«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Չեխիայի նախագահը Երևանում

Չեխիայի նախագահը Երևանում
09.06.2016 | 08:40

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը: Նախագահի նստավայրում կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:


Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:


Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ: Պետական այցի շրջանակներում նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ ԶԼՄ-ների առջև՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո.


«Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։


Միայն 2014-ից ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։


Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:


Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։


Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, ի միջի այլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:


Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:


Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:


Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։
Շնորհակալություն։

Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ նախագահ Միլոշ Զեմանին»:


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը

«Մեր բանակցություններն ընթանում են երկու ոլորտների շուրջ՝ քաղաքական և տնտեսական: Ինչ վերաբերում է քաղաքական ասպարեզին, կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակներում, երբ դատապարտեցի 1915 թվականի Ցեղասպանությունը, նաև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:
Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են ԵՄ տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:


Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն: Ինչպես Ձեզ հայտնի է, վերջերս այցելել եմ Ադրբեջան, և իմ դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եմ գտնվում: Երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև կոնֆլիկտի օրինակը, երբ այդ երկու երկրները հարյուրամյակներ շարունակ պատերազմում էին միմյանց հետ՝ տալով բազմաթիվ զոհեր: Շնորհիվ երկու անձնավորությունների՝ Կոնրադ Ադենաուերի և Շառլ դը Գոլի, հաջողվեց համաձայնության գալ և վերջ տալ պատերազմին:
Համոզված եմ, որ նախագահ Սարգսյանը և նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, որ կարող են նույն դերը խաղալ, իսկ Գոլի և Ադենաուերի հետ համեմատությունից նրանք պետք է շոյված լինեն:


Այդ է պատճառը, որ անդրադարձա իմ հրավերին՝ ուղղված նախագահ Սարգսյանին և նախագահ Ալիևին՝ հանդիպել չեզոք տարածքում: Հիշեցնեմ, որ այս բանակցությունները վարվել են Չեխիայի Հանրապետության տարածքում դեռևս 2002-2005 թթ. ընկած ժամանակահատվածում:


Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, նշեմ, որ այս ոլորտում չօգտագործված ներուժ կա, առևտրաշրջանառության ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են, այդ իսկ պատճառով ինձ հետ եմ բերել կարևոր անհատ-ձեռներեցների խումբ՝ Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի գլխավորությամբ, ով սովորաբար այսպիսի այցերի չի մասնակցում:
Համաձայնության ենք եկել պարոն նախագահի հետ, որ շատ կարևոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռևս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա ցեմենտի» հարցում: Եվ շատ կարևորում եմ նախագահի այս խոստումը: Միաժամանակ շատ մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին նախագահի հետ թե՜ Պրահայում, և թե՜ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի շատ կարևոր մասնակիցներից է Հայաստանը:


Եվ վերջում պարոն նախագահին և ամբողջ հայ ժողովրդին կուզենայի ցանկանալ մեծ հաջողություններ անկախ պետության կառուցման գործում, որը չի ենթարկվում արտաքին ճնշումներին և ինքնուրույն է կայացնում իր որոշումները:
Շնորհակալություն»։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ