Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ազատություն, պաշտպանություն ու առաջընթաց

Ազատություն, պաշտպանություն ու առաջընթաց
10.03.2019 | 13:04

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել «Եվրոպայի քաղաքացիներին», որ հրապարակել են ԵՄ 28 երկրների թերթերը: Նամակը նաև Ելիսեյան պալատի սայթում է: Համաեվրոպական ընտրությունների նախօրեին Ֆրանսիայի նախագահը խոսել է Եվրոպայի գերակայությունների մասին, որ պետք է միավորեն ԵՄ երկրները` «ազատություն, պաշտպանություն և առաջընթաց»: Նամակի պատճառը Էմանուել Մակրոնը բացատրում է իրողությամբ, որ Եվրոպան կարիքի ունի արագ ու վճռական քայլերի: Նրա կարծիքով` երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան դեռ երբեք այդքան վտանգված չի եղել: Բրեկզիտը «Եվրոպայի ճգնաժամի խորհրդանիշ է, որ չկարողացավ ժողովուրդներին պաշտպանել ժամանակակից աշխարհի շոկերից»: Ճգնաժամի պատասխանատու Մակրոնը համարում է քաղաքական գործիչներին, որ մոլորեցնում են մարդկանց` չբացատրելով առաջարկվող միջոցների իրական հետևանքները: Մակրոնը վստահ է, որ այդ խաբեությանը դիամադրելու համար մարդկանց պետք է բացատրել` «Եվրոպան պատմական հաջողություն է», որ կայացավ ավերված մայրցամաքի միավորման մեջ` խաղաղ, բարեկեցիկ և ազատ գոյության միասնական նախագծով: Եվ այդ նախագիծը շարունակում է մեզ պաշտպանել մինչև հիմա` թվային հսկաներից, ֆինանսական կապիտալիզմից: Եվրոպան հազարավոր ամենօրյա նախագծեր են, որ մենք նույնիսկ չենք նկատում` բացատրում է Մակրոնը` կառուցված ճանապարհներ, վերականգնված դպրոցներ, կապ և ինտերնետ: Այդ մանրամասները անճանաչելիորեն փոխել են մայրցամաքը: Եվ այդ ամենն անհնար կլիներ, եթե Եվրոպայի երկրները չմիավորեին իրենց ջանքերը: Ներկա Եվրոպայի գլխավոր սպառնալիքը status quo-ն է, որի պատճառով մարդիկ մոռանում են, որ Եվրոպան նախագիծ է և սկսում են ընդունել պարզապես իբրև ընդհանուր շուկա: Հենց այդ պատճառով կարևոր է ընտրություններից առաջ ևս մեկ անգամ քննարկել եվրոպական նախագիծը և հիշել արժեքների մասին, որ միավորում են Եվրոպան:


Ազատություն
«Եվրոպական մոդելը հիմնվում է մարդու ազատության վրա, այդ թվում` ընտրության ազատության: Այսօր ընտրության ազատությունը Եվրոպայում արտասահմանից միջամտության ու մանիպուլիացիների սպառնալիքի տակ է»` գրում է Մակրոնը: Այդ ազատությունը պահպանելու համար նա առաջարկում է.
-ստեղծել ժողովրդավարության պաշտպանության եվրոպական գործակալություն
-արգելել քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումն արտասահմանից
-եվրոպական մակարդակում պայքարել ինտերնետում ատելության ու բռնության տարածման կոչերի դեմ:


Պաշտպանություն
Հիմնված լինելով հաշտեցման գաղափարի վրա` Եվրոպական միությունը հաշվի չի առել, որ համակեցության ներսում չի կարող պատկանելության զգացում ծագել, եթե չունի սահմաններ, որոնք պետք է պաշտպանել: Իրենց անվտանգ զգալու համար եվրոպացիները պետք է «հավասարեցնեն Շենգենի գոտին», այսինքն` բոլոր երկրների համար սահմանային վերահսկողության և փախստականների ընդունման միատեսակ կանոններ սահմանեն: Մակրոնն առաջարկում է.
-ստեղծել միասնական սահմանապահ ծառայություն և միասնական եվրոպական բյուրո փախստականների գործերով, որ կգործեին բոլորի համար միևնույն կանոններով` նորից ստեղծված ներքին անվտանգության եվրոպական խորհրդի ղեկավարությամբ
-պաշտպանության և անվտանգության եվրոպական պայմանագիր կնքել, որ կգործեր Մեծ Բրիտանիայի հետ դաշինքով
-պաշտպանել ազնիվ մրցակցությունը Եվրոպայում (այսինքն` պայքարել ձեռնարկությունների հետ, որ հակասում են և խախտում են եվրոպական արժեքները, օրինակ, բնապահպանական նորմերով, անձնական տվյալների պաշտպանության հարցով, հարկերի վճարման), տնտեսության պետական հատվածում ու ռազմավարական ոլորտներում հռչակել եվրոպական գերակայության սկզբունքը, որ արդեն անում են ԱՄՆ-ը և Չինաստանը:


Վերադարձնել առաջընթացի ոգին
Առաջընթացի հասնելու համար Եվրոպան պետք է մերձեցման ձգտի, ոչ թե ներքին մրցակցություն ստեղծի` գտնում է Մակրոնը: Մերձեցման ուղիներից մեկը կարող է հիմնվել սոցիալական պաշտպանության միասնական սկզբունքների, օրինակ, Եվրոպայի համար միասնական նվազագույն աշխատավարձի սահմանումը:
Առաջընթացի մյուս ճանապարհը հանուն բնապահպանության պայքարն է, որի համար Մակրոնի կարծիքով անհրաժեշտ է.
-ստեղծել Եվրոպական կլիմատիկ բանկ, որ կֆինանսավորեր բնապահպանական անցումը
-ստեղծել եվրոպական միասնական սանիտարական տեսչություն, որը կհետևեր եվրոպական պարենային ստանդարտների պահպանմանը և կպայքարեր լոբբիստների հետ
-ներմուծել անկախ գիտական փորձաքննություն, որը կգնահատեր այս կամ այն նյութերի վնասակարությունը շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա:
Սակայն առաջընթացը ոչ միայն պաշտպանությունն է անբարեխիղճ մրցակցությունից, այլև իննովացիաների խթանումը Եվրոպայի ներսում: Նախագահ Մակրոնն առաջարկում է ստեղծել իննովացիաների եվրոպական խորհուրդ, որ կունենար ԱՄՆ համարժեք գերատեսչության հետ համադրելի բյուջե: Այս բոլոր բարդ հարցերի քննարկման համար Մակրոնն առաջարկում է մինչև տարեվերջ անցկացնել համաեվրոպական կոնֆերանս` գիտնականների, քաղաքացիական հասարակության, եվրոպական բիզնեսի և կրոնական գործիչների մասնակցությամբ: «Իհարկե, մենք բազում անհամաձայնություններ ունենք, բայց դա կլինի քայլ դեպի առաջընթաց, որ բոլոր դեպքերում ավելի լավ է, քան քարացած Եվրոպան, որտեղ մենք այսօր ապրում ենք»` վստահ է Ֆրանսիայի նախագահը:
RFI


Հ.Գ. Հետաքրքիր է` ինչպե՞ս են արձագանքել ԵՄ 28 երկրներում Ֆրանսիայի նախագահի բաց նամակին: Իհարկե` ամենաստույգ պատասխանը կդառնան համաեվրոպական ընտրությունների արդյունքները, գուցե հենց այդ պատասխանի կանխատեսմամբ է Ֆրանսիայի նախագահն առաջարկում մինչև տարեվերջ համաեվրոպական կոնֆերանս անցկացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ