ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2016 | 15:24

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։


«Պարոն նախագահ,
գլխավոր քարտուղար,
տիկնայք և պարոնայք,


Կցանկանայի շնորհավորել և հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնին և շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին: Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև մեր բարձր գնահատանքն արտահայտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ իր հմուտ առաջնորդության համար:


Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր Անկախության 25-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ:


Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այնուամենայնիվ, դեռևս առկա են մարտահրավերներ: Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014-2025 թվականների համար Հայաստանի Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում: Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը: Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ:
Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Այն ողջունվեց միջազգային կառույցների կողմից:


ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում:
Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով:


Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: ՈՒստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին:


ՀՀ կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեք արձագանքելու համար: Այս առումով կարևոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի ընդունած փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի Հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը:
Ցանկանում ենք ընդգծել ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով:


Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր:
Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016-ին լրանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:


Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը: Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի և նրա լիազորած խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը՝ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»: Անշուշտ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ:


Այս տարի լրանում է Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50-ամյակը և Զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը: Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: Ինչպես հայտնի է՝ ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը և ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից: Ինչպես իրավացիորեն նշում է ՄԱԿ-ի՝ ժողովրդավարական և միջազգային արդար աշխարհակարգի աջակցման հարցերով փորձագետը՝ ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության աղբյուր ընկալելու փոխարեն, ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտարկել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք:


Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ:


Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են:


Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների գլխավոր նպատակը: Նախ և առաջ, հրամայական է այս գագաթնաժողովների ընթացքում արձանագրված և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ. հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
Ի հեճուկս այս ամենի, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն:


Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների ներկայացրած առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:


Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»-ում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը:
«2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը:


Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի առանցքային դերը նոր և համընդգրկուն օրակարգի իրականացման գործում: Մենք չենք թերագնահատում մեր առջև կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները: Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսևորվի այնպիսի տեսլական և մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի Կազմակերպության և դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար:
Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին»:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ