ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված իրականացվող քաղաքականության գործում:
«Անկասկած, եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ են տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում:
Վստահ եմ, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և մեր պարբերական հանդիպումներն այսուհետ ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում: ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեությունը, ԱՊՀ-ի ադապտացիան, ՀԱՊԿ համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության:
ՈՒրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում», - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: