Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյան. Բարեփոխումները պետք է սկսենք կառավարությունից

Կարեն Կարապետյան. Բարեփոխումները պետք է սկսենք կառավարությունից
20.10.2016 | 15:54

Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից՝ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ելույթում նշել է, որ կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է՝ սահմանված ժամկետներով, հավելելով, որ կներկայացնի միայն որոշ դրույթներ, քանի որ ամբողջական ծրագիրը ներկայացված է։ Վարչապետն ասել է. «ՀՀ կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը։ Այս նպատակները կարեւոր են միշտ եւ ունեն կոնկրետ դրսեւորումներ ցանկացած ժամանակահատվածում: Կառավարության խնդիրն է՝ վեր հանել խոչընդոտները եւ արդյունավետ լուծումներ տալ:


Մենք այս պահին թեւակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերների մոտ՝ սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշվին արագ աճի հնարավորությունները: Այս միջավայրում ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Անհրաժեշտ է խորությամբ վերլուծել եւ վերաիմաստավորել տնտեսական զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսության հաշվառման վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության եւ մրցունակության վերաբերյալ։
Հենց այդ նպատակով այսօր արդեն կառավարության առջեւ դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի եւ տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարեւորագույն խնդիրների առարկայական վերլուծություն եւ առաջարկել թե՛ կարճաժամկետ միջոցառումների, թե՛ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր։ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո ձեւավորելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաեւ Սփյուռքի եւ արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։
Կառավարության առջեւ դրված ռազմավարական խնդիրներից հատկապես ուզում եմ ընդգծել մի քանիսը.


Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության հարցը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է: Մեր երկրի առջեւ ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող եւ արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:
Հավաստիացնում ենք Ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց եւ ջանք՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման եւ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար:
Կարեւորագույն խնդիր է նաեւ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը: Մենք պետք է հետեւողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող, քաղաքական գործընթացների եւ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացնող միջոցառումներ: Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ավելացման, առանց մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության՝ մենք չենք կարող ստեղծել արդար եւ մրցակցային միջավայր, չենք կարող ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք կայուն եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջին խավ շարունակաբար ձեւավորելու եւ փայփայելու համար: Միայն բոլորիս շահագրգիռ եւ միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները:


Կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը: Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից։
Մենք պետք է նոր շունչ հաղորդենք պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերին՝ դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն եւ արդյունավետ: Այդ համակարգերը, ասես, սանիտարական մաքրման ենթարկելով, պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք:
Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է: Սրա մասին շատ է խոսվում: Այստեղ կարեւորը գործերն են եւ միջոցառումները, եւ ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները:
Համակարգերի արդյունավետ գործունեության համար կարեւոր է իրավասությունների հավասարակշռված բաշխումը: Կառավարության կոլեգիալ լիազորություններն անհրաժեշտ են միայն առավել կարեւոր ռազմավարական խնդիրների լուծման համար, իսկ կառավարության անդամները պետք է ունենան իրենց վստահված ոլորտի կառավարման բավարար լիազորություններ եւ դրան համապատասխան հստակ պաշտոնական պատասխանատվություն: Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը բոլոր օղակներում դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ եւ հասցեական: Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչո՛ւ անհրաժեշտ որոշումներ ընդունվում են կամ չեն ընդունվում, ո՛ր օղակում են դրանք ուշանում, ինչպե՛ս կարող ենք կարճ ժամանակում արդյունավետ կերպով լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները:
Տեղական ինքնակառավարման մակարդակում առավել արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար խթանելու ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աջակցելով ընտրված մարմիններին առավելագույն օգտավետությամբ կառավարման տալու կամ օտարելու առեւտրային ներուժ ունեցող գործառույթները մասնավոր կառույցներին՝ ապահովելով դրանց որակն ու մատչելիությունը:


Հնարավորինս անցնելու ենք «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին եւ տնտեսավարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս: Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի ենթարկվեն՝ թե՛ ավելորդ ընթացակարգերն ու օղակները, թե՛ կրկնվող կամ անարդյունավետ իրականացվող գործառույթները բացահայտելու եւ դրանք կրճատելու համար: Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ: Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն:


Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Կարեւոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են: Կարեւոր է, որ, պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան: Սա մշակույթ է, որի ներդրումը ժամանակ կպահանջի, սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից:
Մենք բազմաթիվ ծրագրեր վերանայելու եւ վերաիմաստավորելու կարիք ունենք: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, եւ մենք պետք է վերլուծենք եւ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերենք այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերի նկատմամբ, այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավման արդյունավետությունը:
Պետական եւ օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումների նպատակը պարզ, արդար եւ թափանցիկ գնումների համակարգի ստեղծումն է: Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, գնման գործընթացների հրապարակայնության եւ հասարակական հսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով կառավարությունը կներդնի պետական գնումների միասնական համակարգ։


Այդ ծրագիրն «Էլեկտրոնային Հայաստան» կամ «Էլեկտրոնային կառավարում» մեծ ծրագրի մի մասն է լինելու, որն այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դարձել է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների հրամայականը:
Հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հարկավոր է նաեւ ակտիվ, պաշտոնյայի կաբինետով չսահմանափակված, բազմազան շփումներով հագեցած ամենօրյա աշխատանք իրականացնել՝ աշխատատեղեր ստեղծող տնտեսական զարգացում ապահովելու համար»:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ