«Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: Ենթադրվում է հանդիպում ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք ուսումնասիրել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»՝ ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ համանախագահները ճշտելու են նաև ռազմական իրադրությունը հակամարտության գոտում:
Հարցին, թե ինչպես է գնահատում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում, սեպտեմբերի 8-ին, և ինչ հստակ առաջարկություններ են քննարկվել, Պոպովն ասել է, որ «ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են իրենց երկրների մոտեցումները կարգավորման հարցերի շուրջ, որոնք արտացոլում են «եռյակի» կոլեկտիվ դիրքորոշումը»:
Ադրբեջանցի լրագրողը հարցրել է «բանակցային գործընթացում յոթ շրջանների վերադարձի մասին» տեղեկություններից: «Մենք բազմիցս ենք արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի թեմայի վերաբերյալ: Այդ խնդիրը պետք է դիտարկել համալիր՝ կարգավորման այլ տարրերի հետ՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողությունների անցկացում: Կարգավորման գործընթացը՝ միասնական փաթեթ է, և ցանկացած փորձ դրանից առանձին տարրեր մասնատելու, որն այս կամ այն կողմը նախընտրում է, անարդյունավետ է»,- ասել է Իգոր Պոպովը: