Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ինձ միշտ հետաքրքրում է այն, ինչի մասին մարդը մտածում է, բայց լռում»

«Ինձ միշտ հետաքրքրում է այն, ինչի մասին մարդը մտածում է, բայց լռում»
11.07.2014 | 14:00

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Շքամուտք» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմի պրեմիերան կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում:

-Ծանոթ, ապված ու մեզնից դեռ շատ չհեռացած տարիների մասին պատմող «Շքամուտքը» իր անկեղծությամբ ու ասելիքով անտարբեր չի թողնում ֆիլմը դիտողին: Ի՞նչ էիք զգում ինքներդ ֆիլմը նկարահանելիս և ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ 90-ականներին:
-Երբեք չես կարող նորից զգալ այն, ինչ ապրել ես, որովհետև դա արդեն դարձել է քո էությունը: Իսկ հիշողությունները միշտ ավելի դրական են լինում, քան իրականությունը: Նկարահանումների ժամանակ փորձել եմ առավելագույնս իրատեսորեն պատկերել 90-ականները, իսկ զգացողություններս ավելի շատ նախապատրաստական փուլում էին. մի տեսակ ուրախության ու տխրության արանքում ինչ-որ զգացողություն էր, երբ ժպտում ես, բայց հայացքդ տխուր է: Ֆիլմի գաղափարը ծնվեց այսօրվա մարդկային փոխհարաբերությունների ու հոգեբանական անկման պատճառով, որի արմատները գալիս են հենց 90-ականներից: Փորձեցի անդրադառնալ այն ջերմությանը, որը մեզ ուժ տվեց հաղթահարելու դժվարությունները, և որի կորուստն այսօր ստեղծել է քաոսային վիճակ:
-Ավելի դյուրին է ֆիլմ դարձնել քո՞ ժամանակը, այն, ինչ ապրում ես հիմա, այս պահին, թե՞ այն, ինչ արդեն պատմություն է դարձել:
-Արտադրական առումով, իհարկե, ավելի հեշտ է ժամանակակից ֆիլմ նկարահանելը: Ավելի քիչ խնդիրներ են ծագում նկարչական ձևավորման, հագուստի և ատրիբուտների առումով, իսկ ընդհանրապես, ֆիլմ նկարահանելը բավական բարդ է, անկախ ժամանակաշրջանից ու թեմայից, եթե պրոֆեսիոնալ է արվում:
-Մեր օրերում, կարծում եմ, ռեժիսորի համար հսկա նյութ կա: Եթե ֆիլմ նկարահանեիք մեր օրերի մասին, ի՞նչը կլիներ հիմքում:
-Հիմքում կլիներ մարդու մենակությունը: Ինձ միշտ հետաքրքրում է այն, ինչի մասին մարդը մտածում է, բայց լռում:
-Մեզնից որևէ մեկը չէր ցանկանա վերապրել ոչ վաղ անցյալի մութն ու ցուրտը, պատերազմը, բայց այդ տարիներին ավելի շատ էին լույսը, լավի հույսն ու ջերմությունը, ինչը նկատելի է նաև ֆիլմում: «Շքամուտքը», ինչ-որ առումով, հետադարձ հայացք է: Ըստ Ձեզ` որտե՞ղ թողեցինք լույսերը, մեզ թվո՞ւմ է, թե՞ իսկապես հիմա մութն ու անորոշությունն ավելի շատ են, քան անլույս տարիներին:
-Ֆիլմի հիմքում ընկած է հենց այդ հարցը` որտե՞ղ թողեցինք: ՈՒրախ եմ, որ ֆիլմը դիտելուց հետո այդ հարցն առաջանում է, քանի որ իմ հիմնական խնդիրը հենց դա էր: Կարծում եմ` 90-ականների անցումային շրջանը երկրի պետականության ձևավորման ու անկախության ձեռքբերման փուլն էր, որ, չնայած սոսկալի դժվարություններին, մարդուն ուժ էր տալիս, իսկ մեր օրերում այդ անցումային շրջանը շարունակվում է մարդու նոր տեսակի ձևավորմամբ: 90-ականները սոցիալական ու հոգեբանական բազում խնդիրներ թողեցին, որոնք ստիպում են մարդուն դառնալ ավելի եսասեր, հաշվենկատ, մեկուսի ու անտարբեր:
-Ֆիլմում առանձին կինոպատումներ են, որոնց միացնում են ժամանակաշրջանը, շքամուտքը: Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը: Պատումները գրվել են հենց ֆիլմի՞ համար:
-«Շքամուտքը» բաղկացած է հինգ կինոնովելից, որոնք միացնում են 90-ականները` որպես իրականություն և հետևանք: Կինոնովելներից բաղկացած ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվեց Հովհաննես Թեքգյոզյանի առաջարկած նովելից, որը պատմում է սիրո և ընտանիքների կորստի մասին: Սցենարի մշակման ընթացքում ավելացավ նաև արտագնա աշխատանքի թեման, որը հիմք հանդիսացավ ստեղծելու ևս չորս նովել` 90-ականներից մեր օրեր հասնող մի քանի գլոբալ խնդիրների շուրջ: Նովելները գրվել են հենց ֆիլմի համար, բացառությամբ Հարություն Հարությունյանի նովելի, որի հիմքում հեղինակի գրական ստեղծագործությունն է։ Հինգ պատմություն` ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին, որոնք մեկտեղվել են «Մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ» գաղափարի մեջ:
-Դեպքերը մեր քաղաքի ո՞ր մասում են տեղի ունենում:
-Դեպքերը ծավալվում են հիմնականում քաղաքի կենտրոնում, բացառությամբ մի քանի տեսարանի, որոնք շքամուտքից դուրս են: 90-ականների դրսի տեսարանների համար ստիպված էինք գնալ ծայրամասեր, քանի որ կենտրոնում ոչինչ չի պահպանվել:
-Որպես կանոն, ռեժիսորները նշում են, որ ֆիլմը գլուխ է եկել սուղ միջոցներով, այսինքն, մեծ գումարների դեպքում միշտ էլ կարելի է ավելի՞ լավ ֆիլմ ստանալ: «Շքամուտքի» դեպքում նման խնդիրներ չե՞ն եղել:
-Եթե ֆիլմը հաջողվել է, արդեն կարևոր չէ գումարի չափը, իսկ միջոցների սուղ լինելը արդարացում չէ վատ ֆիլմի համար: Կարևորն այն է, որ նման խնդիրները չազդեն ֆիլմի որակի վրա: Ցավոք, մեր օրերում ֆինանսի չափը դեռ լավ կամ վատ ֆիլմի գրավական չէ: Չեմ կարող ասել, թե մենք ֆինանսական դժվարություններ չենք ունեցել, բայց «Շքամուտքի» արտադրությունն ի սկզբանե պլանավորվել է լոկալ ձևաչափի մեջ, և մասնավոր արտադրող «Արեմակ» ընկերությունը հաղթահարել է իր առջև դրված խնդիրները:
-Հաջորդ ֆիլմն ինչի՞ մասին է լինելու և ե՞րբ է հասնելու հանդիսատեսին:
-«Թափանցիկ տանիքները», որը նույնպես լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, պատմում է կին-տղամարդ հարաբերությունների ու նրանց մենակության մասին: Սցենարի հեղինակը Լիլիթ Արզումանյանն է: «Իլյուզիոն» ընկերությունը, բացի մասնավոր համարտադրողից, այս տարի ստացավ պետական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, որը որոշիչ եղավ ֆիլմի արտադրության համար: Նախատեսում ենք ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնել 2015-ի վերջին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ