ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:
Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:
Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք և՜ Արցախում, և՜ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների:
Անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա ռազմական ճանապարհ: Կա քաղաքական ճանապարհ:
Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դո՜ւք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք:
Կեցցե՜ ազատ ու անկախ Արցախը:
Կեցցե՜ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: