Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը եղել է նախագահի նստավայրում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասել է. «Ամենակարևորը՝ ուշադրության կենտրոնում էին ապրիլի 2-5-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը, դրա հետևանքներին, ընթացքին և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»։
Կարևորելով նման հանդիպումները՝ նա նշել է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, առաջնորդներ պարբերաբար այցելում են Ղարաբաղ և հանդիպում երկրի ղեկավարության՝ նախագահի, բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև առաջնագիծ, հանդիպում է ունեցել զինվորականների հետ։ Այսինքն՝ նման հանդիպումները որևէ ձևով արտառոց չեն, ընդհակառակը, կարծում եմ, որ կարևոր են յուրաքանչյուր և քաղաքական գործչի և քաղաքացու և առհասարակ հայի համար», - ասաց Բաբայանը։ Հարցին, թե մինչև Ղարաբաղ գալը, Քոչարյանի հետ կապ եղե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Այո, ինչպես նախագահ Սահակյանը մի քանի անգամ նշել է իր հարցազրույցների ժամանակ, ինքը միշտ հեռախոսակապի մեջ է եղել և Հայաստանի երկրորդ նախագահի, և Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահի հետ, Եթե ամենօրյա չէ, ապա բավականին հաճախակի քննարկում էին իրավիճակը, զարգացումները և այսպիսի մշտական կապ հաստատված է եղել»։