Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Առաջին անգամ է անցկացվում օպերային թատրոնի տնօրենի մրցույթ

Առաջին անգամ է անցկացվում օպերային թատրոնի տնօրենի մրցույթ
27.03.2014 | 17:51

Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կունենա նոր տնօրեն: Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` ապրիլի 3-4-ին: Առաջադրվել է ինը թեկնածու` Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, օպերային թատրոնի երգիչ Տիգրան Դավթյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: Մյուս երեք թեկնածուների անուններն անհիմն պատճառաբանություններով գաղտնի են պահվում: Ըստ լուրերի` տնօրենի թափուր պաշտոնի հավանական թեկնածուն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ է հայտարարվել օպերային թատրոնի տնօրենի մրցույթ, ինչը ողջունելի երևույթ է. «Բոլորս մեծ սպասելիքներ ունենք: ՊՈԱԿ-ի օրենքի համաձայն՝ տնօրենը օպերային թատրոնի միակ կառավարիչն է, բնականաբար, նոր տնօրենի գործոնը շատ բան կարող է փոխել այդ թատրոնում»:
Թատերագետը հիշեցրեց, որ 70-80-ական թվականներին մեր օպերային թատրոնը Խորհրդային Միության առաջատար թատրոններից էր: Հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու դասական ժառանգության լավագույն գործերը: Այսօր, նրա խոսքով, օպերայի և բալետի թատրոնը խղճալի վիճակում է: Չկա ռեժիսուրա, խաղացանկը խղճուկ է, բեմադրվում են 4-5 օպերա, 2-3 բալետ: Արտիստներն անգործության են մատնված:
«Օպերային թատրոնում պետք լինեն ներկայացումներ` թե բալետային, թե օպերային,- հավելեց օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ:- Նախագծեր են կյանքի կոչվում, որ կապ չունեն օպերայի թատրոնի հետ: Մենք արտիստներ ենք, մենք պետք է աշխատենք և տարիներ չկորցնենք»: Ստեղծված վիճակը մեկ պատճառաբանություն ունի` փող չկա: Բանախոսներն այլ կարծիքի են, գումար կա, ընդ որում` մեծ գումար, պարզապես նպատակ պետք է ունենալ: Օպերային թատրոնի հույսն ու ապագան արտիստները կապում են Բարսեղ Թումանյանի հետ: «Ժողովի ժամանակ միահամուռ ձեռք են բարձրացրել: Դա ամենալավ ստորագրահավաքն է»,- նշեց երգչուհին: Ըստ Լ. Մութաֆյանի` Բարսեղ Թումանյանն նրանց թեկնածուն չէ. տնօրենը պետք է լինի իշխանություններին մոտ կանգնած մեկը, որ անի այն, ինչ ասում են:
Հավելենք, որ ներկայումս ստորագրահավաք է անցկացվում ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին իր նախկին` օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերականգնելու համար: Հիշեցնենք, որ օպերային թատրոնը 2006-ից հետո գործել է առանց գեղարվեստական ղեկավարի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ