«Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:
Նա հիշեցրել է, որ ապրիլին, 1994 թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: «Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշքեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով»,- ասել է նա: ՀՀ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուսաստանյան կողմին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ ձեռնարկում է հնարավոր քայլեր ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ:
«Դա, նախ և առաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 - 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար», - նշել է Ս. Սարգսյանը: