Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները և նշել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրի և ներդրումների բնագավառներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար և այդ համատեքստում առանձնակի կարևորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը:
Հանդիպմանը ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ:
Այսօր ՀՀ վարչապետն ընդունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Իվան Վոլինկինը շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ: Դեսպանը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի: