Ողջունելով Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի և ամերիկյան առաջատար «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ երկրորդ անգամ Հայաստանում գտնվող ԱՄՆ բազմափորձ բժիշկներին` մարդասիրական իրենց առաքելության համար։
Պերճ Ապգարյանը ներկայացրեց խմբի բոլոր անդամներին` վիրաբույժ, մանկաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլ փորձառու մասնագետներ։ Նրանք մեր երկիր են ժամանել` նպատակ ունենալով գործընկերներին փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:
Պերճ Ապգարյանը շեշտեց, որ բժիշկների մի մասը թեև ազգությամբ հայ չեն, սակայն ճանաչելով մեր երկիրն ու հայ ժողովրդին` ուխտ են արել շարունակել մարդասիրական իրենց աջակցությունը։
Պատվիրակության անդամներից ոմանք ամբողջ խմբի անունից իրենց պատրաստակամությունը հայտնեցին այցի շրջանակում հնարավորինս օգտակար լինել Հայաստանի առողջապահական համակարգին և հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմանը։
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները վաղվանից հանրապետության մի շարք մարզերում կսկսեն կրթական և բուժական իրենց գործունեությունը։
«Մենք մշտապես զգացել ենք ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը մեր այս ծրագրի հանդեպ։ Դա մեզ ոգեշնչում է»,-ասաց Պերճ Ապգարյանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչ ծրագրի ավարտը ևս մեկ անգամ հանդիպել և անդրադառնալ տարբեր ուղղություններով հետագա ծրագրերի տեսլականին։
Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում բժշկական տարբեր ծառայություններ կտրամադրեն, ինչպես նաև «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսի գլխավորությամբ վիրահատություններ կկատարեն, որոնցից անվճար կարող են օգտվել Նոյեմբերյան քաղաքի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքների բնակիչները։