ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Շահում է այն նկարիչը, ում արվեստանոցում ճիշտ ընտրություն ես անում»

«Շահում է այն նկարիչը, ում արվեստանոցում ճիշտ ընտրություն ես անում»
02.11.2015 | 18:00

Ամերիկաբնակ բանաստեղծ-արվեստաբան ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ժամանակակից եվրոպական արվեստի գործեր է ներկայացնում իր տնօրինության տակ գտնվող երեք ցուցասրահներում, որտեղ են գտել նաև հայ նկարիչների աշխատանքները: Թամարա Հովհաննիսյանն ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի բոհեմական Քարմել քաղաքում, որը, նրա խոսքով՝ արվեստի «մեքքան» է: Ցուցասրահների այցելուները բարձրաշխարհիկ անձինք են՝ Եվրոպական խորհրդի պաշտոնյաներ, Բրիտանական խորհրդարանի անդամներ, կինոաստղեր և այլն:

Թամարա Հովհաննիսյանն ասաց, որ արտերկիր ոտք դրած նկարիչները, առաջին և ամենահեշտ քայլն եմ համարում արվեստի բիզնեսով զբաղվելն իրենց փոքրիկ, անշուք կացարաններում, բայց ամերիկյան գնորդը, որ տասնյակ հազարներ է վճարում արվեստի գործի համար, երբեք չի գնա այցելության այդ վայրեր և երբեք չի շփվի այն մարդու հետ, ով լեզվի խնդիր ունի. «Յուրաքանչյուր արվեստի գործ չգրված պոեմ է: Դու վաճառում ես, որովհետև կարողանում ես այդ գործի մասին ինչ-որ երազային պատմություն ստեղծել, և որովհետև քեզ վստահում են: Անուններ կան, որ ստվերում են մնացել, և կարծում եմ, եթե մասնագիտական առումով ճիշտ մանևրներ արվի, նրանք կարող են, թեկուզ և ուշացումով, համբավ ձեռք բերել միջազգային ասպարեզում»:
Արվեստաբանը նկատեց, որ արվեստի գործ գնողները նույնքան նրբազգաց են, որքան արվեստ ստեղծող մարդիկ. «Նրանք կարողանում են գնահատել արվեստը ու դու նրանցից շատ բան ես սովորում: Իսկ ընտրությունն ամենակարևորն է: Շահում է այն նկարիչը, ում արվեստանոցում ճիշտ ընտրություն ես անում»:
Կան գնորդներ, որ ուղղակի հարստություն են հավաքում՝ կոլեկցիա, անուններ, բայց մեր հայրենակցուհուն հոգեհարազատ են նրբազգաց գնորդները, որ ոչ թե նկարներ են տուն տանում, այլ մտերիմներ: Հենց նրանց է ներկայացնում հայ արվեստը, որի մեջ կան քաղցր տրտմություն, կարոտ, մաքրության տարրեր, և որի մեջ նաև ինքն իրեն է տեսնում: «Երբ խոսքը հայ արվեստի մասին է, ես որպես գործարար կին չեմ վերաբերվում, այլ հայ մարդ, որ ուզում է ներկայացնել իր ժողովրդի պատմությունը, մշակույթը»,- հավելեց Թամարա Հովհաննիսյանը: «Իսկ կա՞ հետաքրքրություն հայ արվեստի նկատմամբ» հարցին ի պատասխան ասաց. «Այո, կա այն արվեստասերների կողմից, ովքեր վստահում են ինձ, ես շուրջ քսան տարի այդ գործով եմ զբաղվում»:
Թամարա Հովհաննիսյանը Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալակիր է: Եղել է ամերիկյան կոնգրեսի գործարար խորհրդի անդամ: Հանդես է գալիս գրական ուսումնասիրություններով, էսսեներով: Շուտով լույս կտեսնի նկարիչիներին նվիրված նրա էսսեների ժողովածուն: Հեղինակ է հինգ բանաստեղծական գրքի: Նոյեմբերի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Ես կին եմ, ես՝ կղզի» ժողովածուի շնորհանդեսը:
2015-ին սփյուռքի նախարարությունը պարգևել է նրան «Մայրենիի դեսպան» մեդալով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ