ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծել, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։ Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։