Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արտակարգ իրավիճակ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակ ԱԻՆ-ում
11.03.2016 | 00:46

Նախորդ ուրբաթ օրը, մարտի 4-ի կեսգիշերին, Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 11-րդ փողոցում կայանված N տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան 15 մետր սահում է վար, դղրդոցով հարվածում է պատին և հայտնվում փոսում։ Հասկանալի է, որ վարորդը մեղավոր էր, նա մոռացել էր ապահովել իրեն վստահված շարժակազմի անվտանգությունը։ Նրան չի հաջողվում սանձել մոտ 1 տոննա կշռող մեքենան, վերջինիս և պատի առճակատումից լուրջ վնասվածքներ է ստանում և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում և վերադարձ «մարտական» դիրքեր։ Նրան նաև ապսպրենք հետայսու ավելի աչալուրջ լինել իրեն վստահված տեխնիկան շահագործելիս։
Հարվածի դղրդյունից արթնանում է 11-րդ փողոցը։ Ահաբեկված հարևանները, հասկանալի է, նախ դիմում են շտապօգնության ծառայություն։ Բժիշկները պատշաճ ձևով ժամանում են և տարաբախտ վարորդին տեղափոխում հիվանդանոց։ Լուսաբացին մեքենան փոսից հանելու համար օգնության են կանչում ոստիկանությանը և ԱԻՆ ծառայությանը։ ԱԻՆ-ը չի պատասխանում ահազանգին։ Մարդիկ դիմում են ոստիկանությանը։ Ոստիկանները, պաշտոնական պարտականությունների բարձունքի վրա գտնվելով, ժամանում են, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում և, ընդառաջելով մարդկանց ազնիվ մղումին, փորձում են բերման ենթարկել ԱԻՆ-ին։ Այս փրկիչ ծառայության պատասխանը սառը ցնցուղի ազդեցություն է ունենում մարտյան ցուրտ առավոտյան մարդասիրական առաքելություն իրականացնող քաղաքացիների վրա, քանի որ ԱԻՆ-ի մարտիկները հորդորում են հարցը լուծել գեղական կարգով, այսինքն՝ սեփական ուժերով ջախջախված շարժակազմը դուրս բերել փոսից։ Սակայն, եթե բնակիչները կամենում են օգտվել ԱԻՆ-ի մասնագիտական ծառայություններից, ապա կարող են պատվիրել վերամբարձ կռունկ, որի ծառայության սակագինը սկսվում է 750000 դրամից։ ԱԻՆ-ը, ի դեպ, բավականին ժողովրդավարական մարմին է և առաջարկում է հետևյալ այլընտրանքը. եթե բնակիչները կամենում են մեքենան դուրս բերել հատուկ շուքով, ապա կարող են պատվիրել ԱԻՆ տարբերանշաններով նախշազարդված ուղղաթիռ։ ՈՒղղաթիռի մատուցած ծառայության սակագինը սկսվում է 3500 դոլարից։

ՀՀ ԱԻՆ-ը, հարկավ, հույժ անհրաժեշտ ծառայություն է, վերելակներում փակված մարդկանց է արտահանում, կամրջի բազրիքին կանգնած և ինքնասպանության պատրաստ դժբախտներին է դարձի բերում և այսպես շարունակ։ Այս ամենը լայնորեն լուսաբանվում է հանրապետության լրատվամիջոցներով։ Մի խոսքով, ԱԻՆ-ն ամենուր է, աչքի առաջ է և կանգնած է քաղաքացիների թիկունքին։ Այս ծառայությունները, ինչ խոսք անվճար են։ Այսպես է նաև ՌԴ-ում, ուր անգամ ջրհորդանում խցանված կատվին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Իհարկե անվճար։ ՌԴ-ում անվճար են նաև շատ ավելի խոշոր պատահարների կանխարգելման աշխատանքները։ Կեցցե՛ն ՌԴ Ծճհ-ն ու իր ղեկավար Վլադիմիր Անդրեևիչ Պուչկովը։ Մեր ԱԻՆ-ը խրոխտ գեներալ և նախարար Արմեն Հենրիկի Երիցյանի գլխավորությամբ ազատականացրել է արտակարգ իրավիճակները։ Կեցցե՛ք։ Բայց մի թերացում շտկեք, ամենուր հայտարարեք, թե որքան է ձեր մատուցած ծառայության սակագինը։ Օրինակ, եթե չարանենգ մի ագռավաճուտ խցկվել-լռվել է բնակարանիս գազն արտահանող խողովակի մեջ, և ես հնար չունեմ այդ ահաբեկչությունը վերացնելու սեփական ուժերով, ապա, բնականաբար, պետք է դիմեմ ԱԻՆ ծառայությանը, սակայն վաղօրոք տեղեկանալով, թե դրա դիմաց որքան պետք է վճարեմ։ Այնպես որ, սպասենք ՀՀ ԱԻՆ-ի նոր սակագնային պլանի հրապարակմանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Փոսում հայտնված տարաբախտ տաքսին, ի վերջո, դուրս է բերվել էվակուատորի և տախտակների օգնությամբ, հասկանալի է, բնակիչների ուժերով։

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ