Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը

Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը
14.10.2016 | 10:41

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Հայ ժողովուրդն իր ձևավորման առաջին օրվանից կարևորել է մարդկային ռեսուրսն ու կրթությունը: Համալսարանական կրթությունը մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի երևի վերջին 200 տարում, քանի որ պետականությունը կորցրած, ցեղասպանության ենթարկված ժողովրդի համար ամենամեծ, կայուն կապիտալը կրթությունն է: Այս մոտեցումը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում Հայաստանը դարձրեց ամենակրթված տարածքներից մեկը: Անկախության առաջին իսկ տարիներից մեզ համար կարևորվեց մասնագիտական կրթության ոլորտում «բաց դռների» քաղաքականությունը: Այդ ժամանակ էր, որ բացվեց Ամերիկյան համալսարանը, այնուհետև Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, և մենք կարողացանք ձևավորել այն կրթական համակարգը, որն ամբողջությամբ համընկնում է եվրոպական չափանիշներին: Այսօր շատ կարևոր պահ է, քանի որ բրիտանական հեղինակավոր համալսարաններից մեկը բավականին լուրջ ծրագրով իր ներկայությունն է ամրագրում Հայաստանում: Սա կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով, քանի որ այն ձևաչափը, որը կիրառվելու է Հայաստանում, մեզ համար նորություն է: Հույս ունեմ, որ հաջող փորձից հետո կարող ենք առաջարկներ անել միջազգային հեղինակավոր այլ համալսարանների: Համալսարանական անկախ համակարգի առկայությունը լուրջ ազդակ է երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության առումով»:


Իր հերթին Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի նախագահ Յաննիս Վերվերիդիսը, շնորհավորելով ներկաներին, հույս է հայտնել, որ Շեֆֆիլդի համալսարանի մուտքն իր օգտակարությամբ կծառայի Հայաստանի բիզնես կրթության ոլորտի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Երևանում սովորողները եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն կստանան: Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան ողջունել են նաև մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրսը և Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան:


Նշենք, որ համաձայն հուշագրի` Սիթի քոլեջը 2016 ուսումնական տարվանից սկսած՝ ամեն ուսումնական տարվա համար Հայաստանին կրթաթոշակ է տրամադրելու Երևանում իրականացվելիք մասնակի Executive MBA ծրագրի համար: Կրթաթոշակ ստացած անձը Շեֆֆիլդի համալսարանի լիիրավ ուսանող է, ով երկու տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև մեկական ուսումնական շաբաթվա դասընթացներ է անցնելու Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում և Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Միջազգային ֆակուլտետում:
Ծրագրի բոլոր թեկնածուները ստանալու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Master of Business Administration (MBA) աստիճան: Executive MBA ծրագիրն ունի 6 ուղղություն` MBA ընդհանուր կառավարում, MBA մարքեթինգ, MBA Ֆինանսներ, MBA լոգիստիկա, MBA առողջապահության կառավարում, ΜΒΑ մարդկային ռեսուրսների կառավարում: Թեկնածուները միայն մեկ կրթաթոշակի համար կարող են դիմել:


Բրիտանական Շեֆֆիլդի համալսարանն աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է: Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը համալսարանի ակադեմիական ֆակուլտետն է, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ներկայում համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացվում է նաև Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիևում և Սոֆիայում:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ