման կենտրոն երբևէ չի գործել, և այն, ինչ խոսք, մեծ նվեր էր քաղաքին։ Այս շենքը վերակառուցվել է պետական ծրագրի շրջանակում, մինչ այդ չգործող մի անավարտ շինություն էր։
ՈՒնենք գրադարան, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, ցուցասրահ և այլն։ Շաբաթվա բոլոր օրերին այստեղ կյանքը եռում է։ Համայնքի ղեկավարությունը մշտապես այցելում է մշակույթի կենտրոն։ Մենք մշակութային ազգ ենք, հարստություն կուտակելը ժամանակավոր բան է, մնայունը մշակույթն է, ի վերջո, մենք հազարամյակներով գոյատևել ենք հենց մշակույթի շնորհիվ։ Մշակույթի կենտրոնը մեր մնայուն արժեքն է։ Բավական է ասել, որ գրադարանում 70 հազար կտոր գիրք կա։ Ավելացնեմ, որ նույնքան գիրք կա շրջակա համայնքների 10 գրադարաններում, իսկ 2-րդ հարկում արվեստասերների ուշադրությանն է ներկայանում մշտապես գործող ցուցահանդեսը։

«ԵԹԵ ՉՆԿԱՐԵՄ, ՈՒՂՂԱԿԻ ԿՀԻՎԱՆԴԱՆԱՄ»


-Նվեր, ե՞րբ զգացիր, որ նկարիչ ես դառնալու, որ դա է ի վերուստ քեզ շնորհված ու պարտադրված։
-Երբ բանակից զորացրվեցի, և՛ բանասերն էր խոսում իմ մեջ, և՛ նկարիչը. և՛ նկարում էի, և՛ բանաստեղծություններ գրում։ Ընդունվեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սովորեցի մեկ տարի և հեռացա, անկարող էի ենթարկվելու ինչ-ինչ կանոնների։ Մեկ տարի էլ սովորեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և կրկին հեռացա։ Ակադեմիական կրթությունն ինձ համար չէր։ Ինքս սովորեցի այն ամենը, ինչ հնարավոր էր։ Որոշեցի, որ անցնելիք ճանապարհս ինքնուրույն պետք է հաղթահարեմ։
-Ցուցահանդեսի խորագիրը որքան խոստումնալից է, նույնքան էլ պարտավորեցնող է։
-Մտքեր են կուտակվում, ներաշխարհումս ինչ-որ բաներ են ծնվում, և սկսում եմ նկարել։ Թեմաներն ու սյուժեներն ինքնին են գալիս, հետո միաբանվում են ստեղծագործության կառուցվածքի և հորինվածքի հետ։ Սկսվում է ամենակարևորը` նկարելու զարմանալի գործընթացը, երբ կտրվում ես աշխարհից, երբ աշխարհը` իրական և առեղծվածային, բացվում է առջևդ և ի պահ է տրվում կտավին, ժամանակի քննությանը։
-Գործերումդ մի քանի ոճ է նկատելի, այնուամենայնիվ, ո՞ր ուղղության և ոճի կրողն ես։
-Անկեղծ ասած, ես նկարում եմ, և կտավի վրա կարող է հայտ գալ կուբիզմի, սյուրռեալիզմի կամ էլ էքսպրեսիոնիզմի ոճի աշխատանք։ Կարևորը ներքին մղումին չդավաճանելն է։ Երբ ստեղծագործելու պահը հասունանում է` եթե չնկարեմ, ուղղակի կհիվանդանամ, կդառնամ շատ անտանելի մարդ։
-Ցուցահանդեսի ընթացքում խաղաղվու՞մ ես, թե՞ նոր մղումներ են արթնանում։
-Չորս ամիս է չեմ նկարել, Ամանորի տոները, այս ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ինձ զատել էին իմ ներաշխարհից։ Սակայն շուտով կսկսվի մի նոր շրջան, և կշարունակվի իմ ու նկարներիս անվերջ երկխոսությունը։
-Եղիպատրուշ ծննդավայրդ, որն ավելի ճանաչելի է որպես Տանջլու գյուղ, հայ նկարիչների նախընտրելի վայրերից է, շատ է պլեներային, շատ է նկարչական։ Բնության մեջ նկարու՞մ ես։
-Հիմնականում տանն եմ նկարում, քանզի շրջակա բնաշխարհի հետ ձուլված եմ շատ վաղուց։ Իմ բնաշխարհն ավելի շատ տիեզերքն է, աստղացոլք երկինքը, որն առանձնահատուկ է իմ բնօրրանի գլխավերևում։


Զրույցները`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ