Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե երեսուն-քառասուն տարի, այլ սկսվել է Անիի անկումից հետո` 1045 թվականին»

«Հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե  երեսուն-քառասուն տարի, այլ սկսվել է Անիի անկումից հետո` 1045 թվականին»
21.06.2013 | 11:31

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, արվեստաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ

-Պարոն Անգալադյան, վերջին շրջանում գրված Ձեր էսսեներում առանձին խոշոր արվեստագետների կենսագրությունն ու ստեղծագործական մոտեցումներն եք վերլուծում` ինչպես միշտ զուգահեռելով դրանք համաշխարհային, համամարդկային անցուդարձերի հետ: «Կազիմիր Մալևիչ. «Սև քառակուսի» - մեծ քրիստոնեական մշակույթի ստվե՞ր, թե՞ ընտանիքի նոր բանաձևի փնտրտուք` «Ծնող Ա» և «Ծնող Բ» էսսեում նկատում եք, որ 20-րդ դարը մարդկության կյանք ներխուժեց այնքան կտրուկ ու անսպասելի, որ ոչ ոք չէր վճռում հետադարձ հայացք ձգել դեպի 19-րդ դար: 20-րդը կոչում եք ռեֆորմիզմի, էքսպերիմենտների, ինտերնացիոնալիզմի գերակայության դարաշրջան: Այսպիսի դարամուտն օրինաչափ էվոլյուցիայի արդյո՞ւնք եք համարում, թե՞ անսպասելի, չնախապատրաստված շրջադարձ մարդկության կյանքում:
-Դա էվոլյուցիոն պրոցես էր, ուղղակի վերջին փուլը շատ անսպասելի էր և ամբողջովին տարբերվող նախորդ 2000 տարիներից: 1700 տարի առաջ էր նման իրավիճակ ստեղծվել, երբ ոչնչացրին անտիկ մշակույթը և սկսեցին ստեղծել պրիմիտիվ քրիստոնեական մշակույթ: Հեթանոսությունը գոյություն ուներ իր ամբողջական մշակույթով, քաղաքական-պետական մեքենայով: Պետք էր դա հոշոտել: Սկզբում խղճի վրա խաղացին, ոգու. մեզ հայտնի են բոլոր այն սրբերը, որոնք նահատակվել են, բայց իրենց կրոնը չեն ուրացել: Իսկ երբ քրիստոնյաները եկան իշխանության, դաժանաբար վարվեցին հեթանոսության և դրա կրողների հետ: Սա նորմալ է: Ժամանակին նույն բանը հեթանոսությունն էր արել: Եկավ պահը, երբ ոչինչ չէր կարելի անել, բացի Քրիստոսի կյանքի որոշակի դրվագները, վարքը գովերգելուց, մեկնաբանելուց: Անտիկ թատրոնը, որ բնության գրկում էր, քրիստոնեության շրջանում տեղափոխվեց տաճարների մեջ: Դրանք պրիմիտիվ շենքեր էին, որ կոչվում էին բազիլիկ: Հետո ի հայտ եկավ եկեղեցական ճարտարապետությունը: Ի՞նչ է նշանակում մշակույթ: Մշակույթը` որպես ամբողջականություն, կարող է ծնվել ու զարգանալ միայն պետության մեջ: Առանց պետության մեխանիզմի անհնար է մշակույթ զարգացնել: Առանձին ձևեր, իհարկե, կարող են գոյություն ունենալ նաև առանց պետության: Ասենք, մի գյուղում ծնվել է տաղանդավոր երեխա, որը ձայն ունի: Նա կերգի, բայց օպերային երգիչ չի կարող դառնալ, որովհետև օպերային երգիչ դառնալու համար պետք է սովորել կա՛մ երաժշտական ակադեմիայում, կա՛մ մասնավոր դասեր ստանալ որևէ պրոֆեսիոնալ երաժշտից: Առանց կրթության, միայն ինքնակրթությամբ` մարդը չի կարող պրոֆեսիոնալ երգիչ դառնալ:

-Այսինքն` պրոֆեսիոնալիզմի ի հայտ գալը քրիստոնեական մշակույթում հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ պետականորեն ընդունվե՞ց քրիստոնեական կրոնը:
-Այո՛: Մինչև 301 թիվը, այսինքն` Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետականորեն ընդունվելու ժամանակաշրջանը, բնականաբար, քրիստոնեական մշակույթ գոյություն չի ունեցել: Մեզնից 13 տարի հետո քրիստոնեություն ընդունեց Հռոմը, որը հետո դարձավ Բյուզանդիա: Փաստորեն, մենք ու Բյուզանդիան սկսեցինք զարգացնել քրիստոնեական մշակույթը: Հետագայում արդեն կային նաև ուրիշ քրիստոնյա երկրներ, բայց նրանց ազգային գեղարվեստական երևակայությունը և միտքը չտվեցին այնպիսի արդյունք, ինչպիսին տվեց փոքրաթիվ ժողովուրդ ունեցող Հայաստան աշխարհը: 301 թվականից մինչև 1045 թվականը` մինչև Անիի անկումը, մենք ազդել ենք համաշխարհային մշակույթի վրա և ազդվել ինքներս` ստեղծելով խոշոր մշակութային արժեքներ: 301 թվականին, քրիստոնեություն ընդունելով, մենք դարձրինք Հայաստանը հզոր ամրոց, որի պատի մեջ պատուհան թողեցինք` աշխարհի հետ շփվելու համար: ՈՒնեինք հզոր պատեր, բայց աշխարհի հետ կապ ունենալու համար բացեցինք պատուհաններ: Մենք գիտենք Թարգմանչաց տոնի մասին: Դա մեծ մշակույթ էր, որ հետո կամաց-կամաց դարձավ արհեստ, քրոնիկա: Բայց սկզբնական էտապում քրիստոնեությունը եղավ ծայրահեղ անհանդուրժող, ոչնչացրեց ամեն ինչ, բոլոր այն արժեքները, որ կային իրենից առաջ:
-Իսկ այդ արժեքները մշակույթի ո՞ր ձևերում էին արտահայտված:
-Այդպիսի արժեքներ, իրոք, կային: Կային ֆանտաստիկ պոեզիա, թատրոն, փիլիսոփայություն, քաղաքական մշակույթ, քաղաքական պատմություն: Մինչև 1045 թիվը մենք զարգանում էինք, իսկ հետագայում, երբ քանդվեց պետությունը, պրոցեսները դանդաղեցին և աստիճանաբար մարեցին: Եթե չկա պետություն, այսինքն` չկա պատվիրատու, ինչպե՞ս կարող է լինել ճարտարապետություն, քաղաքաշինություն: Փոքր-մոքր բաներ կարող են լինել, բայց ոչ` մոնումենտալ երևույթներ: Մինչև 14-15-րդ դարերը մեր եկեղեցական ճարտարապետությունը զարգանում, բարձրանում է և ընդունում այն ձևը, որը մենք օգտագործում ենք մինչև այսօր: Ապա կանգ է առնում այդ զարգացման պրոցեսը և վերսկսվում 19-րդ դարավերջից: Պոեզիայում դադար չի լինում, որովհետև պետությունը կործանվել էր, բայց լեզուն պահպանվում էր: Գուսանական, աշուղական պոեզիան կար` անկախ պետության անկումից: ՈՒ ամեն մի պատմական մեծ ժամանակահատվածի ֆոնին մենք տեսնում ենք, որ Հայաստանից ապամոնտաժվում են մեծ տարածքներ: Նախարարությունները դառնում են մելիքություններ, հետո դրանք էլ են վերանում, ու 20-րդ դար մենք մտնում ենք ընտանիքներով: Ռեալ ազգը արդեն փսորված մի բան էր, ցավոք: Եվ մենք պիտի հստակ գիտակցենք մի կարևոր ճշմարտություն. հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե երեսուն-քառասուն տարի, ինչպես ներկայացվում է պատմական աշխատություններում, այլ սկսվել է Անիի անկումից հետո: Եթե ճիշտ մեկնաբանվի այս ամենը, եթե մենք ունենանք քաղաքական պատմություն, շատ սխալներից այսօր հետ կկանգնենք: Կփայփայենք մեր երկիրը, ցինիկ չենք լինի այնքան, որքան հիմա ենք, չենք թալանի մեր ժողովրդին, հնարավորություն կտանք հարստանալու:
-Դուք հիմա նկարագրում եք հայկական իրականությունը և ընդհանուր առմամբ ուրվագծում այն ուղին, որով ընթացել են հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը: Իսկ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակահատվածում Հայաստանից դուրս` մեծ աշխարհում:
-Մեծ աշխարհում, անշուշտ, ձևավորվում էր նույն քրիստոնեական մշակույթը: 20-րդ դարն ապացուցեց, որ քրիստոնեական արվեստն իշխողն է աշխարհում: Երբ քրիստոնեական արվեստը Բյուզանդիայից տեղափոխվեց Եվրոպայի դաշտ, 13-14-րդ դարերում արդեն կրոնը դարձավ լիբերալ: Որովհետև այն որևէ մրցակից չուներ, իր դեմ ագրեսիայի որևէ դրսևորում չկար: Արվեստագետներին պատվիրվում էին ստեղծագործություններ, որոնք լիբերալիզմի արտահայտություններ էին: Իսկ ի՞նչ էր դա նշանակում: Նշանակում էր աշխարհիկի մուտքը քրիստոնեական մշակույթ` «Ռենեսանս»: Մինչև 13-րդ դար հայտնի էին Ջոտտո դի Բոնդոնեի գործերը. նա Տիրամայր էր նկարում: Իսկ Ռաֆայելն ավելի ուշ ստեղծեց Մադոննայի կերպարը` կիսով չափ աշխարհիկ կերպար: Դա նշանակում է, որ փոխվում, բարելավվում է գեղարվեստական ֆորման` ձևը: Իտալացիներն առաջինն էին այս փոփոխության հարցում, հետո դա նկատվեց գերմանացիների, հյուսիսային ժողովուրդների մեջ: Սկսեցին անդրադառնալ անտիկ շրջանի մշակույթին, կրկնօրինակել այն: Արվեստում եկեղեցական դոկտրինը և աշխարհիկը գտնվում էին 50։50 տոկոսային հարաբերակցության մեջ: Քրիստոնեական արվեստի ունիվերսալ ժամանակահատվածը Վերածնունդն է: Դրանից հետո եկան տարբեր ուղղություններ: Ինչքան մոտենում ենք 20-րդ դարին, այնքան դուրս է մղվում կրոնականը մշակույթից: Իսկ եթե ինչ-որ բան հանում ես, ձևը փոխվում է: ՈՒրեմն պիտի այդ փոխված ձևը լցնես բովանդակությամբ, որն ընկալելի կլինի ու կտարբերվի մյուս դարերի բովանդակությունից: Այդպես կրոնի փոխարեն մուտք է գործում բարոյականությունը, իսկ 19-րդ դարի վերջում ձևը դառնում է բովանդակություն: Դա իմպրեսիոնիստների մոտ երևում է: Բայց դեռ ձևն այն բովանդակությունը չէ, որ մենք տեսնում ենք հետագայում` 20-րդ դարում: Սա միայն սկիզբն է: Անտիկ շրջանը բարձր էր գնահատում մարդու մարմինը: Բայց մարդու մարմինը դիտվում էր իբրև աստվածային լույսի, կատարելության կրող: Վեներայի քանդակին նայելիս ոչ մի տղամարդու մեջ սեքսուալ բնազդներ չեն արթնանում, որովհետև դա կնոջ մարմնի կատարելության, լուսեղենության հանգամանքն է ընդգծում: 20-րդ դարում ևս սկսեցին նշանակություն տալ մարդու մարմնին, բայց այստեղ արդեն կար այլասերության տարրը: 20-րդ դար մտած մարդը վարտիքով քայլում էր հրապարակներում, այն դեպքում, որ մինչ այդ կրունկն անգամ չէին մերկացնում: Մարդիկ ազատագրվել էին բարդույթներից, ցուցադրում էին սեփական մարմինը: 20-րդ դարում քրիստոնեական արվեստի ձևերը ճաք տվեցին: Մարդն իր տեսակով անհանգիստ է, նա անընդհատ քանդում է իր ստեղծածը: 20-րդ դարում նա փնտրտուքի մեջ էր: Կերպարվեստի մեջ հանդես եկան մարդիկ ¥Պաբլո Պիկասոն, Մարտիրոս Սարյանը, Խուան Միրոն, Հենրի Մուրը, ուրիշներ¤, ովքեր ծնվել էին քրիստոնեական արվեստի քայքայման փուլում: Սրանք պիտի հասցնեին հինը բերել-հասցնել նոր ժամանակներ և ասեին, որ չպետք է հրաժարվել արվեստի հիմնական բաղկացուցիչներից: Նրանք իրենց գործով էին դա անում: Մինչև 1934-35 թթ. արվեստը ազգային երևույթ էր, լոկալ: Դրանից հետո հենց Փարիզում` մշակույթի այն ժամանակվա մայրաքաղաքում, ի հայտ եկավ ինտերնացիոնալ արվեստը: Երվանդ Քոչարը, լինելով այնտեղ, դարձավ այդ արվեստի ներկայացուցիչը: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում ինտերնացիոնալ արվեստը: Այն ստեղծագործողների, արվեստագետների խմբավորում էր` էսթետիկական տարբեր կատեգորիաների շուրջ` սյուրռեալիզմ, պոպարտ, աբստրակցիոնիզմ, ինստալյացիա և այլն: Իսկ ավելի ուշ ինտերնացիոնալիզմի երևույթն արվեստում դարձավ գլոբալիզացիայի հիմքը: Գլոբալիզացիան նույն ինտերնացիոնալիզմի արդյունքն է արվեստում:

-Ձեր` «Լուիս Բունյուել. ելարանն այս պարտեզում խոյանում է վեր» էսսեում զուգահեռներ եք տանում դիցաբանական հերոս Իկարի և Լուիս Բունյուելի միջև` գրելով, թե հնարավոր է, որ կյանքը հարկադրված փոխզիջում է, իսկ ստեղծագործությունը` երբեք: Արվեստագետը, ստեղծագործողը ֆիզիկական անձ է, և նրա ֆիզիկական, մտավոր կարողությունների, պահանջների ու երևակայության, ստեղծագործական մտահղացման միջև կարող են անհամապատասխանություններ լինել, ինչպես հենց Իկարի դեպքում: Արդյո՞ք սա չի հանգեցնում փոխզիջման նաև ստեղծագործության մեջ:
-Ո՛չ: Ստեղծագործողը երկու ճանապարհ ունի: Եթե նրա ստեղծագործական երևակայությունը թելադրում է մի բան, իսկ կյանքը, իրականությունը` այլ բան, եթե ստեղծագործողը` որպես մարդ, ուզում է լավ ապրել, բայց իր ստեղծագործությունը` որպես ապրանք, չի տալիս իրեն այդ հնարավորությունը, գնորդ չի ունենում, պահանջարկ չի ունենում, նա ընտրում է երկու ճանապարհներից մեկը: Որո՞նք են այդ ճանապարհները: Մեկն ինքնասպանությունն է: Այդպիսի դեպքեր շատ ենք տեսել ու դեռ կտեսնենք: Մյուսը հիասթափությունն է, դեպրեսիան, հոգեկան խանգարումը: Սա նորմալ է: Եթե մարդը ծնվել է որպես խոշոր երևույթ, չի կարող այլ բան անել, քան այն, ինչին կոչված է: Ես միշտ զարմացել եմ սովորական մասնագիտության տեր մարդկանց վրա: Մարդիկ ի սկզբանե համոզված են, որ իրենք պիտի հենց այդ գործն անեն, օրինակ` հավաքարար աշխատեն: Թեպետ մայրս ասում էր, թե լավ հավաքարար լինելու համար հավաքարար պիտի ծնվես: ՈՒ ասվածն ապացուցելու համար բերում էր մեր հարևանուհու օրինակը: Այդ կինը երգելով էր իր տան մաքրությունն անում, բավականությամբ, իր գործից գոհ: Մայրս էլ էր նույն գործն անում, իհարկե, բայց դժգոհելով, նեղսրտելով: Իսկ արվեստն ամենախաբուսիկն է այս առումով: Արվեստագետը ծնված է, որ ուսումնասիրի ռեալությունը, այն, ինչ կա մեր կյանքում: Իսկ ռեկոնստրուկցիան արվեստում անում է երևակայությունը: Արվեստագետին երազներ են պետք: Մեծ դժբախտություն է ստեղծագործողի համար, երբ ինքը գալիս է աշխարհ մեծ մտքերով, մեծ ցանկություններով և մեծ մեխանիզմով, իսկ ժամանակը նրան թելադրում է այս կամ այն պրոբլեմը: Նա ստիպված է հաշվի նստելու դրա հետ, որովհետև եկել է պրոբլեմ լուծելու: Սա բերում է նոր մոդա, նոր բարոյականություն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ