ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուրույն դերը

Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուրույն դերը
12.11.2013 | 12:37

Նոյեմբերի 11-ին Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Ելույթ ունենալով` նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը` աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում: Նա նշել է. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը` իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը»: Նախարարի խոսքով` նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը:
«Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «Այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին: Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը` Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան նշում են, որ կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև: «Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուրույն դերը կրթության բնագավառում, մենք կոչ ենք անում կազմակերպությանը` իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը, հատկապես պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը, հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը: Ավելի քան 30 դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այդ երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին` հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»,- նշել է ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ