ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Արթուր Ադամովի հեղինակած 22 պիեսներից միայն երկուսն են թարգմանվել հայերեն»

«Արթուր Ադամովի հեղինակած 22 պիեսներից միայն երկուսն են թարգմանվել հայերեն»
21.03.2016 | 14:34

«Գոյ» թատրոնում թատերական ընթերցմամբ ներկայացվելու է ֆրանսահայ հայտնի դրամատուրգ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎԻ «Վերագտնում» պիեսը: Մինչ այդ «Համաշխարհային միգրացիոն կազմակերպության» աջակցությամբ «Արտասահմանում վերապատրաստված մասնագետների վերադարձ հայրենիք» ծրագրի շրջանակներում անցկացվում են Ադամովի մասին զեկուցումներ: Ծրագիրն իրականացնում է բեմադրիչ, դերասանուհի, թարգմանիչ և բանասիրական գիտությունների թեկնածու ՍԱԹԷ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«Ծրագիրը նպատակ ունի հայ ընթերցողին ու հանդիսատեսին Արթուր Ադամովի (Ադամյան) թատրոնը ճանաչելի դարձնել: Ազգությամբ հայ այս դրամատուրգը հայտնի և կարևոր երևույթ է ֆրանսիական թատրոնի պատմության մեջ: Բեքեթի, Իոնեսկոյի հետ աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է: Գրել է թատերգություններ, բանաստեղծություններ, ռադիոֆոնիկ պիեսներ: Ադամովի հեղինակած 22 պիեսներից միայն 2-ն են թարգմանվել հայերեն, նրա դրամատուրգիայի մասին խոր ու մանրակրկիտ ուսումնասիրություն մինչ օրս չի իրականացվել»,- մեզ հետ զրույցում ասաց Սաթէ Խաչատրյանը: Խոսելով «Գոյ» թատրոնում ներկայացվող թատերական ընթերցման մասին, ասաց, որ նպատակ ունի այդ կերպ Ադամովին ներկայացնել ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում։

«Հեղինակին ինչպես հարկն է ներկայացնելը ավելի մեծածավալ աշխատանք է ենթադրում: Գործնական ի՞նչ քայլեր կհաջորդեն գիտաժողովին» հարցին ի պատասխան Սաթէ Խաչատրյանն ասա, որ դա կախված է նրանից, թե «Համաշխարհային միգրացիոն կազմակերպության» ծրագիրն ինչ ընթացք կունենա: «Պատրաստում եմ, իհարկե, հոդվածներ գիտական հանդեսների համար, նաև նպատակ ունեմ թարգմանելու նրա 16 լավագույն պիեսները: Այն, ինչ ասում եմ, նպատակ է` առայժմ երազանքի տեսքով»:

Անդրադառնալով` «Տպագիր տեսքով «Վերագտնում» պիեսը կհասնի՞ հայ ընթերցողին» հարցին`ասաց, որ չի բացառում, բայց նպատակ ունի Ադամովի ամբողջական թատրոնը հրատարակելու: Եթե հնարավոր լինի` մի քանի հատորով կամ «Դրամատուրգիա» հանդեսում:
«Վերագտնում» պիեսի թարգմանիչն ու թատերական ընթեցման ռեժիսորը Սաթէ Խաչատրյանն է: Մասնակցում են «Գոյ» թատրոնի դերասանները՝ Էլիզա Մանթաշյանը, Մարինե Պետրոսյանը և Գուրգեն Սարգսյանը, ինչպես նաև Նարեկ Բաղդասարյանը՝ Համազգային պետական թատրոնից։ Փորձերը տևել են 1-2 շաբաթ։ Զեկուցումներին կմասնակցեն թատերական ինստիտուտի ուսանողներ և երիտասարդ դերասաններ Ստեփան Շահինյանը, Հռիփսիմե Շահինյանը և Նարեկ Բաղդասարյանը:
Հավելենք, որ Սաթէ Խաչատրյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական՝ ժամանակակից հայ դրամատուրգիա թեմայով, Սորբոնի համալսարանում` ժամանակակից եվրոպական դրամատուրգիա։ Բազմաթիվ բեմադրություններ է արել Երևանում, Հալեպում, Փարիզում և Լիոնում։ Վերջին տարիներին ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Ադամովի մասին զեկուցումների նախագիծն իրականացվում է «Համաշխարհային միգրացիոն կազմակերպության» աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Գոյ» թատրոնի հետ համատեղ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Դիտվել է՝ 2982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ