Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թատրոն` առանց ժամանակակից հայ դրամատուրգիայի

Թատրոն` առանց ժամանակակից հայ դրամատուրգիայի
18.07.2013 | 19:36

«Լևոն Շանթ» թատերգության մրցույթի 1-ին մրցանակը շնորհվել է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին` «Արտավազդ-Շիդար» պիեսի համար:

Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» և Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները արժանացել են Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի խրախուսական մրցանակին:
3-րդ մրցանակին արժանացել է Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակերգություն», 2-րդին` Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» պիեսը:
Մրցույթին մասնակցել է 51 հեղինակ` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Հաղթողներին շնորհվել են դրամական պարգևներ:
Մրցանակաբաշխությանը ներկայացված լավագույն 12 պիեսները կտպագրվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին մրցանակի արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ: Եվս երկու պիես կբեմադրվի մշակույթի նախարարության հովանավորությամբ:
irates.am-ի հարցերին պատասխանում է ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ:

-Ինչի՞ մասին է պիեսը:
-Մովսես Խորենացու Արտավազդի մասին առասպելի և իրական պատմության համաձուլումն է:
-Մերօրյա բեմադրիչներին և հանդիսատեսին Ձեր բարձրացրած թեման, կարծում եք, հետաքրքի՞ր է:
-Կարևորը, որ ինձ հետաքրքիր է, ես դրամատուրգ եմ, որը չի աշխատում կոմերցիայի համար, այլ աշխատում է իր համար և թատրոնի: Եթե ես աշխատեմ այսօրվա հասարակության ճաշակի համար, ինձ արդեն դրամատուրգ չեմ համարի, կհամարեմ սցենարիստ: Որովհետև այսօր թատերական ոլորտը զբաղված է փող աշխատելով և իր մակարդակը իջեցնում է հասարակության ոչ թե միջին մակարդակին, այլ ավելի ցածր:
-Սա նոր խնդիր չէ, կարծում եք` երկա՞ր է ձգվելու այս վիճակը:
-Թատրոններում անհատականությունների պակաս կա, այն անհատականությունների, որոնք կարողանում են ընդդիմանալ կոմերցիայի արշավանքին և իրենց ասածն անել: Այսինքն, ոտքը պինդ դնել գետնին, ասել` ես էլ այսպես պիտի անեմ, ուզում եք` նայեք, չեք ուզում` մի նայեք: Այդ դեպքում փոքրիշատե հավասարակշռություն կստեղծվի իսկական արվեստի և կոմերցիոն արվեստի միջև: Իսկ նման անհատականությունները գնալով պակասում են (երևի դա ժամանակի ախտն է), ինչքան նրանք պակասում են, այնքան կոմերցիան ուժեղանում է, իսկական արվեստը անկում է ապրում: Այսպիսին է իրավիճակը:
-Մեր բեմադրիչները շատ դեպքերում անդրադառնում են դասականներին, և շեշտում են, որ բեմադրելու արժանի ժամանակակից աշխատանքներ չկան:
-Հիմա նույնիսկ դասականին չեն անդրադառնում, բեմադրում են արտասահմանյան թարգմանած մելոդրամաներ, կատակերգային պիեսներ, որոնց համար չեն վճարում ոչ թարգմանիչներին, ոչ դրամատուրգներին: Եթե ժամանակակիցներին բեմադրեն, պիտի վճարեն, դրա գլուխը չունեն: Բացի այդ, դրանք արդեն փորձված պիեսներ են, անցած, սպառված, նույնիսկ պիես կա, որ մի քանի թատրոնում բեմադրվում է:
-Ձեր գործերը, քիչ թե շատ, բեմադրվում են:
-Իմ պիեսները, այո, բեմադրվել են, բայց ես միայն ինձ համար չեմ ասում, ես նկատի ունեմ մեր դրամատուրգիան առհասարակ: Մտածում եմ, որ մեր թատրոնը, առանց ժամանակակից հայ դրամատուրգիայի, չի կարող կայանալ, կլինի ուղղակի թատրոն, որը ոչինչ չի տա հայ մշակույթին, հայ արվեստին, հայ թատրոնին, կլինի միայն իրենց համար: Պետությունն իրենց ֆինանսավորում է, բայց իրենք բեմադրում են միայն ռուսների, ֆրանսիացիների կատակերգությունները, գանձարանը լցնում են, մարդիկ ծիծաղում են, գնում են տուն, բայց թատրոնին դրանից ի՞նչ օգուտ, ես չեմ կարողանում հասկանալ: Այ, սա է խնդիրը:
-«Լևոն Շանթ» թատերգության մրցույթը կարծես փորձում է լրացնել այդ բացը:
-Մրցույթի հիմնական արժանիքն այն է, որ ուշադրության արժանացրեց ժամանակակից դրամատուրգիա:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ