Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ հանդես գալով Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև: Նախարարը խոսել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, հանգամանալից անդրադարձել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին:
Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նա կանգ է առել 2015 և 2016 թվականներին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:
Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության խորացման, ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական գործակցության զարգացման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։