ՀՀ վարչապետի հրաժարականը հետևեց երկրում քաղաքական ճգնաժամին և բողոքի զանգվածային ակցիաներին՝ եզրակացրել են համաշխարհային լրատվական գործակալությունները՝ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը, որի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 8-ին կառավարության նիստից հետո:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ՀՀ վարչապետն իր հրաժարականի մասին հայտարարել է, ասելով, թե տեղը զիջում է համաձայնության կառավարությանը:
Գործակալության փոխանցմամբ՝ սա սպասելի քայլ էր Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո: Ըստ որում նշվում է, որ վարչապետի հայտարարություններից պարզ չէ, թե ով կղեկավարի կառավարությունը:
Գերմանական dpa գործակալությունը վարչապետի հրաժարականը կապում է երկրում ընդդիմադիր ցույցերի հետ։ Հեղինակները նշում են, որ Աբրահամյանի հավանական հաջորդը կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որը «սերտ կապեր ունի երկրի ղեկավարության հետ»։
Բրիտանական The Independent-ը հիշեցնում է բողոքի վերջին ցույցերը։ «Այս ամառը Երևանում բողոքի ցույցերի թվով 4-րդ ամառն էր։ Իշխանափոխության պահանջը շրջանցեց նախորդ բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումների և հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման դեմ»,- ասված է հոդվածում։
Վարչապետի հրաժարականը տեղի ունեցավ տնտեսության զարգացման տեմպի անկման և բռնության աճի ֆոնին, կարծում է Reuters-ը։ «Փորձագետների կարծիքով` նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր բնույթ կկրի և վերջնականապես կձևավորվի միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից և 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո, երբ տեղի կունենա լիարժեք անցում կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,- նշում է գործակալությունը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել Երևանում հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով՝ գրում է Le Parisien-ը: Հրապարակման համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսին խոստացել էր կտրուկ փոփոխություններ և ազգային վստահության կառավարության ստեղծում, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված 20 զինված անձինք հանձնվեցին: