ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»

«Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»
15.02.2014 | 11:19

Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գեղանկարիչ, բանաստեղծ, հրապարակախոս Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի շնորհանդեսը:

Բանաստեղծ Հակոբ Սրապյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արևշատ Ավագյանը որպես գեղանկարիչ առանձնահատուկ գույներ, ոճ և ասելիք ունի. «Նույնը պետք է ասվի պոեզիայի մասին. խճանկարային, գունեղ նկարչություն է արդեն պոեզիայի լեզվով: Առանձնահատկությունը սա է, իսկ բանաստեղծությունը նախ և առաջ դառնում է բանաստեղծություն, եթե խոսքը պատկերավոր է: Արևշատի պոեզիան պատկերների պոեզիա է, և պետք է ասեմ, տակավին լրջորեն չգնահատված: Մեզ համար ձեռագիր է դարձել, մարդիկ գնան, նոր սկսենք մեծարել»: Հակոբ Սրապյանը ընգծեց նաև, որ Ա. Ավագյանը որպես բանաստեղծ ըմբոստ տեսակ է, պալատական երգիչ դառնալուց շատ հեռու, ինչը կարևոր է մտավորականի համար:
Համո Սահյանը նրա մասին ասել է. «Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Այս նույն տպավորությունն եմ ստանում Արևշատ Ավագյանի կտավներից. գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է»:
ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ մարտի 19-ին Թբիլիսում տեղի կունենա Ա. Ավագյանի գեղանկարների ցուցահանդեսն ու գրքի շնորհանդեսը. «Ժամանակակից գրողների գործերը 100 հոգի էլ կարդան, ես դա համարում եմ ձեռքբերում: Շատերը մտածում են, պետք է հսկայական թվով բանաստեղծություն կարդացողներ լինեն, բայց եկեք իրար չխաբենք, մեր դասականներին անգամ, Վարուժանին, Մեծարենցին, այնպես չի, որ միլիոնավոր մարդիկ կարդում են: Շատ ու քիչ չասենք: Կան մարդիկ, որ պոեզիա սիրում են»:
ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի կարծիքով` Ա. Ավագյանն այն հեղինակներից է, ովքեր ունեն առեղծվածների, գաղտնիքների հետ առնչվելու ձգտում, նպատակ. «Դա հողի և երկնքի հետ կապն է, որ Չարենցը կասեր` մի երկնային առնչության պատմություն: Երբ Պարույր Սևակին հարցրել են` ինչպե՞ս է ծնվում բանաստեղծությունը, նա ասել է` դա միգամածությունից ծնվող աստղի է նման»:
Գրականագետ Ռոմա Դալլաքյանի կարծիքով` նոր գիրքը մի մնայուն արժեք է հավերժական հայոց գեղարվեստական գրականության և գեղանկարչության խոսքի ու գույնի աշխարհում:
Արևշատ Ավագյանն ավելի քան 20 գրքի հեղինակ է, այդ թվում` Մոսկվայում լույս տեսած գրքերի: Իբրև գեղանկարիչ` անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում: Նրա ձևավորմամբ ու նկարազարդումներով լույս են տեսնում իր և այլոց գրքերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ