Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ
14.10.2016 | 00:45

Այսօր Արցախի մասին խոսակցությունը ես կսկսեմ... Հալեպից: Թող սա ոչ ոքի չզարմացնի: Իմ տեսակետը հայտնի է. համարել և համարում եմ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի վերջին բոլոր սրումները՝ սկսած 2012 թվականից, կապված են եղել հենց Սիրիայում, մասնավորապես, բազմաչարչար Հալեպում իրադրության զարգացման հետ:

Եվ այսպես, 2016 թ. հոկտեմբերի 8-ին Հալեպի քրիստոնյա աշխարհազորայինները (իսկ նրանք 90-95 տոկոսով մեր հայրենակից սիրիահայերն են) աշխարհով մեկ հայտարարեցին, որ սիրիական բանակի ու քաղաքային աշխարհազորի առաջապահ ջոկատները ազատագրել են Հուվեյջայի շրջանը և վերահսկողության տակ առել Ջանդուլի օկրուգային ավտոմայրուղու մի հատված: «Մենք հյուսիսից ընդհուպ մոտեցել ենք արևելյան թաղամասերին»,- հայտարարում են Հալեպի աշխարհազորայինները: Նրանց տվյալների համաձայն, Հուվեյջայի գրավումից հետո հնարավոր դարձավ շարունակել հարձակումը ահաբեկիչների զավթած Բուստան-ալ-Բաշա թաղամասի վրա: ՈՒզում եմ հիշեցնել, որ Հալեպի հյուսիսում առաջխաղացումն սկսվեց պաղեստինցի փախստականների Հանդարաթի ճամբարի ազատագրումից: Այնուհետև ազատագրվեցին Քինդի հիվանդանոցը (ամենախոշորը Մերձավոր Արևելքում) և Հալեպի մերձակա Շքեյֆի շրջանը:


Նկատենք, որ աշխարհազորի հաղորդագրություններում հիշատակումներ չկան Հալեպում քրիստոնյաների միատեղ բնակության միջնաբերդի՝ հինավուրց պատմական Ժդեյդեի շրջանի մասին: Չկան, որովհետև քրիստոնեաբնակ շրջանն այդպես էլ չի հանձնվել իսլամիստներին, թեև ամբողջ 4 տարի հենց Ժդեյդեով է հաճախ անցել ճակատային գիծը: Բեյթ Ղազալեն Հալեպի ամենահայտնի ու հին շենքերից է, 17-րդ դարի առանձնատուն, որ հարդարել է հայ քանդակագործ Խաչատուր Բալին՝ 1691 թվականին: Այստեղ էլ գտնվել է հայկական դպրոցը, այն նույն դպրոցը, որի վրա իրենց մաղձը թափեցին «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի ահաբեկիչները, թեև, ես համոզված եմ, իրենց գազանություններով հետ չէին մնում նաև, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» զինյալները: Իսկ յուրօրինակ «հայկական թաղամասը» Ժդեյդեի ներսում դարերի ընթացքում տարածվեց Սալիբե փողոցի մեր հայկական եկեղեցու՝ Քառասուն նահատակաց տաճարի շուրջը, որի մասին առաջին վկայությունները գալիս են 1476 թվականից: Այստեղ էլ են ներխուժել սրիկա ահաբեկիչները, տեղեկություններ էին տարածվել, որ մի անգամ նրանց հաջողվել էր նաև պղծել եկեղեցին: Պատերազմը հանգեցրել է այն բանին, որ շատ քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, հեռացել են Ժդեյդեից, բայց թաղամասը ոչ մի օր չի հանձնվել իսլամիստներին: Չէ՞ որ Սիրիայի թե՛ հայկական, թե՛ արաբական աղբյուրները տարիներ շարունակ հայտարարել են, որ այնտեղ, ուր պաշտպանության են կանգնած հայերը, արմատականները առաջ շարժվել չեն կարողանում, որ հայերը միայն ամենածայրահեղ դեպքերում են ընկրկում:

Սակայն չենք նսեմացնի նաև քրիստոնեական մյուս աշխարհազորերի (ասորական, նույնիսկ հունական) դերը: Իրականում Ժդեյդե թաղամասը մշակույթների ու դավանանքների մի հարուստ բազմազանություն է՝ հայ առաքելական, սիրիական ուղղափառ, հունական ուղղափառ, ասորա-խալդական ուղղափառ, մարոնական, կաթոլիկ և այլն: Եվ արդեն առնվազն 2012 թ. վերջերից հայտնի է, որ Հալեպի հայերից հետո զենք են վերցրել նաև մյուս քրիստոնյաները: Չեմ թաքցնի՝ քրիստոնյա աշխարհազորայինները երկար ժամանակ համագործակցել են Հալեպի քրդական Շեյխ Մաքսուդ թաղամասի քուրդ աշխարհազորայինների հետ:


Ճիշտ է, քրդերն անհուսալի դաշնակիցներ են, և մենք արդեն տեղեկացրել ենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Շեյխ Մաքսուդի քրդական աշխարհազորը գնաց դավաճանության ուղիով` Հասեկեի իրադարձություններից հետո շրջափակելով Կաստելլոյի մայրուղին, խոչընդոտելով կառավարական զինված ուժերի ու քրիստոնյա աշխարհազորայինների համար կատարվող մատակարարումներին Հալեպի արևմտյան մասում: Իսկ երբ ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ Հարաքաթ Նուր-ադ-Դին Զենգին, մատակարարման միջանցք բացեց Շեյխ Մաքսուդի քրդերի համար, պարզ դարձավ, որ զուտ սեփական նպատակներին հասնելու համար քրդերը չեն խորշում համագործակցելուց իսլամիստների հետ: Սակայն թուրքերի ներխուժումը Հյուսիսային Սիրիա քրդերին էլ է ստիպել վերադառնալու սիրիական բանակի, քրիստոնյա աշխարհազորայինների և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության շիա կամավորականների և պաղեստինյան «Ալ-Քուդս» խմբի հետ համագործակցության հուն, որոնց գործողությունների շնորհիվ Հալեպի ճակատամարտը սկսում է տրամաբանական ավարտին մոտենալ՝ քաղաքը մաքրվում է ահաբեկիչներից: Համենայն դեպս, հոկտեմբերի 8-ին, սիրիական և ռուսական զինվորականների հաղորդումների համաձայն, Սիրիայի բանակն ու Հալեպի աշխարհազորայինները վերականգնել են իրենց դիրքերը Կաստելլոյի մայրուղում: Իսլամիստ ահաբեկիչները, այսպես ասած, «կաթսայում» են, և մենք գիտենք, որ «կաթսայում» են նաև զինված ուժերի և հատուկ ծառայությունների մեծ թվով «հրահանգիչներ» ու «խորհրդականներ» Արևմուտքի երկրներից՝ գլխավորապես ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Կատարից և «արևմտյան կոալիցիայի» այլ երկրներից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին «արևմտյան համակարգողների» ու «չափավոր ընդդիմության» հրահանգիչների, իսկ իրականում հենց Հալեպի շրջանի ահաբեկիչների տեղաբաշխման վայրերին Միջերկրական ծովի ջրատարածքից «ԽՈսՌոՐ-ծԽ» թևավոր հրթիռներով ռուսական նավատորմի հարվածների հետևանքով ոչնչացվեց վերոհիշյալ պետությունների հետախուզական ծառայությունների 30-ից ավելի սպա: Եվ զուր չէ, որ հոկտեմբերի 8-ին «որոշ ուժեր» շարժական ԶՀՀ-ով վերստին հրթիռակոծեցին ռուսական ևս մեկ Mu-8 ուղղաթիռ, որը մարդասիրական օգնություն էր փոխադրում, ճիշտ է, ոչ թե Հալեպ, այլ Համայի նահանգ: Թե այդ ինչ «որոշ ուժեր» են, կարծում եմ՝ քաջ հայտնի է. կեղտոտ աշխատանքը ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ու նրանց դաշնակիցները միշտ էլ հանձնարարում են կամ «ԻՊ»-ին, կամ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին, կամ էլ մի երրորդ խմբավորում ներկայացնող անձանց: Այս անգամ, ի տարբերություն օգոստոսի 1-ի համանման գործողության, ռուսական մարդասիրական ուղղաթիռը չխփվեց. օդաչուները կարողացան խույս տալ հրթիռներից:


Ինչի՞ համար է նման նախաբանը, կհարցնի ընթերցողը, եթե խոսքը Արցախին է վերաբերելու: Նախ, որ բոլորս հասկանանք, թե որքանով ամերիկացիների խոսքը գործից չի տարբերվում: Զգուշացնում էր, չէ՞, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ, ծովակալ Ջոն Քիրբին, թե, իբր, քանի որ ռուսները Սիրիայում զիջումների չեն գնում, ապա նոր գրոհներ կլինեն ռուսական ավիացիայի վրա, կլինեն «սպանվածների ոսկորներով լցված պարկեր» և այլն: Խնդրեմ, վերսկսել են կրակոցները ռուսական ինքնաթիռների վրա, այն էլ՝ մարդասիրական առաքելություն իրականացնող: Դա հասկանալի է, մարտական ինքնաթիռների գնդակոծումը իրենց վրա թանկ կնստի, ի պատասխան կհետևի մահաբեր փոթորիկ, ինքնաթիռների մասին էլ ավելորդ է խոսել: Օրինակ, սիրիական բանակի և աշխարհազորայինների շատ հաջողություններ Հալեպում կապված են այն բանի հետ, որ հենց ի հայտ էին գալիս ահաբեկիչների կուտակումներ, և հասկանալի էր դառնում նրանց հակահարձակման մտադրությունը, անմիջապես գործի էին անցնում ռուս և սիրիացի մարտական օդաչուները: Երկրորդ՝ երևի քչերն են նկատել, որ ԱՄՆ-ը ուժեղացրեց ճնշումը Ռուսաստանի և Իրանի վրա, պահանջելով Հալեպում դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ իսլամիստների, հենց այն բանից հետո, երբ ապրիլին ադրբեջանցիները Արցախում փորձեցին վերսկսել լայնամասշտաբ պատերազմը:

Անհնար է, իհարկե, մեկ հոդվածում ներկայացնել բոլոր նրբերանգները, բայց կարևոր է այն, որ Արցախում ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ռուսաստանն ու Իրանը հիմնական ուշադրությունը կենտրոնացրին Սիրիայի հարցում Թուրքիային չեզոքացնելու վրա, իսկ դա երբեմն հանգեցնում էր ամենատարօրինակ դրսևորումների, օրինակ, Թուրքիայի կառավարության կազմից «ԱՄՆ-ի մարդու»՝ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկմանը: Երրորդ՝ Հալեպում Ռուսաստանի ու Սիրիայի ավիացիայի գործողությունների հետ են կապված հենց Հայաստանի ամերիկամետ ուժերի փորձերը՝ քարոզչական աշխատանք ծավալելու ընդդեմ Ռուսաստանի, թե, իբր, «ռուսները ռմբակոծել են հայկական թաղամասը», և կան զոհեր ու վիրավորներ: Ցանկացած ընթերցող կարող էր տեսնել վերը բերված տեղեկանքից, և հատկապես Հալեպի քրիստոնեական աշխարհազորից ստացված և ոչ թե սիրիական բանակի շտաբից, որ ռազմական գործողություններն ընթացել են Հալեպի որ թաղամասում ասես, բայց միայն ոչ քրիստոնեական Ժդեյդեում: Այսինքն, այն, ինչ մեր ամերիկամետ գործիչները ներկայացնում են որպես «ռուսական ռմբակոծություն», իրականում եղել է գնդակոծություն ցամաքից: Ճիշտ նույն կերպ, քրիստոնեական թաղամասի գնդակոծություններից մեկ շաբաթ-տասն օր առաջ դարձյալ «որոշ ուժեր» ցամաքից հրետակոծեցին ՄԱԿ-ի մարդասիրական շարասյունը, որն ուղևորվում էր Հալեպից հյուսիս ընկած շրջաններից մեկը: Այն ժամանակ էլ ամերիկացիներն ուղղակիորեն նետվեցին մեղադրելու Ռուսաստանին՝ «սադրանքների դիմելու համար»: Այս ամենի նպատակն է օգնել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին Սիրիայի երկնքում չարագույժ «անթռիչք գոտու» սահմանման միջոցով Սիրիայում «Լիբիա-2» ծրագրի իրականացման հարցում, ընդ որում` ամերիկացիներն ուզում են, որ դա վերաբերի միայն Սիրիայի ու Ռուսաստանի ռազմական ավիացիային, իսկ «արևմուտքցիներն» ու նրանց արբանյակները թռչեն ու ռմբակոծեն: Ո՞Ւմ: Հասկանալի է նաև առանց ապացույցների, առանց խորամիտ բացատրությունների:


Բայց եթե սիրիական բանակին հաջողվի աշխարհազորայինների, շիա կամավորականների և ռուսական ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) օգնությամբ Հալեպը լրիվ մաքրել ահաբեկիչներից և, այդպիսով, ճանապարհ հարթել դեպի սիրիա-թուրքական սահման, ապա մեր մեջ միանգամայն օրինաչափորեն պետք է երկյուղներ ծնվեն. իսկ եթե հանկարծ ԱՄՆ-ը, ինչպես ապրիլին, նորից որոշի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների ուշադրությունը շեղել Անդրկովկասում մի որևէ սադրանքո՞վ: Ահա, օրինակ, մի երկու օր առաջ Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչները համաշխարհային հանրությանը տեղյակ պահեցին, որ Վրաստանի հետ Ժնևում ընթացող հաշտության բանակցությունները ձախողման եզրին են: Այլ հարց է, որ բոլորը հիանալի հասկանում են՝ հազիվ թե այդտեղ հնարավոր լինի պատերազմ կամ նույնիսկ «քառօրյա բախման» նման մի բան, որովհետև Աբխազիայում պաշտոնապես և օրինականորեն տեղակայված են թե՛ ռուսական ռազմական բազա, թե՛ ռուսական դեսանտային զորքերի հարվածային ստորաբաժանումներ: Այնպես որ, 99,99 տոկոսով բացառված է սահմանադրական կարգի վերականգնման պատրվակով 2008 թ. օգոստոսյան պատերազմի նման վրացական գործողության կրկնությունը՝ լինի Աբխազիայի, թե Հարավային Օսիայի դեմ: Եվ այն ժամանակ նորից մեջտեղում կմնան միայն Արցախը և այն հարցը, թե ինչն է եղել «պատահական» և ինչը՝ ոչ պատահական հենց արցախյան խնդրի կապակցությամբ շահագրգիռ կողմերի բոլոր վերջին հայտարարություններում:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ