Մինչև մյուս շաբաթվա վերջ կունենանք նոր կառավարություն` ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով նորանշանակ նախարարների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նոր նախարարների հաջողած աշխատանքը կնշանակի, որ Հայաստանն էլ հաջողել է:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը «գողության մասին», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չպետք է մեկնաբանի վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն: Միաժամանակ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թերություններ կան, ավելին՝ աղմկահարույց դեպքեր էլ եղել են: «Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարությունը: Մենք՝ ՀՀԿ-ականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք՝ և թերությունների, և ձեռքբերումների համար: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որ վարչապետ Կարապետյանը հաջողի, նրա կաբինետն ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նշանակվել են այդ բարձր պաշտոնին»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Լրագրողների հարցին՝ գործող իշխանությունը ունա՞կ է գողանալու, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել»: Խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրեց, որ ինքը բոլոր աննորմալ երևույթներին վատ է վերաբերվում:
«Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ: Դատավորը վերևն է, դատախազի ֆունկցիա ինձ վրա վերցնել չեմ կարող, ավելին՝ ինձ վրա դատավորի զգեստ չկա: Յուրաքանչյուրը, ինձնից սկսած, մեր աչքի գերանը տեսնենք ու գնանք առաջ»,- շեշտեց Է. Շարմազանովը: