Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք՝ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում, ներկայացնելով նոր նախարար Աշոտ Մանուկյանին, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:
«Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»:
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: