Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել և հանձնարարականներ տվել Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին:
Ցավակցական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ,
Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով, զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:
Նախագահին զեկուցվել է, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով: